ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանն ընդունել է բուլղարացի խորհրդարանականներին
25 մայիսի 2016

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 25-ին ընդունել է Արցախ ժամանած Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներ «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցության նախագահ Վալերի Սիմեոնովին, տեղակալ Վալենտին Կասաբովին և նույն կուսակցության անդամներ Խրիստիան Միտևին ու Դիմիտր Բայրակտարովին:

Հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և Արցախ կատարած այցի ընթացքում պատվիրակությանն ուղեկցող ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ բարձր է գնահատում եվրոպացի պատգամավորների ցանկությունը տեղեկանալու ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին տեղի ունեցած իրադարձությունների և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:

«Մեզ համար շատ կարևոր է, որ եվրոպական կառույցներում ներկայացված պատգամավորները տիրապետեն ճշգրիտ ինֆորմացիայի, քանի որ ադրբեջանական կողմը հիմնականում ներկայացնում է իրականության հետ կապ չունեցող եւ աղավաղված տեղեկատվություն»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Խորհրդարանի նախագահը նաև գոհունակություն է հայտնել Բուլղարիայի իշխանությունների՝ հայկական սփյուռքի հետ ակտիվ համագործակցության առթիվ, ինչն արտահայտվում է Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հստակ դիրքորոշմամբ:

Բուլղարացի խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ԼՂՀ ԱԺ նախագահին ընդունելության համար և նշել, որ իրենք Արցախ  են ժամանել ճանաչողական այցով եւ ցանկություն ունեն ծանոթանալ Ադրբեջանի նախաձեռնած ապրիլյան ագրեսիայի հետևանքներին եւ ԼՂՀ-ում առկա իրավիճակին: Նրանք նաև հույս են հայտնել, որ այս այցը սկիզբ կդառնա երկու երկրների խորհրդարանականների միջև հետագա սերտ համագործակցության:

Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ տնտեսական զարգացմանը, ինչպես նաև մշակութային ժառանգությանը վերաբերող հարցեր:

ԼՈՒՐԵՐ