ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ֆրանսուա Ռոշբլուանին
14 հուլիսի 2016

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Ղարաբաղ - Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը հուլիսի 14-ին Ազգային տոնի առթիվ  շնորհավորական նամակ է ուղարկել Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա - Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:

Նամակում մասնավորապես ասված է.

«Հարգարժան պարոն Ռոշբլուան,
Սիրելի Ֆրանսուա,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների եւ հազարավոր արցախցիների անունից ընդունեք մեր ջերմագին շնորհավորանքները Ֆրանսիական Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

1789 թվականի հուլիսի 14-ին Բաստիլի գրավումը եւ դրան հետեւած Ֆրանսիական մեծ հեղափոխությունը նոր դարաշրջան բացեցին ոչ միայն ֆրանսիացիների, այլեւ համայն մարդկության պատմության մեջ:

Ազատության, հավասարության ու եղբայրության ֆրանսիական արժեքները երկու հարյուրամյակ հետո ոգեւորեցին նաեւ Արցախի ժողովրդին՝ իր ազատության համար մղվող պայքարում  եւ յուրօրինակ ուղենիշ դարձան այս քսանհինգ տարիներին ժողովրդավարական պետության կառուցման ճանապարհին:

Մենք բարձր ենք գնահատում օրինակելի ժողովրդավարական արժեքային համակարգ ունեցող Ֆրանսիայի խորհրդարանական, քաղաքական ու հասարակական շրջանակների հետ մեր կապերը, որոնք, վստահ եմ, ամրապնդվելու եւ ընդլայնվելու մեծ ներուժ ունեն:

Վերստին շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ, «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամներին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ»: 

ԼՈՒՐԵՐ