ԼՈՒՐԵՐ
Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի եզրափակիչ նիստը
30 հունիսի 2016

Հունիսի 30-ին խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը: Գարնանային նստաշրջանի ավարտին ԼՂՀ խորհրդարանականները  «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն քննարկել են նախորդ տարվա բյուջեի կատարողականը  և ամփոփել նստաշրջանի օրակարգում ներառված օրենսդրական նախաձեռնությունները:

Խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է՝

«Բնապահպանական վճարների դրույքաչափերի  մասին» ԼՂՀ օրենքը, որը սահմանում է բնապահպանական վճարների դրույքաչափերն ու դրանց հաշվարկման կարգը:

 «Սնանկության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  ԼՂՀ օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում  լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները: «Սնանկության մասին» ԼՂՀ օրենքը կոչված է կատարելագործել սնանկության ոլորտում ծագող հարաբերութունների իրավական կարգավորումը՝ հիմք ընդունելով իրավակիռար պրակտիկան: Փաթեթի մյուս օրենքներում լրացում և փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է  «Սնանկության մասին» օրենքի ընդունմամբ:

Ազգային ժողովը հաստատել է նաև.

«Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը նպատակ ունի խթանել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանց  վարկերի նկատմամբ հաշվարկված տոկոսների, տույժերի և տունգանքների զիջման ու ներման գործընթացը: Բանկի կամ վարկային կազմակերպության կողմից պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկերի և դեբիտորական պարտքերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները 2016թ.-ի ընթացքում զիջելու կամ ներելու դեպքում, այդ գումարների չափով կնվազեցվի բանկի վարկային կազմակերպության տվյալ տարվա համախառն եկամուտը և ըստ այդմ էլ՝ կնվազեցվի շահութահարկը:

«Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում  լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը նախատեսում է բարելավել ապրիլի 1-ից հետո հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների կամ կամավորականների ընտանիքի անդամների սոցիալական վիճակը: Զոհված զինծառայողների կամ կամավորականների ժառանգների, երաշխավորների և ընտանիքի անդամների՝ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկի գումարների ներման դեպքում այդ գումարները չեն հարկվի եկամտային հարկով:

«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում  լրացում կատարելու մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ԼՂՀ օրենքները, որով 2016թ.-ի ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար նվազեցվում են հաստատագրված և արտոնագրային վճարների չափերը՝ շրջաններում կիրառելով 0,3, իսկ Ստեփանակերտ քաղաքում 0,6 նվազեցվող գործակից:

«Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման 2015թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությամբ հանդես է եկել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, որից հետո բյուջեի կատարողականի վերաբերյալ համապատասխան եզրակացություններ են ներկայացրել վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը և ԱԺ գլխադասային հանձնաժողովների նախագահները:

2015թ. պետական բյուջեի կատարման մասին տեսակետներ են հայտնել նաև ԼՂՀ ԱԺ խմբակցությունները:

24 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ խորհրդարանի որոշումը:

Ընդմիջումից հետո լիագումար նիստին,  կանոնակարգի համաձայն, տեղի է ունեցել օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: Պատգամավորների՝ կառավարության ներկայացուցիչներին առաջադրած հարցերը վերաբերում էին ռազմական անվտանգության խնդիրներին, արտաքին քաղաքականությանը, մասնավորապես ղարաբաղյան խնդրի բարձրագույն մակարդակով խորհրդատվական քննարկումներին, սոցիալական  հիմնադրամների ծրագրերին, միջքաղաքային ճանապարհների բարեկարգմանը, այս տարվա հացահատիկայինների մթերման գնագոյացմանը և այլ ոլորտների:

Օրակարգային մյուս հարցը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  2016թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի  կատարման մասին  տեղեկատվությունն էր, որը ներկայացրել է ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Ֆինանսների նախարարը նշել էլ, որ 2016թ. առաջին եռամսյակում գրանցվել է 4.4%-ի տնտեսական աճ, ՀՆԱ-ն կազմել է 38.2 մլրդ դրամ:

Հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Դավիթ Իշխանյանը և Ռուդիկ Հյուսնունցը:

Գարնանային նստաշրջանի ավարտին տարեկան հաղորդմամբ խորհրդարանի գործունեությունն ամփոփել է  ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

ԼՈՒՐԵՐ