ԼՈՒՐԵՐ
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է խորհրդարանի տարեկան հաղորդումը
30 հունիսի 2016

Հարգելի գործընկերներ,

Այսօրվա լիագումար նիստով մենք եզրափակում ենք 6-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանը: Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, նախատեսվում է խորհրդարանի նախագահի տարեկան հաղորդումը՝ Ազգային ժողովի եւ ԱԺ նախագահի գործունեության վերաբերյալ:

Ամփոփելով 2015թ. մայիսին կայացած ընտրությունների արդյունքում ձեւավորված 6-րդ գումարման խորհրդարանի գործունեության՝ 2015թ. մայիս - 2016թ. հունիս ժամանակահատվածի մեր համատեղ աշխատանքի արդյունքները՝ ներկայացնենք դրանք ըստ հիմնական ուղղությունների.

Օրենսդրական աշխատանքը

Խորհրդարանի գլխավոր գործառույթն է։ Անցած 3 նստաշրջանում, ընդհանուր առմամբ, գումարվել է Ազգային ժողովի 14 լիագումար նիստ, ինչպես նաեւ՝ 1 արտահերթ նստաշրջան ու 1 արտահերթ նիստ: Պատգամավորների մասնակցությունը լիագումար ու հանձնաժողովների նիստերին աչքի է ընկել բարձր ակտիվությամբ:

 Նշված ժամանակահատվածում խորհրդարանն ընդունել է 64 օրենք։ Ըստ գլխադասային մշտական հանձնաժողովների եզրակացությունների ընդունված օրենքների` քանակական պատկերն այսպիսին է.

- արտաքին հարաբերություններ՝ 1,
- արտադրության
եւ արտադրական ենթակառուցվածքների հարցեր՝ 6,
- գիտության
, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցեր՝ 4,
- պաշտպանության
, անվտանգության եւ օրինապահպանության հարցեր՝ 1,
- պետական
-իրավական հարցեր՝ 10,
- սոցիալական
եւ առողջապահության հարցեր՝ 7,
- ֆինանսաբյուջետային
եւ տնտեսական կառավարման հարցեր՝ 35։

Օրենսդրական նախաձեռնությունների ընդհանուր թիվը` 80, որից 7-ը պատգամավորներինն է, 73-ը` կառավարությանը:

Նստաշրջանների ընթացքում ի գիտություն ընդունվել կամ հաստատվել են մի շարք ամենամյա ծրագրեր, հաշվետվություններ եւ հաղորդումներ։

Ինչպես նախորդ տարիներին, 6-րդ գումարման խորհրդարանի գործունեության մեջ նշված ժամանակահատվածում օրենսդիր-գործադիր համագործակցության հարցերը գտնվել են պատշաճ մակարդակի վրա։ Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ Ազգային ժողով մուտք գործած ու շրջանառության դրված բոլոր օրինագծերը եւ տարաբնույթ այլ փաստաթղթեր քննության են առնվել գործադիր իշխանության լիազոր ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ՝ փոխըմբռնման մթնոլորտում։

ԱԺ կողմից նշանակումներ

Խորհրդարանն իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ եւս, ինչպես օրինակ՝

- ԼՂՀ արդարադատության խորհրդի երկու իրավաբան անդամի նշանակումը (23 դեկտեմբերի, 2015թ.)

- ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի նշանակումը (5 մայիսի, 2016թ.)

Խորհրդարանի քաղաքական գործունեությունը

Ինչպես նախորդ գումարումների, այնպես էլ 6-րդ գումարման Ազգային ժողովը շարունակել է հետեւել միջազգային խորհրդարանական հարթակներում Արցախին առնչվող զեկույցների ու բանաձեւերի քննարկումներին, ինչպես նաեւ ներքաղաքական կարեւոր իրադարձությունների առնչությամբ հանդես եկել համարժեք հայտարարություններով.

2015թ. հունիսի 18-ին՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցում եւ դրան կից բանաձեւի նախագծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղ գտած անընդունելի ձեւակերպումների փաստի կապակցությամբ,

 հունվարի 20-ին՝ Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ,

հունվարի 21-ին՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի օրակարգում Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա պատրաստված երկու բանաձեւերի նախագծերի ընդգրկման վերաբերյալ,
ապրիլի 2-ին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից լայնածավալ նախահարձակ գործողությունների վերաբերյալ,
ապրիլի 7-ին՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ,
ապրիլի 21-ին՝ ի պաշտպանություն հայտնի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի,
մայիսի 19-ին՝ Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին,
հունիսի 6-ին՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ:  

 Խորհրդարան-բանակ

2016թ. ապրիլի առաջին օրերից հիմնովին փոխվել է նաեւ Արցախի խորհրդարանի աշխատանքային ռեժիմն ու մթնոլորտը: Այդ մի քանի շաբաթների չնորմավորված աշխատանքային ժամանակացույցը, պատգամավորների այցելությունները շրջաններ ու առաջնագիծ, տարբեր հանրային-քաղաքական նախաձեռնությունների առաջարկումը եւ անմիջական մասնակցությունը դրանց իրագործմանը, նպատակաուղղված են եղել երկրի պաշտպանական համակարգի ամրապնդման գործին օգտակար լինելու, ստեղծված իրավիճակին քաղաքական համարժեք գնահատական տալու եւ միջազգային խորհրդարանական շրջանակներին մեր դիրքորոշումը փոխանցելու առաջադրանքներն իրականացնելու անկեղծ ցանկությունների կատարմանը:

Ապրիլյան պատերազմի եւ դրան հաջորդած ժամանակաշրջանում առավել հաճախակի են դարձել այցելություններն առաջնագիծ, սահմանամերձ բնակավայրեր, ուսումնասիրվել Պաշտպանության բանակին անհրաժեշտ օգնության ցուցաբերման հարցեր: Կարծում եմ, որ հավաքագրաված տեղեկատվությունը որոշակի հնարավորություններ է մատնանշում՝ այս ուղղությամբ նկատված հիմնախնդիրների մի մասի համար օրենսդրական լուծումներ մշակելու եւ  ընդունելու ճանապարհով:

Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայիսի 3-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Լ. Մնացականյանի հետ պատգամավորական կազմի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հանրապետության անվտանգության եւ պաշտպանության հիմնախնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Արտաքին կապեր

Ազգային ժողովի միջխորհրդարանական հարաբերությունների մեջ, ինչպեսեւ նախկինում, գերակշռող տեղ ունեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ կապերը: Այս տարվա փետրվարի 11-12-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այցը Արցախ եւ խորհրդարանում կայացած հանդիպումներն ու քննարկումները որոշակիորեն ուրվագծել էին հարցերի այն շրջանակը, որ մենք ծրագրում էինք քննության առնել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում: Ապրիլյան իրադարձությունները Արցախի սահմանի ամբողջ երկայնքով հասկանալի ձեւով փոխել են մեր աշխատակարգը, բայց հաճախականության առումով մենք ականատես ենք դարձել ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ ԱԺ պատգամավորներից կազմված տարբեր խմբերի ու պատվիրակությունների ժամանումն Արցախ:

Չափազանց օգտակար եմ համարում երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների հաճախացած համատեղ նիստերն ու տարբեր ձեւաչափերով հանդիպումները՝ հրատապ թեմաների ներառմամբ կոնկրետ օրակարգով: 

Արտաքին կապերի ընդլայնման շրջանակներում Ազգային ժողով են այցելել արտերկրի տարբեր քաղաքական գործիչներ ու խորհրդարանականներ:

Քանի որ 2015թ. դեկտեմբերին ես անդրադարձել եմ անցյալ տարվա մայիս-դեկտեմբեր ամիսներին մեր երկիր այցելած պատվիրակությունների ծրագրերին, այս անգամ ուզում եմ միայն թվարկել այն երկրները, որոնց ներկայացուցիչները այցելեն են Արցախ եւ մենք որոշակի նախապայմանավորվածություններ ունենք այդ խորհրդարանների ու գործիչների հետ մեր հարաբերությունները խորացնելու հարցում: Եվ այսպես.

Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությունը, Բելգիայի՝ տարբեր մակարդակի խորհրդարանականների, Ֆրանսիայի մեր գործընկերների հետ հանդիպումները՝ «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնի շրջանակներում, Ֆլամանդական խորհրդարանի պատվիրակությունը,, Լատվիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության պառլամենտների պատգամավորները, նորից Ֆրանսիայի Ազգային ժողովի մեր բարեկամների այցը, ԵԽԽՎ  եւ Եվրախորհրդարանի առանձին պատգամավորներ եւ այլք:

Ազգային ժողովի նախագահի անունից շնորհակալական նամակներ են ուղարկվել մի շարք խորհրդարանների կողմից Արցախին սատարող քաղաքական փաստաթղթերի ընդունման առթիվ, ինչպիսիք են.

ԱՄՆ Ջորջիա եւ Հավայի նահանգների կողմից Արցախի անկախությունը ճանաչող բանաձեւերը, Չիլիի պատգամավորների պալատի կողմից ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւը, Բասկերի երկրի խորհրդարանի կողմից Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւը:

Արցախի Ազգային ժողովը շարունակել է համագործակցության կայուն կապեր պահպանել հետխորհրդային տարածքի մյուս նորանկախ պետությունների՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի Մոլդովական հանրապետությունների խորհրդարանների հետ։

Վեցերորդ  գումարման խորհրդարանի կողմից վերանորոգվել են այլ երկրների խորհրդարանների հետ ինստիտուցիոնալ բարեկամական հարաբերությունները:

Սեպտեմբերի առաջին կեսին հաստատվել են բարեկամության խմբերի ստեղծման, վերակազմավորման կարգերն ու հաստատվել դրանց կազմերը: Պատկերն այսպիսինն  է.

«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ
«Արցախ-Լիտվա» բարեկամության խումբ
«Արցախ-Եվրամիություն» բարեկամության խումբ
«ԼՂՀ Ազգային ժողով-ՀՀ Ազգային ժողով» միջխորհրդարանական հանձնաժողով:

Խորհրդարան - ընտրող կապ  

Խորհրդարան-ընտրող կապն արտահայտվել է ինչպես ընդունելությունների, անձնական հանդիպումների, պատգամավորական այցերի, այնպես էլ՝ քաղաքացիների գրավոր դիմումների եւ Ազգային ժողովի կողմից դրանց ընթացքավորման տեսքով։

Ազգային ժողով մուտք է գործել 1143 գրություն, մեր կողմից ուղարկվել է 364 նամակ եւ այլ փաստաթուղթ:  Քաղաքացիների կողմից ստացված դիմումների քանակը 193 է: Դրանց մեծ մասը լուծում է ստացել, իսկ որոշ մասն ընթացքի մեջ է: Դիմումներում բարձրացված հարցերը հիմնականում սոցիալական բնույթի են:

Ազգային ժողովից կատարվել է 135 գործուղում, որից  123-ը՝ Հայաստանի Հանրապետություն, 12-ը՝ արտերկիր: Խորհրդարանի պատգամավորներից ընդգրկվել են նաեւ ԼՂՀ նախագահի, վարչապետի գլխավորած պատվիրակությունների կազմում, կամ առանձին հրավերներով այցելել են արտասահմանյան տարբեր երկրներ:

Նյութա-տեխնիկական միջոցների տնօրինում

Պետական բյուջեով Ազգային ժողովի համար նախատեսված գումարով ապահովվել է խորհրդարանի բնականոն գործունեությունը:

Հիմք ընդունելով ծառայողական ավտոմեքենաների կրճատման մասին կառավարության որոշումը՝ Աժ-ին պատկանող 11 ավտոմեքենայից կրճատվել է 4-ը:

Հաշվետու ժամանակաշրջանում Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմն ակտիվորեն մասնակցել են հանրապետության անվտանգության ապահովման եւ սոցիալական խնդիրների համար հայտարարված եւ նախաձեռնված տարբեր հանգանակությունների:

Խորհրդարանի գործունեության լուսաբանում

Ազգային ժողովի գործունեությունը նշված ժամանակամիջոցում լուսաբանվել է խորհրդարանում հավատարմագրված 12 լրատվամիջոցի 26 թղթակցի, ինչպես նաեւ՝ ԼՂՀ, ՀՀ եւ Սփյուռքի տարբեր էլեկտրոնային լրատվական աղբյուրների միջոցով:

Մայիսին մենք գործարկեցինք Ազգային ժողովի պաշտոնական նոր կայքը: Տեղեկատվությունը կայքում հասանելի է հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով:

Նշված ժամանակահատվածում Արցախի հանրային հեռուստատեսությամբ ամենամսյա հաճախականությամբ եթեր է հեռարձակվում օրենսդիր մարմնի գործունեությունն ամփոփող «Խորհրդարանական ժամ» ծրագիրը: 

Ազգային ժողովի եւ խորհրդարանի նախագահի գործունեությունը լուսաբանվում է նաեւ «ֆեյսբուք» եւ «թվիթեր» սոցիալական ցանցերում` համապատասխան էջերի միջոցով:

Հարգելի գործընկերներ,

Ազգային ժողովի գործունեության մեջ վերջին իրադարձություններից ցանկանում եմ առանձնացնել եւս երկուսը. առաջինն Ազգային ժողովին կից երկրորդ գումարման երիտասարդական խորհրդարանն է, որը մեկ շաբաթ առաջ այս նույն դահլիճում գումարեց իր անդրանիկ նիստը, երկրորդը՝  «Նախկին պատգամավորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ստեղծումը:

Ամփոփելով առաջին աշխատանքային տարին՝ պետք է նշեմ, որ ամբողջությամբ բացահայտվել են նոր գումարման խորհրդարանի ուժեղ եւ թույլ կողմերը: Ես այսօր դրանք չեմ առանձնացնի, որովհետեւ մենք բոլոր հիմքերն ունենք վերացնելու այդ բացթողումները եւ ամրապնդելու խորհրդարանի ուժեղ հատկանիշները: 

ԼՈՒՐԵՐ