«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                             Ընդունված է 2012թ. դեկտեմբերի 26-ին

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի ապրիլի 19-ի ՀՕ-279 օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝ «ակտիվի արժեք» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ակտիվի արժեք՝ ակտիվի հաշվեկշռային արժեք.»:

 

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն օրենքի հնարավոր խախտումների կանխման նպատակով Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու զգուշացում տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների և (կամ) վարքագծի վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնելտնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանգործողությանը կամ վնասել սպառողների շահերը:»:

 

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 27.

Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսվող տուգանքի չափերը

 

1. Սույն օրենքը խախտելու համար տնտեսավարող սուբյեկտները, պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

2. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը, այդ համաձայնությանը մասնակցելը) առաջացնում է տուգանքի նշանակում` հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելու (կայացնելու, դրան մասնակցելու) նախորդ տարվա հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ:

Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) միջոցով գների չհիմնավորված բարձրացման հետևանքով տնտեսավարող սուբյեկտի ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե: Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց չկիրառելու մասին, եթե տնտեսավարող սուբյեկտը, մինչև տվյալ համաձայնության առնչությամբ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի հարուցումը, օրենքով սահմանված կարգով, իր նախաձեռնությամբ առաջինն է դիմում Հանձնաժողովին և կամովին պարտավորվում դադարեցնել այդ հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը և հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող այնպիսի ապացույց(ներ), որը (որոնք), ըստ Հանձնաժողովի, բավարար հիմք է(են) տվյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու համար: Տնտեսավարող սուբյեկտը լիովին ազատվում է հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նախատեսված պատասխանատվությունից, եթե Հանձնաժողովին տրամադրում է հետևյալ ապացույցները`

- դիմողի անվանումը և հասցեն,

- հակամրցակցային համաձայնությանը մասնակցող (մասնակցած) բոլոր տնտեսավարող սուբյեկտների անվանումները և այլ տեղեկություններ,

- հակամրցակցային համաձայնության մանրամասն նկարագրությունը, ներառյալ` դրա նպատակը, դրսևորման եղանակը, համաձայնության առարկա հանդիսացող ապրանքը, հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) ամսաթիվը, տևողությունը, վայրը, այլ տվյալներ,

- բոլոր այն անձանց անունները, պաշտոնները, հասցեները, որոնք ներգրավված են, ներգրավված են եղել կամ կարող են ներգրավված լինել հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) գործընթացում,

- հակամրցակցային համաձայնությանն առնչվող` դիմողի տրամադրության տակ գտնվող այլ ապացույցներ:

Հանձնաժողով դիմած տնտեսավարող սուբյեկտը չի կարող ազատվել սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունից, եթե նա չի կատարել հետևյալ պայմանները կամ դրանցից որևէ մեկը`

- տնտեսավարող սուբյեկտը դիմումը ներկայացնելու պահից սկսած Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացքում պատշաճ կերպով չի օժանդակում համաձայնության փաստի բացահայտմանը, մասնավորապես, չի ներկայացնում հակամրցակցային համաձայնությանն առնչվող` իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունը (ապացույցները) և (կամ) օպերատիվ կերպով չի տրամադրում դրանք, չի ապահովում իր աշխատակիցներից համապատասխան տեղեկատվություն ստանալու հնարավորության ընձեռումը: Դիմող տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է նաև ձեռնպահ մնալ հակամրցակցային համաձայնությանն առնչվող տեղեկատվության (ապացույցների) ոչնչացումից, կեղծումից, դրանց կամ իր դիմումում առկա տվյալների տարածումից, հրապարակումից` մինչև Հանձնաժողովի կողմից որոշման կայացումը կամ Հանձնաժողովի համաձայնությունը և այլն,

- տնտեսավարող սուբյեկտը դիմում ներկայացնելուց անմիջապես հետո չի դադարեցնում իր մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը:

Սույն մասի երրորդ պարբերությունում սահմանված դեպքում Հանձնաժողով դիմած տնտեսավարող սուբյեկտի` սույն օրենքի խախտմամբ ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:

3. Գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտման նախորդ տարվա հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ:

Գների չհիմնավորված բարձրացման միջոցով գերիշխող դիրքի չարաշահմամբ տնտեսավարող սուբյեկտի ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:

4. Սույն օրենքով նախատեսված դեպքում համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելն առաջացնում է տուգանքի նշանակում` համակենտրոնացման մասնակից տնտեսավարող սուբյեկտի` համակենտրոնացմանը մասնակցելու նախորդ տարվա հասույթի մինչև չորս տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ համակենտրոնացման մասնակից տնտեսավարող սուբյեկտի` համակենտրոնացմանը մասնակցելուն նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև չորս տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ:

5. Անբարեխիղճ մրցակցության գործողությունն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև հինգ հարյուր հազար դրամի չափով:

Սույն մասով նախատեսված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ միլիոն դրամի չափով:

6. Արգելված պետական օժանդակություն ստանալն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտման նախորդ տարվա հասույթի մինչև երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ:

7. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև հինգ հարյուր հազար դրամի չափով:

Սույն մասով նախատեսված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև երկու միլիոն դրամի չափով:

8. Հանձնաժողովին, Հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև հինգ հարյուր հազար դրամի չափով:

9. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելու, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև հինգ միլիոն դրամի չափով:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2012թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-49-Ն