05 հուլիսի 2016
05 հուլիսի 2016
ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի պատասխանները «News.am» լրատվական գործակալության հարցերին
Ինձ համար նորություն են այն պնդումները, որ սահմանադրական բարեփոխումները հետաձգվում են մի քանի տարով: Որեւէ պաշտոնական հայտարարությամբ երբեւէ չի հաստատվել այդ տեղեկատվությունը. դա միայն խոսակցություն էր:
ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հայեցակարգի մշակման եւ ներկայացման համար նախապես սահմանված ժամկետներում չտեղավորվելն ու լրացուցիչ ժամանակ խնդրելը պայմանավորված էին ապրիլյան պատերազմի հետեւանքով ստեղծված իրադրությամբ:
Մայիսին հանձնաժողովը վերսկսեց աշխատանքները եւ հայեցակարգի հիմնական սկզբունքների մշակման ժամանակ պարզվեց, որ քաղաքական ուժերի տեսակետները, ինչպես նաեւ հանրային տրամադրություններն ապագա սահմանադրության հանդեպ տարբեր են, մասնավորապես, այդ մոտեցումները միատեսակ չեն կառավարման մոդելի հարցում: Մենք հիմա փորձում ենք ընդհանուր եզրեր գտնել այդ դիրքորոշումների միջեւ: Հայեցակարգի վերջնական նախագծի վրա աշխատանքներն ամփոփելու եւ դրա շուրջ հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով հանձնաժողովը մեկ ամիս եւս խնդրեց հանրապետության նախագահից, ինչն էլ բավարարվեց:
Որպես մասնագիտական հանձնաժողով, մենք պարտավոր ենք քննության առնել բոլոր հնարավոր տարբերակները, ըստ այդմ, այս պահին ճիշտ չեմ համարում նախապատվության մասին խոսելը: Շատ կարեւոր է գտնել այդ մոդելների համադրելիությունը մեր գործող կառավարման համակարգի հետ՝ հիմնավորելով դրա արդյունավետությունը՝ անվտանգ եւ կայուն ժողովրդավարական զարգացման տեսանկյունից: Հնարավոր է, որ մոդելի վերջնական ընտրությունը կախված լինի հանրային քննարկումների արդյունքներից:
Մասնագիտական հանձնաժողովն առաջնորդվում է գործունեության կարգով, որով մեզ հանձնարարված է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի եւ սահմանադրական բարեփոխումների մշակումն ու այդ գործընթացի համակարգումը:
Մենք դեռ գործընթացի սկզբնական փուլում ենք: Թեկուզ հայեցակարգի նախագծի մշակման աշխատանքները հետաձգվել են մինչեւ օգոստոսի 1-ը, կարծում եմ, կտեղավորվենք սահմանված ժամկետներում: Ինչ մնում է հանրաքվեին, ապա այն կնշանակվի գործող սահմանադրությամբ նախատեսված կարգով, այսինքն՝ նախագիծը պատրաստ լինելու դեպքում: