20 օգոստոսի 2016
20 օգոստոսի 2016
ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պետական կառավարման համակարգի վերջնական ընտրության հարցում հաշվի է առել ոչ միայն հանձնաժողովի ներսում անցկացված քննարկումների արդյունքներն ու մասնագիտական խորհրդատվությունները, այլ նաեւ քաղաքական ուժերի տեսակետներն ու հանրության մեջ գերիշխող տրամադրությունները:
Հայեցակարգով առաջարկված նախագահական կառավարման մոդելը հնարավորություն է տալիս խուսափել գործադիր իշխանության երկակիությունից. հանրապետության նախագահը քաղաքական պատասխանատվություն է ստանձնում կառավարության գործունեության համար, ինչը, գործող սահմանադրությամբ բացակայում է: Դրան զուգահեռ բարձրացվում է օրենսդիր մարմնի դերակատարությունը, իսկ նախագահ-խորհրդարան փոխհարաբերություններում կգործեն հակակշիռների ու զսպման ավելի արդյունավետ մեխանիզմներ: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ առաջարկված մոդելն, իհարկե, դասակարգվում է որպես ընդգծված նախագահական, բայց դրանում չեն բացառվում եւ´ կիսանախագահական եւ´ խորհրդարանական կառավարման համակարգի տարրեր: Այս սկզբունքը կիրառվել է՝ ելնելով Արցախի Հանրապետության առանձնահատկություններից. բնակչության թվաքանակ, փոքր տարածք, քաղաքական դաշտի կայացվածության աստիճան, «չհայտարարված պատերազմի» իրողություն եւ այլն:
Որեւէ գաղտնիք չկա այն նախապատմության մեջ, որ սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու փուլում մենք առավել հակված էինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ունենալ Հայաստանի Հանրապետությունում արդեն ընդունված խորհրդարանական կառավարման մոդելին համանման համակարգ, քանի որ երկու հայկական հանրապետությունների հանրային-քաղաքական համակարգերը չեն կարող իրարից հեռու լինել: Ապրիլյան պատերազմն, իհարկե, որոշ խմբագրումներ կատարեց սահմանադրական բարեփոխումների մեր տեսլականում, սակայն դա չէր միակ փաստարկը՝ նախագահական կառավարման մոդելին նախապատվություն տալու համար: Կան մի շարք այլ հիմնավորումներ, որոնք չեն կարող հաշվի չառնվել սահմանադրական իրավակարգավորումների ժամանակ. օրինակ, գործադիր իշխանության կայունության կարեւորությունը, խորհրդարանական կայուն մեծամասնության սկզբունքի կիրառման անհնարինությունն Արցախի դեպքում (Ազգային ժողովի պատգամավորների թվաքանակը), սահմանադրական արդարադատության կայացման անհրաժեշտությունը եւ, վերջապես, երկրի առջեւ ծառացած մարտահրավերները:
Արցախի Հանրապետությունը թեեւ այս պահին չունի միջազգային իրավական ճանաչում, այնուամենայնիվ, մենք չենք կարող անտեսել ժամանակակից աշխարհում սահմանադրական փոփոխությունների առաջատար փորձը: Դա բխում է նաեւ մեր երկրի անվտանգության եւ առաջընթացի ապահովման շահերից:
Ինձ համար հասկանալի է, որ հանրային հետաքրքրությունը հիմնականում կենտրոնացել է պետական կառավարման մոդելի շուրջ: Սակայն, առաջարկվող սահմանադրական բարեփոխումները պետք դիտարկել ամբողջության մեջ. պակաս կարեւոր չեն այն փոփոխությունները, որոնք վերաբերում են մարդու եւ քաղաքացու իրավական կարգավիճակի ընդլայնմանն ու ամրապնդմանը, հիմնական իրավունքների ու ազատությունների անմիջական գործողության ապահովմանը, դատական իշխանության ինքնուրույնության բարձրացմանը, տեղական ինքնակառավարման մարմիններին սահմանադրական հստակ կարգավիճակ տալուն, ինչպես նաեւ անմիջական ժողովրդավարության ինստիտուտների կատարելագործմանը:
Հայեցակարգում ներկայացված կառավարման մոդելը որեւէ առնչություն չունի նկարագրված իրավիճակի հետ: Նախագահը, ում կարող է անվստահություն հայտնել խորհրդարանը, չի կարող համարվել «սուպեր նախագահ»: Հանրապետության նախագահը եւ խորհրդարանը կունենան միեւնույն ժողովրդավարական լեգիտիմությունը՝ օժտված նաեւ միմյանց լիազորությունները դադարեցնելու իրավունքով: Այս համակարգը կլինի անհամեմատ կայուն եւ կապահովի արդյունավետ հակակշիռներ, քան գործող սահմանադրության դեպքում է:
Առաջարկվող մոդելով, իհարկե, ուղղակիորեն ընտրված նախագահը կունենա անվիճելի լեգիտիմություն, այնպիսին, ինչպիսին կունենա նաեւ նոր խորհրդարանը: Ընտրությունները կլինեն միեւնույն օրը, իսկ նախագահի թեկնածու կարող են առաջադրել միայն խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները: Նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն, մեծ հավանականությամբ, երկրորդ ուժը կլինի նաեւ խորհրդարանում: Այս սկզբունքները թույլ կտան խուսափել փակուղային իրավիճակներից եւ ապահովել ներքաղաքական կյանքի կայունությունը: