ԼՈՒՐԵՐ
Երիտասարդական խորհրդարանի անդամների հանդիպումը ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի հետ
12 հուլիսի 2016

 

Հուլիսի 12-ին Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի  անդամները Շուշի քաղաքում հանդիպել են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին:

Ողջունելով նորընտիր երիտասարդական խորհրդարանի անդամներին՝ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը ներկայացրել է պետական երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղություններն ու առկա մարտահրավերները: Խոսելով հասարակության ու պետության զարգացման գործում երիտասարդության դերի մասին՝ Նարինե Աղաբալյանը նշել է, որ երիտասարդ սերունդը պետք է լավ ճանաչի իր երկիրը եւ իրազեկ լինի, որպեսզի կարողանա արդյունավետ մասնակցություն ունենալ:

Նախարարը կարեւորել է նաեւ Շուշիի՝ տարածաշրջանային մշակութային կենտրոնի, արվեստի ու արհեստի քաղաքի երբեմնի փառքի վերականգնումը եւ նշել, որ այս ուղղությամբ արդյունավետ քայլ է համարում մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության տեղակայումը:

Երիտասարդական խորհրդարանի անդամները Նարինե Աղաբալյանից հետաքրքրվել են ընթացիկ ծրագրերով, համագործակցության հնարավոր ուղղություններով, երիտասարդության ու մշակույթի ոլորտին առնչվող այլ հարցերով:

Այնուհետեւ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի ուղեկցությամբ երիտասարդականի խորհրդարանի անդամները շրջայց են կատարել Շուշիի նախկին Մարիամյան օրիորդաց դպրոցի շենքում, որտեղ այսօր տեղակայված է նախարարությունը:  Նարինե Աղաբալյանը հետաքրքիր դրվագներ է ներկայացրել կառույցի պատմությունից, երիտասարդներին ծանոթացրել շենքում տեղակայված արհեստանոցին: 

Օրվա ծրագիրն ավարտվել է 1818թ. կառուցված Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցի այցելությամբ:

ԼՈՒՐԵՐ