ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանն ընդունել է ԱՀՀ պատվիրակությանը
21 հունիսի 2016

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 21-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին եւ ԱՀՀ Երեւանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Ողջունելով  հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Ամերիկայի  հայկական համագումարի դերակատարությունը Միացյալ Նահանգներում հայկական շահերի պաշտպանության գործում, ինչպես նաեւ կառույցի կողմից Արցախի հանդեպ ընդգծված ուշադրությունը, որն արտահայտվում է  նրա ղեկավարների հաճախակի այցելություններով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը նշել  է, որ իր վերջին այցից հետո դրական տեղաշարժեր է տեսնում Արցախում: Իր խոսքում Էնթոնի Բարսամյանը ընդգծել է, որ Ամերիկայի հայկական համագումարի գործունեության մեջ կարեւոր տեղ է գրավում  ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ Արցախի դիրքորոշումներն ու տեսակետներն ԱՄՆ պետական ու հասարակական շրջանակներին ներկայացնելու խնդիրը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններին, Արցախի միջազգային ճանաչմանը եւ տարածաշրջանային այլ խնդիրներին:

 

 

ԼՈՒՐԵՐ