ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ողջույնի խոսքը 2-րդ գումարման երիտասարդական խորհրդարանի առաջին նիստին
24 հունիսի 2016

 

Հարգելի գործընկերներ՝
պատգամավորներ եւ կառավարության անդամներ,
երկրորդ գումարման Երիտասարդական խորհրդարանի
հարգարժան անդամներ,
Հրավիրվածներ, տիկնայք եւ պարոնայք

Արցախի խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում ամեն օր չէ, որ առաջին նիստ ու նստաշրջան ենք գումարում, այնպես որ կարելի է պատկերացնել այն հուզմունքն ու պատասխանատվությունը, որ այսօր համակել է խորհրդարանականի կոչմանն արժանացած երիտասարդներին:

Չեմ կարող թաքցնել, որ ինձ համար եւ այս նախագծի իրականացման ուղղությամբ աշխատած մարդկանց համար, օրը նույնպես առանձնահատուկ է:

Մենք, վերջապես, ամփոփել ենք մի քանի ամիս տեւած նախապատրաստական աշխատանքները, որոնց արդյունքում այսօր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ԼՂՀ օրենսդիր իշխանության տանիքի ներքո, հանդիպել ենք մեր հանրային կյանքի մի նոր փուլ արձանագրելու. վեցերորդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովին կից երկրորդ գումարման Երիտասարդական խորհրդարանը սկսում է իր աշխատանքները:

Ներկայացնեմ մեր այսօրվա միջոցառմանը հրավիրված  անձանց.

  • Նոր գումարման Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստին մասնակցում են 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ՝  խորհրդարանի նախագահի տեղակալը, խմբակցությունների ղեկավարները, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-ԱԺ-ում ներկայացուցիչը, ինչպես նաեւ կառավարության անդամներ՝ ԿԳՍ, ԱԳ, արդարադատության նախարարները եւ մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարի տեղակալը,
  • Արցախի պետական համալսարանի եւ պետական հավատարմագրում ունեցող բարձագույն մյուս ուսումնական հաստատությունների ռեկտորները, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներ:

Քիչ առաջ ես շեշտեցի երկրորդ գումարման երիտասարդական խորհրդարանի իրողության մասին: Ձեզանից շատերը, համոզված եմ, տեղյակ են, որ նման կառույց ստեղծվել էր նաեւ նախորդ գումարման Ազգային ժողովին կից: Այն գործեց մի քանի ամիս եւ իր լիազորություններն ավարտեց 5-րդ գումարման Ազգային ժողովի հետ միասին: Ճիշտ է, ժամանակային առումով նախորդ երիտասարդական խորհրդարանը չհասցրեց ինքնադրսեւորվել, սակայն, վստահ եմ, այս խորհրդարանին կհաջողի կյանքի կոչել այն հիմնական գաղափարները, որոնք ընկած են Երիտասարդական նոր կառույցի ստեղծման  հիմքում: Այս պատրաստակամության ապացույցն այսօրվա երիտասարդական խորհրդարանի անհատական կազմն է եւ, ուրախալի է, որ նրանում ընդգրկված են նաեւ նախորդ երիտխորհրդարանի անդամներ:

Երիտասարդական խորհրդարան անվանումն արդեն պարտավորեցնող է. այն երիտասարդական սոցիալական միավորում է, որի անդամները պատասխանատու են ոչ միան իրենց համար: Այդպիսի կառույց ձեւավորելու մտահղացման մեջ մենք նախեւառաջ դրել ենք առաջնորդության դպրոց ստեղծելու գաղափարը, որը յուրօրինակ դերակատարում պետք է ունենա երիտասարդության լայն շրջանակների կյանքում՝ նպաստելով քաղաքական պատասխանատվության եւ իրավական գիտակցության բարձրացմանը, բազմակարծության զարգացմանը, բանավեճի մշակույթի արմատավորմանը:

Ժողովրդավարական ճանապարհն ընտրած մեր երիտասարդ պետությունն իր կայացման համար այսօր ավելի շատ, քան երբեւէ, ունի գիտակից եւ պետության կառուցման գործում պատրաստակամ քաղաքացիների, առավելապես երիտասարդ սերնդի աջակցության կարիք: Հենց այս սերնդի կողմից ազգային, ինչպես նաեւ ժողովրդավարական արժեքների ընկալման մակարդակով է պայմանավորված պետության եւ հասարակության վաղվա պատկերը:

Մեր նախաձեռնությունների մեջ այս օրերին անհնարին է շրջանցել 2016թ. ապրիլից հետո ստեղծված կացության եւ, դրանից ածանցյալ, առաջնահերթությունների վերադասակարգման թեմաները: Վստահ եմ, որ խորհրդարանականի կոչումը վաստակած մեր երիտասարդ գործընկերներին ավելորդ է նույնիսկ բացատրել, որ մեր աշխարհագրական դիրքն ու քաղաքական կարգավիճակը հուշում են մշտական զգոնություն եւ պատրաստվածություն ոչ միայն երկրի սահմանները պաշտպանելու գործում, ինչը չափազանց կարեւոր է, այլեւ՝ մեր ժողովրդի իրավունքների ու շահերի արժանապատիվ ներկայացում եւ´ երկրի ներսում, եւ´ նրա սահմաններից դուրս: Առավել, քան եւրբեւէ, մենք այսօր կարիք ունենք կրեատիվ մտածողությամբ, լեզուների իմացությամբ եւ տեխնոլոգիաների տիրապետող երիտասարդ ու հայրենասեր մասնագետների եւ, ուզում եմ դահլիճում ներկա ոչ շատ երիտասարդ գործիչների անունից խոստովանել ձեզ, որ մենք շատ հիմնավոր հույսեր ենք կապում ձեր սերնդի հետ:

ԼՈՒՐԵՐ