Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2015թ. հոկտեմբերի 29-ին

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Ֆիզիկական կուլտուրան ազգային մշակույթի մի մասն է: Արդար խաղի, հարգանքի և համագործակցության վրա հիմնված սպորտը դիտվում է որպես ժողովուրդների մերձեցման, խաղաղության և բարեկամության հաստատման ու ամրապնդման միջոց:

2. Սույն օրենքը կարգավորում և սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, ինչպես նաև այն սկզբունքները, որոնք պետք է պահպանվեն միջազգային մարզական շարժմանն ինտեգրվելու համար:

 

Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ֆիզիկական կուլտուրա՝ մարդու առողջ ապրելակերպի և ֆիզիկական կատարելագործման համար հասարակության կողմից ստեղծված և օգտագործվող հոգևոր ու նյութական արժեքների ամբողջություն.

2) ֆիզիկական դաստիարակություն՝ բնակչության առողջության ամրապնդմանը, աշխատունակության բարձրացմանը և երկարակեցությանը, ֆիզիկապես կոփված ու բարոյապես կայուն սերնդի ձևավորմանն ուղղված կազմակերպված գործընթաց.

3) սպորտ՝ ֆիզիկական կուլտուրայի բաղկացուցիչ մաս, պատմականորեն առաջացած՝ մարդկանց մրցակցական գործունեության և մրցումների նախապատրաստման հատուկ մասնագիտական մարզումների գործընթաց.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմ՝ մարզաձևի լավագույն մարզիկներով, մարզիչ-մանկավարժներով, բժիշկներով և այլ մասնագետներով համալրված թիմ, որը նախապատրաստվում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի ներքո մասնակցում է միջազգային մարզական միջոցառումներին.

5) սիրողական սպորտ՝ մարզական զանգվածային գործունեություն, ֆիզիկական դաստիարակության բաղկացուցիչ մաս, ըստ նախասիրության՝ տարբեր մարզաձևերում շնորհալի և հեռանկարային անհատներին ի հայտ բերելու միջոց.

6) պրոֆեսիոնալ սպորտ՝ սպորտի բնագավառում շահույթ հետապնդող գործունեություն, որին մասնակցում են պրոֆեսիոնալ մարզական կազմակերպությունները (լիգաներ, ակումբներ, թիմեր), սպորտը որպես մասնագիտություն ընտրած մարզիկները.

7) օլիմպիական շարժում՝ սպորտի զարգացմանը, մարդու հոգևոր և ֆիզիկական կատարելությանը, միջազգային սպորտային փոխհամագործակցությանը նպատակաուղղված հասարակական շարժում.

8) ֆիզկուլտուրային,  մարզական չափորոշիչներ՝ ֆիզիկական վարժությունների համալիր առաջադրանքներ, որոնց կատարման արդյունքներով բացահայտվում են բնակչության տարբեր տարիքային և առողջական խմբերի ֆիզիկական պատրաստականության մակարդակն ու առողջական վիճակը.

9) մարզիչ-մանկավարժ՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ուսումնական ծրագրով մարզական, մանկավարժական գործունեություն իրականացնող մասնագիտական կրթություն ունեցող անձ.

10) մարզիկ (մարզուհի)՝ որևէ մարզաձևով կանոնավոր զբաղվող և տվյալ մարզաձևից մարզական կարգ ունեցող անձ:

 

Հոդված 3.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենսդրությունը

 

1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 4.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի օրենսդրության խնդիրները

 

1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի օրենսդրության խնդիրներն են՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված՝ պետության կողմիցֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը նպաստելու իրավական մեխանիզմների ստեղծումը.

2) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգի գործառնության և զարգացման համար իրավական երաշխիքների ապահովումը.

3) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգի կառավարման իրավասությունների բաշխումն ու տարանջատումը, գործառույթների կանոնակարգումը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզական հասարակական կազմակերպությունների, միությունների և ընկերությունների միջև.

4) այդ բնագավառի իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների, պարտականությունների, պատասխանատվության սահմանումն ու փոխհարաբերությունների իրավական կարգավորումը:

 

Հոդված 5.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականությունը

 

1. Պետությունը նպաստում և աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ֆիզիկականկուլտուրայի և սպորտի զարգացմանը:

2. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է տարեկան ծրագրի միջոցով: Տարեկան ծրագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:

 

Հոդված 6.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները

 

1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝

1) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումն ու երկարակեցության ապահովումը.

2) տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.

3) հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը.

4) բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը.

5) պետական ծրագրի միջոցով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգի կատարելագործումը.

6) մարզիկների շրջանում արդար խաղի գաղափարի ամրապնդումը, մրցակցի հանդեպ հարգանքի, ազնիվ վերաբերմունքի ոգով դաստիարակումը, օլիմպիզմի գաղափարների, մարզական էթիկայի կանոնների պահպանումը և սպորտում դոպինգ օգտագործելու, ֆիզիկական և բարոյական կոպտության դեմ պայքարը:

 

Հոդված 7.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական երաշխիքները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական երաշխիքներն են՝

1) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու, այդ բնագավառը որպես մասնագիտություն ընտրելու, ֆիզկուլտուրային և օլիմպիական շարժմանը մասնակցելու մարդկանց հավասար իրավունքների ապահովումը.

2) բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովումը, «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդումն ուսումնական բոլոր հաստատություններում.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջնությունների անցկացման, օլիմպիական խաղերին, Հայաստանի Հանրապետության, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, համահայկական խաղերին, համաշխարհային ունիվերսիադաներին, միջազգային և այլ մրցաշարերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի ու մարզիկների նախապատրաստման և մասնակցության ֆինանսավորումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին.

4) աջակցությունը մանկապատանեկան մարզադպրոցների ցանցի ընդլայնմանը, դրանց նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը.

5) այդ բնագավառի համար կադրերի պատրաստման, վերապատրաստման ապահովումը, բնակչությանֆիզիկական դաստիարակության և բարձրագույն նվաճումների՝ սպորտի հիմնահարցերին վերաբերող գիտական հետազոտությունների նպատակային ֆինանսավորումը.

6) աջակցությունը ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական և ուսումնական բազաների պահպանմանն ու նպատակային օգտագործմանը, նոր ուսումնամարզական բազաների կառուցմանը.

7) մարզական գույքի արտադրության և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում այլ տնտեսական գործունեության խթանումը.

8) մարզական գործունեության ընթացքում պրոֆեսիոնալ մարզիկների հաշմանդամ դառնալու դեպքում սոցիալական պաշտպանության ապահովումը:

 

Հոդված 8.

Ֆիզիկական  կուլտուրայի և սպորտի բնագավառում  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության իրավասությունը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

1) հաստատում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական քաղաքականության հայեցակարգը.

2) սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական պատվերի տեղադրման կարգը.

3) հաստատում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի նորմատիվ ակտերը.

4) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Գ Լ ՈՒ Խ 2

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ

ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 9.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգի կառուցվածքը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգը պետական կառավարման լիազորված մարմնի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների ամբողջությունն է: Այդ համակարգի մասն են կազմում ֆիզիկականկուլտուրայի և սպորտի բնագավառի հետևյալ հասարակական կազմակերպությունները՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեն (այսուհետ՝ ԼՂՀՕԿ).

2) մարզաձևերի ֆեդերացիաները.

3) այլ մարզական հասարակական կազմակերպությունները, միությունները և ընկերությունները:

 

 

Հոդված 10.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը՝

1) իրականացնում է բնագավառի միասնական պետական քաղաքականությունը և զարգացման ռազմավարությունը.

2) համադասում է պետական և տարեկան ծրագրերի մշակման գործընթացը: Մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում այդ ծրագրերով նախատեսված պետական պատվերների տեղադրման կարգը.

3) համադասում է բնակչության շրջանում տարվող ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական աշխատանքները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի համալրման գործընթացը.

4) շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, ԼՂՀՕԿ-ի, այլ մարզական կազմակերպությունների հետ մշակում և հաստատում է ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչները: Մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնումֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի նորմատիվ ակտերը.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ կազմում և հաստատում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների, սովորող երիտասարդության և ուսանողների ֆիզիկական դաստիարակության պետական ծրագրերը.

6) իրականացնում է այդ բնագավառի գիտամեթոդական ապահովումը, կազմակերպում է ֆիզկուլտուրային կադրերի, այդ թվում՝ մարզիչ-մանկավարժների պատրաստումը և վերապատրաստումը.

7) համագործակցում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ.

8) ԼՂՀՕԿ-ի և օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացմամբ հաստատում է օլիմպիական խաղերի նախապատրաստման քառամյա փուլային ծրագիրը, հանրապետական մարզական և հանրային միջոցառումների օրացուցային պլանը.

9) աջակցում է հաշմանդամների շրջանում ֆիզկուլտուրային և մարզական ծրագրերի իրականացմանը.

10) իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային պայմանագրեր.

11) տարածքային կառավարման մարմինների հետ համատեղ կազմակերպում է ոլորտի տարածքային քաղաքականության իրականացումը.

12) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի վաստակաշատ անձանց առաջարկում է ներկայացնել պետական պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների.

13) շնորհում է մարզական կարգեր, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի լավագույն աշխատողներին և կազմակերպություններին պարգևատրում է մեդալներով, մրցանակներով ու դիպլոմներով.

14) կազմակերպում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների, սովորողների ֆիզիկականզարգացման և ֆիզիկական պատրաստվածության տվյալների ընդհանրացումն ու վերլուծումը.

15) կազմակերպում է ուսումնական հաստատություններում մանուկների, երիտասարդների, այդ թվում՝ հաշմանդամների ֆիզիկական ունակությունների զարգացումը.

16) կազմակերպում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի կատարելագործումն ու զարգացումը, ընդլայնում մանկապատանեկան մարզադպրոցների ցանցը.

17) կազմակերպում է ազգային, միջազգային մարզական միջոցառումներ ու մրցումներ սովորողների համար.

18) մշակում և հաստատում է ուսումնական հաստատությունների արտաուսումնական մարզական խմբերի գործունեության կարգը.

19) սահմանում է մարզական ուղղվածության դասարան ստեղծելու կարգը.

20) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 11.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորությունները

 1. Առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը՝

1) օժանդակում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին մարզական բժշկության կադրերի վերապատրաստման, ինչպես նաև մարզական բժշկության նպատակային ծրագրերի իրականացման գործում.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օժանդակում էֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին դոպինգի դեմ պայքարի միջոցառումներն իրականացնելիս.

3) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատությունների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման համար դպրոցականներին բժշկական համապատասխան խմբերի դասելու չափորոշիչը.

4) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է մարզիկների առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական զննություններ.

5) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի, աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հետ աջակցում է հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող մարզական հասարակական կազմակերպություններին:

2. Պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը՝

1) կազմակերպում է զինվորականների ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստականությունը.

2) աջակցում է զինծառայող մարզիկներին` մարզվելու և մրցումներին մասնակցելու համար, նպաստում ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված ուժեղագույն մարզիկների մարզական վարպետության հետագա կատարելագործմանը մարզական վաշտում:

3. Աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը՝

1) աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզկուլտուրայի և սպորտի ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին.

2) կազմակերպում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատուն, գիշերօթիկ հաստատություն, տուն-ինտերնատ) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտ պայմաններ:

4. Ոստիկանության, ազգային անվտանգության և արտակարգ իրավիճակների բնագավառների պետական կառավարման լիազորված մարմինները՝

1) կազմակերպում են ոստիկանության, ազգային անվտանգության մարմիններում և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ընդհանուր և հատուկ մասնագիտական ֆիզիկականպատրաստվածությունը.

2) աջակցում են իրենց լավագույն մարզիկներին մարզվելու և մրցումներին մասնակցելու համար.

3) նպաստում են ոստիկանության, ազգային անվտանգության մարմիններում և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում ծառայող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված ուժեղագույն մարզիկների մարզական վարպետության հետագա կատարելագործմանը՝ ըստ ծառայության վայրի:

 

Հոդված 12.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների լիազորությունները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում

 

1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տարածքային կառավարման մարմինները՝

1) մշակում և հաստատում են իրենց տարածքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման առաջնային ուղղությունները, հսկողություն են իրականացնում տարածքում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ.

2) համադասում են մանկապատանեկան մարզադպրոցների, հանրակրթական դպրոցների, մարզական հերթափոխի պատրաստման, մարզաձևերի զարգացման և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման գործընթացը.

3) աջակցում են մարզական կազմակերպությունների հանրապետական առաջնություններին, միջազգային մրցումներին շրջանի և համայնքների մարզիկների ու թիմերի մասնակցությանը.

4) իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

 

Հոդված 13.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների դերը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում

 

1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները նպաստում են՝

1) համայնքի տարածքում պետական ծրագրերի իրագործմանը.

2) նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական և այլ ուսումնական հաստատություններումֆիզիկական կուլտուրայի ուսուցման գործընթացին.

3) համայնքների բնակչության շրջանում ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական միջոցառումների կազմակերպմանը.

4) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ստեղծման, բարելավման և հետագա ամրապնդման գործընթացին.

5) մանկապատանեկան մարզադպրոցների ցանցի ընդլայնմանը և մարզաձևերի զարգացմանը:

 

Հոդված 14.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեն

 

1. ԼՂՀՕԿ-ն գլխավորում է օլիմպիական շարժումը երկրում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի և օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների հետ ԼՂՀՕԿ-ն մշակում և իրագործում է բարձրագույն նվաճումների՝ սպորտի զարգացման միասնական քաղաքականությունը:

2. ԼՂՀՕԿ-ն գործում է Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիային, իր կանոնադրությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին համապատասխան:

3. ԼՂՀՕԿ-ն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցությունն օլիմպիական խաղերին ու Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մյուս միջոցառումներին:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերը և մարզիկներն օլիմպիական խաղերին և Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցումներին մասնակցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի ներքո:

5. Օլիմպիական շարժման և բարձրագույն նվաճումների՝ սպորտի զարգացման հարցերում ԼՂՀՕԿ-ն համադասում է հասարակական մարզական կազմակերպությունների աշխատանքները:

6. ԼՂՀՕԿ-ն մարզաձևերի ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացմամբ մշակում է օլիմպիական խաղերի նախապատրաստման քառամյա փուլային ծրագիրը:

7. ԼՂՀՕԿ-ն Միջազգային օլիմպիական կոմիտեի խորհրդանիշների, նշանաբանների պահապանն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական խորհրդանիշները գովազդային կամ այլ նպատակներով կարող են օգտագործվել միայն ԼՂՀՕԿ-ի թույլտվությամբ և պայմաններով:

8. ԼՂՀՕԿ-ն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է պետական բյուջեի նպատակային հատկացումների, ֆինանսական սեփական միջոցների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրների հաշվին:

 

Հոդված 15.

Մարզաձևերի ֆեդերացիաները

 

1. Մարզաձևերի ֆեդերացիաները՝

1) մշակում և իրականացնում են մարզաձևերի զարգացման ծրագրեր, կազմակերպում են հանրապետական առաջնություններ, ուսանողական մարզական խաղեր, նախապատրաստում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերին և մարզիկներին՝ Հայաստանի Հանրապետության, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային ունիվերսիադաներին և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար.

2) քառամյա փուլային ծրագրով նախապատրաստում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերը՝ օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

 

Հոդված 16.

Այլ մարզական հասարակական կազմակերպությունները, միությունները, ընկերությունները և ակումբները

 

1. Այլ մարզական հասարակական կազմակերպությունները, միությունները, ընկերություններն ու ակումբներն իրականացնում են ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական հանրային միջոցառումներ, ինչպես նաև մարզաձևերի զարգացման և մարզական հերթափոխի պատրաստման ծրագրեր:

 

Գ Լ ՈԻ Խ 3

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Հոդված 17.

Սեփականության հարաբերությունները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում

 

1. Պետական ու համայնքային ենթակայության ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպության գործունեությունն ապահովելու նպատակով հիմնադիրը կազմակերպությանն է հանձնում շենքեր, շինություններ, մարզական և այլ անհրաժեշտ գույք, որոնք պետք է օգտագործվեն կանոնադրական խնդիրներն իրականացնելու նպատակով:

2. Ոչ պետական ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպությունների սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք, բացի գույքի այն տեսակներից, որոնք արգելված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով:

 

Հոդված 18.

Ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպությունների ֆինանսավորումը

 

1. Պետական բյուջեից ֆիզկուլտուրային և մարզական հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է պետական պատվերի տեղադրման, նպատակային ծրագրերի և դրամաշնորհների ձևով:

2. Ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպությունների ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական ևֆիզիկական անձանց կատարած ներդրումները.

2) սեփական միջոցները, որոնք գոյանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեության այլ ձևերից.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ միջոցները:

 

Գ Լ ՈՒ Խ 4

ՄԱՐԶԻԿՆԵՐԸ: ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

Հոդված 19.

Սիրողական և պրոֆեսիոնալ մարզիկները

 

1. Սիրողական մարզիկներ են համարվում այն անձինք, որոնք մրցումներին նախապատրաստվում և մասնակցում են սիրողական սկզբունքով:

2. Պրոֆեսիոնալ մարզիկներ են համարվում սպորտը որպես մասնագիտություն ընտրած անձինք, որոնք իրենց մարզական գործունեության համար վարձատրվում են:

3. Պրոֆեսիոնալ մարզիկի գործունեությունը կարգավորվում է ազգային ֆեդերացիաների և մարզական այլ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով:

 

Հոդված 20.

Մարզական գործունեության մասին պայմանագիրը և մարզիկների տեղափոխություններն այլ մարզական կազմակերպություններ

 

1. Մարզական գործունեության մասին պայմանագիրը կնքվում է մարզիկի և մարզական կազմակերպության միջև:

2. Պայմանագիրը պետք է բովանդակի մարզիկի իրավունքները և պարտավորությունները, բժշկական, սոցիալական ապահովագրության, պայմանագրի ժամկետի երկարաձգման, պայմանագրի լուծման, մարզումների, միջոցառումների մասնակցության անհրաժեշտ պայմանների ստեղծման, նյութական ապահովման վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև այլ պայմաններ:

3. Մարզիկների տեղափոխություններն այլ մարզական կազմակերպություններ կամ օտարերկրյա ակումբներ կարող են իրականացվել պայմանագրի ժամկետը լրանալու և (կամ) դրանում նախատեսված պարտավորությունների կատարման դեպքում:

Մարզական կազմակերպությունների փոխադարձ համաձայնության դեպքում մարզիկի տեղափոխությունը կարող է իրականացվել նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալը:

Մարզիկների՝ կազմակերպությունից կազմակերպություն տեղափոխության կանոնները, տրանսֆերտային վճարումները, փոխհատուցումները, մարզիկին պատրաստող ակումբի շահերը կարգավորվում են պայմանագրերով՝ օրենսդրությանը համապատասխան:

4. Պետական պատվերով ֆինանսավորվող ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպություններում ընդգրկված մարզիկների և մարզիչների տեղափոխությունների կարգն այլ մարզական կազմակերպություններ սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Հոդված 21.

Անցումային դրույթ

 

1. Մինչև ԼՂՀՕԿ-ի ստեղծումը նրա գործառույթներն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Հոդված 22.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 22-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՕ-71 օրենքը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. նոյեմբերի 18

Ստեփանակերտ

ՀՕ-45-Ն