ԼՈՒՐԵՐ
Արցախի օմբուդսմենի դասախոսությունը Երիտասարդական խորհրդարանում
19 հուլիսի 2016

Հուլիսի 19-ին Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի անդամները հանդիպել են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

«Մարդու իրավունքները՝ որպես ժամանակակից քաղաքակրթության անկյունաքար» թեմայով դասախոսության համատեքստում օմբուդսմենը երիտասարդական խորհրդարանի անդամներին ներկայացրել է մարդու իրավունքների գաղափարախոսության զարգացման պատմությունը եւ դրանց ընկալման առանձնահատկություններն արդի արագ փոփոխվող աշխարհում: Անդրադառնալով  «մարդու իրավունք» հասկացության՝ որպես հաղթաթուղթ ներկայացնելու խնդրին՝ Ռուբեն Մելիքյանը կարեւորել է իրավունքների հավասարակշռման մեխանիզմների կիրառումն ու դրա գործիքակազմի ճիշտ ընտրությունը:

Հանդիպման ավարտին երիտասարդական խորհրդարանի անդամները հարցադրումներ են արել օմբուդսմենին՝ կապված ՄԻՊ ինստիտուտի գործունեության, քաղաքացիների՝ իրենց իրավունքների ու ազատությունների վերաբերյալ իրազեկվածության, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատություններում սահմանադրական իրավունք առարկայի առավել համարժեք ուսումնասիրության եւ հասարակության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ:

ԼՈՒՐԵՐ