Ընդունված է 2008թ. նոյեմբերի 24-ին
Հոդված 1. Հաստատել 2009 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը` համաձայն հավելվածի:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
9 փետրվարի 2009 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-3-Ն
Հավելված
«2009 թվականի առողջապահական պետական
նպատակային ծրագրերը հաստատելու մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի
2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ
Ծ Ր Ա Գ Ր Ե Ր
2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
Բնակչության առողջության պահպանումը պետության կողմից դիտարկվում է որպես ազգային անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրներից մեկը:
Առողջապահական պետական նպատակային ծրագրերն ամենամյա ծրագրեր են, որոնք նպատակաուղղված են բնակչության առողջության պահպանմանը և որոնց ֆինանսավորումն արտացոլված է յուրաքանչյուր տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում: 2009 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերն ընդգրկում են բնակչությանը տրամադրվող պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումը:
2009 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերն են`
բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման ծրագիրը.
բնակչության առողջության առաջնային պահպանման ծրագիրը.
մոր և մանկան առողջության պահպանման ծրագիրը.
բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ծրագիրը.
սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի ծրագիրը:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ԱՊԱՀՈՎՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի հիմնավորումը, նպատակները, արդյունավետությունը
Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը պետական կարևորագույն խնդիրներից է և երաշխավորվում է «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով: Այս համակարգի անխափան գործունեության ապահովումը կենսական նշանակություն ունի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության առողջության պահպանման բնագավառում:
Հանրապետությունում իմունականխարգելման և համալիր հակահամաճարակային միջոցառումների իրականացման շնորհիվ որոշ վարակիչ հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը բարելավվել է: 2000-2008 թվականներին հանրապետությունում չեն արձանագրվել դիֆթերիայի, փայտացման, խոլերայի, պոլիոմիելիտի դեպքեր:
Ազգային իմունիզացիայի ծրագրի իրականացումն ենթադրում է հետևյալ հիմնական խնդիրների լուծումը`
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հիգիենիկ և հակահամաճարակային պետական հսկողության միջոցառումների իրականացման ապահովումը.
ինֆեկցիոն և զանգվածային ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.
բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ ուսումնասիրությունների կազմակերպումը.
բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական-մեթոդական կանոնակարգումը.
հիգիենիկ-համաճարակաբանական նորմերի և կանոնների պատշաճ համակարգի ստեղծումը.
բնակչության հիգիենիկ և բժշկական գիտելիքների մակարդակի բարձրացումը:
Ծրագրի իրականացումը թույլ կտա 2009 թվականի ընթացքում`
նվազեցնել հեպատիտ Բ վիրուսակիրների թիվը.
տուբերկուլյոզի հիվանդացությունը և մահացությունը իջեցնել 3%-ով.
պահպանել դիարեայի հիվանդությունների և մահվան դեպքերի ցածր մակարդակը.
վերացնել կարմրուկը, կարմրախտը և հռչակել կարմրուկից, կարմրախտից ազատված գոտի:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի հիմնավորումը, նպատակը, արդյունավետությունը
Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական իրադրությունը չէր կարող իր անդրադարձը չունենալ առողջապահության համակարգի վրա: Հանրապետության տնտեսական բարեփոխում-ների ֆոնի վրա առողջապահական համակարգն իր առանձնահատկությունների պատճառով չէր կարող անցնել բացարձակ շուկայական հարաբերությունների:
Պետական միջոցների սղության պայմաններում բնակչության բժշկական օգնություն ստանալու հավասարության և մատչելիության գրավականը կարող է հանդիսանալ առաջնային բժշկական օգնության հետ կապված խնդիրների գերակշիռ մասը:
Այդ առումով առողջության առաջնային պահպանումը և դրա իրականացման կարևորագույն օղակը` ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունը, պետք է գերակայող դեր ունենա առողջապահության ոլորտում:
2001 թվականին ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում ներդրվել է առողջության առաջնային պահպանման ըստ յուրաքանչյուր բնակչի հաշվով միջինացված ֆինանսավորման նոր սկզբունքը, որը նպաստեց առաջնային բժշկական օգնության մատչելիության բարձրացմանը, ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների կողմից իրականացվող բուժօգնության ծավալների ընդլայնմանը: Այդ սկզբունքով ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունները կշարունակեն աշխատել նաև 2009 թվականին:
Հստակեցվել է ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից անվճար և արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերի տրման կարգը, որն ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 555 որոշմամբ:
Ծրագրի նպատակն է`
բնակչության բժշկական օգնության ապահովման ընդհանուր ծավալում առաջնային բժշկական օգնության, հետևաբար և ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի դերի բարձրացումը, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը, բժշկական օգնություն ստանալու մատչելիության ընդլայնումը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կողմից իրականացվող բուժօգնության տեսակների և դրա տեսակարար կշռի մեծացման ապահովումը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը, հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը.
համակարգում աշխատող բուժանձնակազմի հմտության ու գործունեության որակի բարձրացումը Հայաստանի Հանրապետության մասնագետների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերապատրաստումներ անցկացնելու միջոցով:
2001 թվականին ամրագրված` ըստ յուրաքանչյուր բնակչի հաշվով միջինացված ֆինանսավորման սկզբունքը կիրականացվի նաև 2009 թվականին և կապահովի ֆինանսների և նյութական ռեսուրսների օգտագործման ավելի ճկուն և ռացիոնալ համակարգ: 2009 թվականին ամբուլատոր-պոլիկլինկական օղակում շարունակվելու է իրականացվել բուժօգնությունը տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների և նեղ մասնագետների կողմից` ամբողջ բնակչության համար, անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից, առանց այցելությունների սահմանափակման, ինչպես նաև ըստ բժշկական ցուցումների` լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը:
Ծրագրի իրականացումը թույլ կտա 2009 թվականին`
նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների հիվանդացության մակարդակը.
նվազեցնել միկրոանոթային և մակրոանոթային բարդություններով շաքարախտով հիվանդների հոսպիտալացման դեպքերի թիվը.
նվազեցնել հիպերտենզիայով հիվանդների բարդություններով հոսպիտալացման ցուցանիշը.
բարձրացնել ուռուցքային հիվանդությունների վաղ ախտորոշման ցուցանիշը.
մեծացնել կանխարգելիչ միջոցառումների տեսակարար կշիռը առաջնային բուժկանխարգելիչ միջոցառումների մեջ.
բարձրացնել ժամանակակից լաբորատոր-գործիքային ախտորոշիչ սարքավորումներով և տեխնոլոգիաներով, դեղորայքային և բուժպարագաներով հագեցվածությունը.
բարձրացնել իրականացվող բժշկական օգնության որակը.
բարձրացնել բնակչության ստվար հատվածի անվճարունակության հետ կապված մատչելիության մակարդակը:
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ
ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի հիմնավորումը, նպատակները, արդյունավետությունը
Մոր և մանկան առողջության պահպանումը բնակչության առողջության պահպանման կարևո-րագույն նախադրյալներից է և, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, սոցիալ-տնտեսական անկման պայմաններում առաջին հերթին տուժում են երեխաները` հասարակության առավել խոցելի այն խավը, որն ապագայի կրողն է և որի պահպանումը ամենաառաջնահերթ խնդիրներից է: Վերարտադրողական առողջության պահպանման և մայրության հովանավորության հարցերը ևս եղել և մնում են յուրաքանչյուր պետության հոգածության առարկա:
Ծրագիրը բաղկացած է երկու փոխկապակցված մասից`
երեխաների բժշկական օգնության կազմակերպում.
մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովում:
Երեխաների բժշկական օգնության կազմակերպում
Երեխաների առողջության պահպանման խնդիրները գտնվում են պետության հովանավորության ներքո, և առողջապահության զարգացումը այս բնագավառում առավելապես հենվում է բժշկական օգնության կազմակերպման պետական համակարգի վրա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գերակա խնդիրների շարքում նրանց հիմնահարցերի լուծմանը միշտ առաջնահերթություն է տրվել:
Ծրագրի նպատակը երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալների և մատչելիության, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման ապահովումն է` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը:
Ծրագրի իրականացումը թույլ կտա 2009 թվականին`
նվազեցնել մանկական` 0-1 տարեկան և մինչև 5 տարեկան, մահացության մակարդակը նվազագույնը 1/4-ով, այդ թվում` շնչառական հիվանդություններից` 5%-ով, իսկ փորլուծային հիվանդություններից` 3%-ով.
նվազեցնել ցածր քաշով և անհաս նորածինների թիվը.
ապահովել երեխաների պատվաստումների 90%-ով ընդգրկվածությունը.
ապահովել մինչև 4 ամսական երեխաների 55%-ի և մինչև 6 ամսական երեխաների 30%-ի բացառապես կրծքով սնուցումը և պահպանել դրա շարունակականությունը երեխայի կյանքի երկրորդ տարվա ընթացքում.
սակավարյունության հետևանքով առաջացած խանգարումները կրճատել 10%-ով.
ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների 35%-ի ընդգրկվածության ապահովում անհատական վերականգնողական ծրագրերում` ծրագրերի իրականացման ճանապարհով.
կրճատել նորածնային հիվանդացությունը և մահացությունը` նորածինների հիմնական խնամքի և վերակենդանացման ծառայությունների հզորացման, մարդկային ռեսուրսների զարգացման և նյութատեխնիկական հնարավորությունների ընդլայնման միջոցով.
կանխարգելել ՄԻԱՎ-ի տարածումը երեխաների շրջանում` ապահովելով հղիների 100%-ի ընդգրկվածությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրում, և դեռահասների շրջանում` ՁԻԱՀ-ի վերաբերյալ հավաստի տեղեկատվության մատչելիություն երիտասարդների համար.
մշակել և իրագործել ծրագրեր` ուղղված վաղ հասակի երեխաների և դեռահասների ֆիզիկական, մտավոր և հոգեկան զարգացմանը:
Մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության ապահովում
Վերարտադրողական առողջության պահպանման և մայրության պաշտպանության խնդիրները մշտապես գտնվել են պետության հովանավորության ներքո:
Ծրագրի նպատակը մայրության հովանավորումն է, ծննդօգնության և ընտանիքի պլանավորման ծառայությունների մատչելիության ապահովումը` ուղղված մայրական և շուրջծննդյան (պերի-նատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:
Ծրագրով նախատեսվում է հղիության և անհետաձգելի գինեկոլոգիական վիճակների հետ կապված բուժօգնության տրամադրումը բոլոր կանանց համար ինչպես պոլիկլինիկայում, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում, իսկ սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց համար` նաև գինեկոլոգիական բուժօգնության կազմակերպումը:
Ծրագրի իրականացումը թույլ կտա 2009 թվականին`
բարելավել միայն մայրական առողջությունը.
ապահովել հղի կանանց վաղ ընդգրկումը առնվազն 90%-ով.
ապահովել մայրական մահացության բացակայության իրավիճակը.
նվազեցնել ծննդաբերությունը տնային պայմաններում` ապահովելով ծննդաբերության մոտ 100% ընդգրկվածությունը ստացիոնար պայմաններում.
նվազեցնել պերինատալ և վաղ նեոնատալ մահացությունը 10%-ով:
Վերարտադրողական առողջության բարելավման նպատակով, մասնավորապես չբերության իջեցման, սեռական օրգանների նախաքաղցկեղային և քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման, աբորտների իջեցման նպատակով 2009 թվականին պետության կողմից կֆինանսավորվի`
տարվա մեջ մեկ անգամ կանանց սեռական օրգանների, հատկապես արգանդի վզիկի և կաթնագեղձերի հետազոտումը կանանց կոնսուլտացիաներում.
առաջնային չբերությամբ տառապող կանանց հետազոտումը և բուժումը.
հակաբեղմնավորիչ միջոցների տրամադրումը սոցիալապես անապահով խմբերին.
մանկաբարձ-գինեկոլոգների և մանկաբարձուհիների վերապատրաստումը:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ)
ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի հիմնավորումը, նպատակը
Սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը հատկապես բացասաբար է անդրադառնում բնակչության առավել անպաշտպան խավի` երեխաների, ծերերի, հաշմանդամների, աղքատների առողջության հետ կապված խնդիրների վրա, որն արտահայտվում է հիվանդությունների ավելացմամբ, մահացության ցուցանիշների աճով: Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական ներկա վիճակից` պետության դերը բնակչության առավել անապահով խավերի սոցիալական պաշտպանվածության հարցերի, մասնավորապես առողջության հետ կապված խնդիրների լուծման գործում հատուկ կարևորություն է ստանում:
Ծրագրի նպատակն է 2009 թվականին բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման մատչելիության բարձրացումը և առավելագույնս ապահովումը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջա-պահության նախարարությունը կվերանայի սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնության կազմակերպման կարգը:
Ծրագիրն իր մեջ ներառում է 2008 թվականից գործող սոցիալապես անապահով քաղաքացիների այլ քաղաքային բուժման նպատակով ֆինանսական օգնության տրամադրման գործընթացի շարունակականությունը 2009 թվականին, հեմոդիալիզի ծրագրով բուժում ստացող հիվանդներին անհրաժեշտ դեղամիջոցներով անվճար ապահովումը:
Ծրագիրը նախատեսում է 2009 թվականին իրականացնել կանխարգելիչ, ախտորոշիչ և բժշկական օգնության ամենալայն ծավալ` հիվանդությունների բոլոր հիմնական խմբերի գծով, առողջապահության համակարգի բոլոր օղակներում` առանց մասնագետների ցանկի, հաճախումների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների թվի սահմանափակման:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի հիմնավորումը, նպատակները, արդյունավետությունը
Հանրապետության առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի, բնակչության տեղաշարժի ակտիվացմամբ, լայնամասշտաբ հակահամաճարակային միջոցառումների անցկացման դժվարություններով, տեխնիկական առաջընթացով, քաղաքակենտրոնացումով (ուրբանիզացիա), արտաքին միջավայրի աղտոտմամբ, ապրելակերպի պայմանների փոփոխություններով և մի շարք այլ անբարենպաստ գործոնների ազդեցությամբ պայմանավորված` վերջին տարիներին նկատվում է ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն որոշ հիվանդությունների աճ: Բացասական ռիսկի գործոններն ավելացնում են մարդու օրգանիզմի վրա սթրեսային ճնշումների ազդեցությունը և պատճառ դառնում այնպիսի հիվանդությունների թվի աճին, ինչպիսիք են սիրտանոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, դիաբետը, հոգեկան խանգարումները և այլն:
Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելման միջոցառումներն իրականացվում են ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում (ներառյալ` դիսպանսերային բուժօգնությունը): Իսկ հիվանդությունների բուժումը հիմնականում կազմակերպվում է հիվանդա-նոցային պայմաններում:
Հիվանդանոցային բժշկական օգնությունը սովորաբար ցուցաբերվում է առավել ծանր հիվանդներին և ընդգրկում է արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը` մասնագիտացված կոնսուլտացիաներ, ախտորոշում, բուժում, վիրահատումներ, բուժական մանիպուլյացիաներ, անհրաժեշտ դեղամիջոցների կիրառում, բարդ տեխնոլոգիաների օգտագործում, տևական հսկողություն և հատուկ խնամք: Հիվանդանոցային բժշկական օգնությունն ամենուրեք դասվում է թանկ և ծախսատար ծառայությունների շարքին, որի ծախսերը կազմում են ամբողջ առողջապահության համակարգի ֆինանսավորման մոտ 45%-ը: Բժշկական ապահովագրության բացակայության, պետության կողմից հատկացվող սահմանափակ ֆինանսական միջոցների օգտագործման և վերահսկման մեխանիզմների անկատար գործունեության պայմաններում հիվանդանոցային բժշկական օգնության առանց այդ էլ ծանր բեռը կրկնապատկվում է պետության և հասարակության համար:
Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի` յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալ անվճար` պետության կողմից երաշխավորված պետական նպատակային ծրագրերի շրջանակներում: Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 59 որոշման` հիվանդանոցային անվճար բժշկական օգնությունը և ծառայություններն իրականացվում են հիմնականում երկու ուղիով`
1) բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում ընդգրկված ինֆեկցիոն հիվանդությունների և անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկերին համապատասխան` ամբողջ բնակչության համար.
2) բժշկական օգնության և ծառայությունների բոլոր տեսակները` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված բնակչության համար:
Ծրագրի նպատակն է հիվանդանոցային բժշկական օգնության և ծառայությունների առավելագույնս մատչելիության ապահովումն ամբողջ բնակչության` հատկապես սոցիալապես անապահով խավերի համար, հիվանդանոցների մահճակալային ֆոնդի օպտիմալ օգտագործումը և պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների առավել նպատակային ու արդյունավետ օգտագործումը:
2009 թվականին հիվանդանոցային բուժհաստատությունների ֆինանսավորումը կշարունակվի կատարվել 2001 թվականին ներդրված «սահմանափակված (գլոբալ) բյուջեի» սկզբունքով հիմնված հիվանդությունների, մասնագիտացված բուժօգնության և անհետաձգելի վիճակների, վիճակագրության ու սպասարկվող տարածքի բնակչության թվի վրա:
Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների, հատկապես` անհետաձգելի վիճակների բուժօգնությունը, պետական պատվերի շրջանակներում կապահովվի նաև շտապ բժշկական օգնության ծառայության կողմից` կանչերի միջոցով, ամբողջ բնակչության համար:
Ծրագրի նպատակներն են`
ինֆեկցիոն հիվանդությունների վաղ հայտնաբերման, հիվանդների բուժօգնության կազմակերպման, շարունակական հսկողության, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչության ապահովումը.
տուբերկուլյոզի կանխարգելման, մահացության դեպքերի նվազեցման, հիվանդության ցուցանիշի կայունացման համալիր բուժկանխարգելիչ միջոցառումների իրականացումը.
սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխման և նվազեցման միջոցառումների իրականացումը.
սոցիալական հատուկ նշանակություն ունեցող ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, հիվանդների բուժման և շարունակական հսկողության համալիր միջոցառումների իրականացումը:
Ծրագրի իրականացումը թույլ կտա 2009 թվականին հիվանդանոցային մակարդակում`
բարձրացնել բնակչության բուժօգնության մատչելիությունը.
բարձրացնել բժշկական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ բաղադրիչների (դեղամիջոցներ, բժշկական պարագաներ, սնունդ և այլն) հագեցվածությունը.
նվազեցնել ոչ պաշտոնական ծախսերը (ստվերային շրջանառությունը).
բարձրացնել ժամանակակից սարքավորումներով անբավարար և անհամաչափ հագեցվածությունը.
տարածել նորագույն տեխնոլոգիաների կիրառում` հատկապես շրջաններում: