2008 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը հաստատելու մասին

 Հոդված 1. Հաստատել 2008 թվականի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահական պետական նպատակային ծրագրերը` համաձայն հավելվածի:

 

 Հոդված  2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

 

 

          ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

          ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                                    Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

          30 դեկտեմբերի 2007 թ.

          ք.Ստեփանակերտ

          ՀՕ-124

 

 

 

 

Հավելված

«2008 թվականի Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության առողջապահական պետական

նպատակային ծրագրերը հաստատելու մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ

Ծ Ր Ա Գ Ր Ե Ր

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

 

Բնակչության առողջության պահպանումը պետության կողմից դիտարկվում է որպես ազգային անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրներից մեկը:

Առողջապահական պետական նպատակային ծրագրերը նպատակաուղղված են բնակչության առողջության պահպանմանը, որոնց ֆինանսավորումը արտացոլված է յուրաքանչյուր տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում: 2008 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերն ընդգրկում են բնակչությանը մատուցվող` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու ծառայությունները:

2008 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերն են`

- բնակչության հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ապահովման  ծրագիրը,

- բնակչության առողջության առաջնային պահպանման ծրագիրը,

- մոր և մանկան առողջության պահպանման ծրագիրը,

- բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ծրագիրը,

- սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվան­դությունների դեմ պայքարի ծրագիրը:

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ  ՀԻԳԻԵՆԻԿ  ԵՎ  ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ  ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ԱՊԱՀՈՎՄԱՆ   ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի հիմնավորումը, նպատակները, արդյունավետությունը

 

Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը պետական կարևորագույն խնդիրներից է և երաշխավորվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով: Այս համակարգի անխափան գործունեության ապահովումը կենսական նշանակություն ունի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության առողջության պահպանման բնագավառում:

2002-2004 թվականներին հանրապետությունում իմունականխարգելման, մալարիայի, խոլերայի դեմ պայքարի և կանխարգելման համալիր հակահամաճարակային միջոցառումների իրականացման շնորհիվ, որոշ վարակիչ հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը բարելավվել է: 2000-2007 թվականներին հանրապետությունում չեն արձանագրվել դիֆթերիայի, փայտացման, խոլերայի, պոլիոմիելիտի դեպքեր: Եզակի են դարձել մալարիայի, կապույտ հազի, կարմրուկի դեպքերը:

Ազգային իմունիզացիայի ծրագրի կայուն ֆինանսավորումն ապահովելու նպատակով 2005 թվականից սկսած, բացի հումանիտար ճանապարհից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտի ծախսերում նախատեսվել են գումարներ` կենտրոնացված գնումների համակարգով համապատասխան քանակներով պատվաստանյութեր ձեռք բերելու համար:     

Ծրագրի իրականացումն ենթադրում է հետևյալ հիմնական խնդիրների լուծումը`

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հիգիենիկ և հակահամաճարակային պետական հսկողության միջոցառումների իրականացումը,

- ինֆեկցիոն և զանգվածային ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը,

- բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ ուսումնասիրությունների կազմակերպումը,

- բնակչության հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական-մեթոդական կանոնակարգումը,

- հիգիենիկ-համաճարակաբանական նորմերի և կանոնների պատշաճ համակարգի ստեղծումը,

         - բնակչության հիգիենիկ և բժշկական գիտելիքների մակարդակի բարձրացումը:

Ծրագրի իրականացումը թույլ կտա 2008 թվականի ընթացքում`

- նվազեցնել հեպատիտ Բ վիրուսակիրների թիվը,

- տուբերկուլյոզի հիվանդացությունը և մահացությունը իջեցնել 3%-ով,

- նվազեցնել մալարիայի առաջացման դեպքերը 5-ից ցածր մակարդակի` ըստ 100000 բնակչի, և պատրաստվել վերացնելու այս հիվանդությունը,

- պահպանել դիարեայի հիվանդությունների և մահվան դեպքերի ցածր մակարդակը,

- վերացնել  կարմրուկը և հռչակել կարմրուկից ազատված գոտի:

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի  հիմնավորումը, նպատակը, արդյունավետությունը

 

Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական իրադրությունը չէր կարող իր անդրադարձը չունենալ առողջապահության համակարգի վրա: Հանրապետության տնտեսական բարեփոխումների ֆոնի վրա առողջապահական համակարգն իր առանձնահատկությունների պատճառով չէր կարող անցնել բացարձակ շուկայական հարաբերությունների:

Պետական միջոցների սղության պայմաններում բնակչության բժշկական օգնություն ստանալու հավասարության և մատչելիության գրավականը կարող է հանդիսանալ առաջնային բժշկական օգնության հետ կապված խնդիրների գերակշիռ մասը:

Այդ  առումով առողջության առաջնային  պահպանումը և դրա իրականացման կարևորագույն օղակը` ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունը, պետք է գերակայող դեր ունենա առողջապահության ոլորտում:

2001 թվականին ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում ներդրվել է առողջության առաջնային պահպանման` յուրաքանչյուր բնակչի հաշվով միջինացված ֆինանսավորման նոր սկըզբունքը, որը նպաստեց առաջնային բժշկական օգնության մատչելիության բարձրացմանը, ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների կողմից իրականացվող բուժօգնության ծավալների ընդլայնմանը: Այդ սկզբունքով ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունները կշարունակեն  աշխատել նաև 2008 թվականին:

Հստակեցվել է ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից անվճար և արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերի տրման կարգը, որն ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության 2000 թվականի հունիսի 22-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ:

Ծրագրի նպատակներն են`

- բնակչության բժշկական օգնության ապահովման ընդհանուր ծավալում առաջնային բժշկական օգնության` հետևաբար և ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի դերի բարձրացումը, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը, բժշկական օգնություն ստանալու մատչելիության ընդլայնումը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կողմից իրականացվող բուժօգնության տեսակների և դրա տեսակարար կշռի մեծացման ապահովումը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը, հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը,

- ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում աշխատող բուժանձնակազմի հմտությունների ու գործունեության որակի բարձրացումը` առավել ուշադրություն դարձնելով գյուղական ամբուլատորիաների աշխատողներին:

2001 թվականին ամրագրված` յուրաքանչյուր բնակչի հաշվով միջինացված ֆինանսավորման սկզբունքը կիրականացվի նաև 2008 թվականին և կապահովի ֆինանսական և նյութական ռեսուրսների օգտագործման ավելի ճկուն և ռացիոնալ համակարգ: 2008 թվականին ամբուլատոր-պոլիկլինկական օղակում շարունակվելու է իրականացվել բուժօգնությունը տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների և նեղ մասնագետների կողմից` ամբողջ բնակչության համար, անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից, առանց այցելությունների սահմանափակման, ինչպես նաև ըստ բժշկական ցուցումների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը:

Ծրագրի իրականացումը թույլ կտա 2008 թվականի ընթացքում`

- սիրտ-անոթային հիվանդությունների հիվանդացության մակարդակը նվա­զեցնել միջինը 3%-ով,

- միկրոանոթային և մակրոանոթային բարդություններով շաքարախտով հիվանդ­ների հոսպիտալացման դեպքերի թիվը տարեկան նվազեցնել 2%-ով,

- հիպերտենզիայով հիվանդների բարդություններով հոսպիտալացման ցուցանիշը տարեկան նվազեցնել 1%-ով,

- ուռուցքային  հիվանդությունների վաղ ախտորոշման ցուցանիշը բարձրացնել    5%-ով,

- մեծացնել կանխարգելիչ միջոցառումների տեսակարար կշիռը առաջնային բուժկանխարգելիչ միջոցառումների մեջ,

- բարձրացնել ժամանակակից լաբորատոր-գործիքային ախտորոշիչ սարքա­վորումներով և տեխնոլոգիաներով, դեղորայքային և բուժպարագաներով հագեցվածությունը,

- բարձրացնել իրականացվող բժշկական օգնության որակը,

- բարձրացնել բնակչության ստվար հատվածի անվճարունակության հետ կապված մատչելիության մակարդակը:

 

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ  ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի հիմնավորումը, նպատակները, արդյունավետությունը

 

Մոր և մանկան առողջության պահպանումը բնակչության առողջության պահպանման կարևորագույն նախադրյալներից է, և, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, սոցիալ-տնտեսական անկման պայմաններում առաջին հերթին տուժում են երեխաները` հասարակության առավել խոցելի այն խավը, որն ապագայի կրողն է և, հետևաբար, որի պահպանումը ամենաառաջնահերթ խնդիրներից է: Վերարտադրողական առողջության պահպանման և մայրության հովանավորության հարցերը ևս եղել և մնում են յուրաքանչյուր պետության հոգածության առարկա:

Ծրագիրը բաղկացած է երկու փոխկապակցված մասից`

- երեխաների բժշկական օգնության կազմակերպում,

- մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովում:

 

Երեխաների բժշկական օգնության կազմակերպում

 

Երեխաների առողջության պահպանման խնդիրները գտնվում են պետության հովանավորության ներքո, և առողջապահության զարգացումը այս բնագավառում առավելապես հենվում է բժշկական օգնության կազմակերպման պետական համակարգի վրա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գերակա խնդիրների շարքում նրանց հիմնահարցերի լուծմանը միշտ առաջնահերթություն է տրվել:

Ծրագրի նպատակը երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալների և մատչելիության, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման ապահովումն է` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը:

Ծրագրի իրականացումը թույլ կտա 2008 թվականի ընթացքում`

- նվազեցնել մանկական` 0-1 տարեկան և մինչև 5 տարեկան, մահացության մակարդակը    առնվազն 1/4-ով, այդ թվում` շնչառական հիվանդություններից` 5%-ով, իսկ փորլուծային հիվանդություններից` 7%-ով,

         - ցածր քաշով և անհաս նորածինների թիվը կրճատել 1/4-ով,

- ապահովել երեխաների պատվաստումների 90%-ով ընդգրկվածությունը,

- ապահովել մինչև 4 ամսական երեխաների 55%-ի և մինչև 6 ամսական երեխաների 30%-ի բացառապես կրծքով սնուցումը և պահպանել դրա շարունակականությունը երեխայի կյանքի երկրորդ տարվա ընթացքում,

- սակավարյունության հետևանքով առաջացած խանգարումները կրճատել 7%-ով,

- ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների 35%-ի ընդգրկվածությունը անհատական վերականգնողական ծրագրերում` ծրագրերի իրականացման ճանապարհով,

- կրճատել նորածնային հիվանդացությունը և մահացությունը` նորածինների հիմնական խնամքի և վերակենդանացման ծառայությունների հզորացման, մարդկային ռեսուրսների զարգացման և նյութատեխնիկական հնարավորությունների ընդլայնման միջոցով,

- կանխարգելել ՄԻԱՎ-ի տարածումը երեխաների շրջանում` ապահովելով հղիների 60%-ի ընդգրկվածությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրում, և դեռահասների շրջանում` ՁԻԱՀ-ի վերաբերյալ հավաստի տեղեկատվության մատչելիություն երիտասարդների 70%-ի համար,

- մշակել և իրագործել ծրագրեր` ուղղված վաղ հասակի երեխաների և դեռահասների ֆիզիկական, մտավոր և հոգեկան զարգացմանը:

 

Մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության ապահովում

 

Վերարտադրողական առողջության պահպանման և մայրության պաշտպանության խնդիրները մշտապես գտնվել են պետության հովանավորության ներքո:

Ծրագրի նպատակը մայրության հովանավորումն է, ծննդօգնության և ընտանիքի պլանավորման ծառայությունների մատչելիության ապահովումը` ուղղված մայրական և շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:

Ծրագրով նախատեսվում է հղիության և անհետաձգելի գինեկոլոգիական վիճակների հետ կապված բուժօգնության տրամադրումը բոլոր կանանց համար ինչպես պոլիկլինիկայում, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում, իսկ սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց համար` նաև գինեկոլոգիական բուժօգնության կազմակերպումը:

         Ծրագրի իրականացումը թույլ կտա 2008 թվականի ընթացքում`

 - բարելավել  միայն մայրական  առողջությունը,

- ապահովել հղի կանանց վաղ ընդգրկումը տարածքային բուժհիմնարկներում` առնվազն 70%-ով,

- ապահովել մայրական մահացության բացակայության իրավիճակ,

- նվազեցնել ծննդաբերությունը տնային պայմաններում` ապահովելով ծննդաբերության մոտ  100% ընդգրկվածությունը ստացիոնար պայմաններում,

- նվազեցնել պերինատալ և վաղ  նեոնատալ մահացությունը 10%-ով:

Վերարտադրողական առողջության բարելավման նպատակով, մասնավորապես չբերության իջեցման, սեռական օրգանների նախաքաղցկեղային և քաղցկեղային հիվանդությունների  կանխ-արգելման, աբորտների նվազեցման նպատակով 2007 թվականի ընթացքում պետք է պետությունը ֆինանսավորի նաև`

- տարվա մեջ մեկ անգամ կանանց սեռական  օրգանների, հատկապես արգանդի վզիկի և կաթնագեղձերի   հետազոտումը կանանց կոնսուլտացիաներում,

- առաջնային չբերությամբ  տառապող կանանց հետազոտումը և բուժումը,

- հակաբեղմնավորիչ միջոցների տրամադրումը սոցիալապես անապահով խմբերին,

- մանկաբարձ-գինեկոլոգների և մանկաբարձուհիների վերապատրաստումը:

 

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ  ԸՆԴԳՐԿՎԱԾ  ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի հիմնավորումը, նպատակը

 

Սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը հատկապես բացասաբար է անդրադառնում բնակչության առավել անպաշտպան խավի` երեխաների, ծերերի, հաշմանդամների, աղքատների  առողջության հետ կապված խնդիրների վրա, որն արտահայտվում է հիվանդությունների ավելացմամբ, մահացության ցուցանիշների աճով: Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական ներկա վիճակից` պետության դերը բնակչության առավել անապահով խավերի սոցիալական պաշտպանվածության հարցերի, մասնավորապես առողջության հետ կապ-ված խնդիրների լուծման գործում հատուկ կարևորություն է ստանում:

Ծրագրի նպատակն է 2008 թվականին բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման մատչելիության բարձրացումը և առավելագույնս ապահովումը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը կհստակեցնի և կհաստատի սոցիալապես  անապահով և առան-ձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնության կազմակերպման կարգը:

Ծրագիրը նախատեսում է 2008 թվականի ընթացքում իրականացնել կանխարգելիչ, ախտորոշիչ և բժշկական օգնության ամենալայն ծավալ` հիվանդությունների բոլոր հիմնական խմբերի գծով, առողջապահության համակարգի բոլոր օղակներում` առանց մասնագետների ցանկի, հաճախումների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների թվի սահմանափակման:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ  ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի հիմնավորումը, նպատակները, արդյունավետությունը

 

Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի, բնակչության տեղաշարժի ակտիվացմամբ, լայնամասշտաբ հակահամաճարակային միջոցառումների անցկացման դժվարություններով, տեխնիկական առաջընթացով, քաղաքա­կենտրոնացումով (ուրբանիզացիա), արտաքին միջավայրի աղտոտմամբ, ապրելակերպի պայմանների փոփոխություններով և մի շարք այլ անբարենպաստ գործոնների ազդեցությամբ պայմանավորված` վերջին տարիներին  նկատվում է ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն որոշ հիվանդությունների աճ: Բացասական ռիսկի գործոններն ավելացնում են մարդու օրգանիզմի վրա սթրեսային ճնշումների ազդեցությունը և պատճառ դառնում այնպիսի հիվանդությունների թվի աճին, ինչպիսիք են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, դիաբետը, հոգեկան խանգարումները և այլն:

         Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելման միջոցառումներն իրականացվում են ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում (ներառյալ` դիսպանսերային բուժօգնությունը): Իսկ հիվանդությունների բուժումը հիմնականում կազմա-կերպվում է հիվանդանոցային պայմաններում:

Հիվանդանոցային բժշկական օգնությունը սովորաբար ցուցաբերվում է առավել ծանր հիվանդներին և ընդգրկում է արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը` մասնագիտացված կոնսուլտացիաներ, ախտորոշում, բուժում, վիրահատումներ, բուժական մանիպուլյացիաներ, անհրաժեշտ դեղամիջոցների կիրառում, բարդ տեխնոլոգիաների օգտագործում, տևական հսկողություն և հատուկ խնամք: Հիվանդանոցային բժշկական օգնությունն ամենուրեք դասվում է թանկ և ծախսատար ծառայությունների շարքին, որի ծախսերը կազմում են ամբողջ առողջապահության համակարգի ֆինանսավորման մոտ 50%-ը: Բժշկական ապահո-վագրության բացակայության, պետության կողմից հատկացվող սահմանափակ ֆինանսական միջոցների  օգտագործման և վերահսկման մեխանիզմների անկատար գործունեության պայմաններում հիվանդանոցային բժշկական օգնության առանց այդ էլ ծանր բեռը կրկնապատկվում է պետության և հասարակության համար:

Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի` յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալ անվճար` պետության կողմից երաշխավորված պետական նպատակային ծրագրերի շրջանակներում: Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից 2000-2005 թվականներին ընդունված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» համապատասխան որոշումների` հիվանդանոցային անվճար բժշկական օգնությունը և ծառայություններն իրականացվում են  հիմնականում երկու ուղիով`

1) բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում ընդգրկված ինֆեկցիոն հիվանդությունների և անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկերին համապատասխան` ամբողջ բնակչության համար.

2) բժշկական օգնության և ծառայությունների բոլոր տեսակները` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված բնակչության համար:

 Ծրագրի նպատակն է հիվանդանոցային բժշկական օգնության և ծառայությունների առավելագույնս մատչելիության ապահովումն ամբողջ բնակչության` հատկապես սոցիալապես անա-պահով խավերի համար, հիվանդանոցների մահճակալային ֆոնդի օպտիմալ օգտագործումը և պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների առավել նպատակային ու արդյունավետ օգտագործումը:

2008 թվականին հիվանդանոցային բուժհաստատությունների ֆինանսավորումը կշարունակվի կատարվել 2001 թվականին ներդրված «սահմանափակված (գլոբալ) բյուջեի» սկզբունքով հիմնված հիվանդությունների, մասնագիտացված բուժօգնության և անհետաձգելի վիճակների, վիճակագրության ու սպասարկվող տարածքի բնակչության թվի վրա:

Սոցիալապես կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների, հատկապես անհետաձգելի վիճակների բուժօգնությունը, պետական պատվերի շրջանակներում կա-պահովվի նաև շտապ բժշկական օգնության ծառայության կողմից` կանչերի միջոցով, ամբողջ բնակչության համար:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը կհստակեցնի և կհաստատի պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների շրջանակներում հիվանդանոցային բուժօգնություն պահանջող սոցիալապես հատուկ նշանակություն ունեցող  հիվանդությունների ցանկը, ինչպես նաև այդ հիվանդություններով տառապող անձանց ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման կարգը:

Ծրագրի նպատակներն են`

- ինֆեկցիոն հիվանդությունների վաղ հայտնաբերման, հիվանդների բուժօգնության կազմակերպման, շարունակական հսկողության, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչության ապահովումը,

- տուբերկուլյոզի կանխարգելման, մահացության դեպքերի նվազեցման, հիվանդության ցուցանիշի կայունացման համալիր բուժկանխարգելիչ միջոցառումների իրականացումը,

- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխման և նվազեցման միջոցառումների իրականացումը,

- սոցիալական հատուկ նշանակություն ունեցող ոչ ինֆեկցիոն հիվանդությունների   կանխարգելման, վաղ հայտնաբերման, հիվանդների բուժման և շարունակական հսկողության համալիր միջոցառումների իրականացումը:

Ծրագրի իրականացումը թույլ կտա 2008 թվականի ընթացքում հիվանդանոցային մակարդակում`

- իրականացվող բուժօգնության և սպասարկման փոխհատուցումը մոտեցնել իրական ծախսերին,

- բարձրացնել բնակչության բուժօգնության մատչելիությունը,

- բարձրացնել բժշկական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ որոշ բաղադրիչների (դեղամիջոցներ, բժշկական պարագաներ, սնունդ և այլն) հագեցվածությունը,

- նվազեցնել ոչ պաշտոնական ծախսերը (ստվերային շրջանառությունը),

- բարձրացնել ժամանակակից սարքավորումներով անբավարար և անհամաչափ հագեցվածությունը,

- տարածել նորագույն տեխնոլոգիաների կիրառում` հատկապես շրջաններում: