Ընդունված է 2012թ. սեպտեմբերի 19-ին
Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-201 օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում «բ» կետի «մշտապես ապրող» բառերը փոխարինել «գտնվող» բառով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ հոդվածի 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է ամուսնության մեջ գտնվող անձանց, ամուսնության մեջ չգտնվող տղամարդու կամ կնոջ հայտարարությամբ, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից, ապա ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթղթի հետ ներկայացվում է նաև փոխնակ մոր հետ օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի մեկ օրինակը:»:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ամուսնության մեջ գտնվող անձինք, ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից, ծննդի պետական գրանցման գրքում գրանցվում են որպես ծնողներ (ծնող)` փոխնակ մոր հետ կնքած պայմանագրի հիման վրա:»:
Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ոչ ուշ, քան երեք ամիսը: Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցման 10-օրյա ժամկետը կարող է կրճատվել հարգելի պատճառների առկայության դեպքում: Ամուսնության գրանցման ժամկետը կրճատելու համար հիմք համարվող հարգելի պատճառներ են`
1) ամուսնացող անձանց համատեղ երեխա (ներ) ունենալը.
2) ամուսնացող կնոջ հղիությունը (առնվազն 12 շաբաթական).
3) ամուսնացող անձի զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության.
4) ամուսնացող անձի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում ծառայության կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամուսնացող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` միմյանց կամ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության դեպքում ամուսնացողների կամ նրանցից մեկի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից երկարատև ժամանակով մեկնելու (բացակայելու) դեպքում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասեր.
«1.1.Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարգելի պատճառները պետք է հաստատված լինեն համապատասխան փաստաթղթերով (կնոջ հղիության վերաբերյալ բժշկական տեղեկանք, երեխայի ծննդյան և հայրության ճանաչման վկայական, զինվորական ծառայության վայրից տեղեկանք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից մեկնելու փաստը հաստատող փաստաթուղթ):
1.2. Ամուսնության պետական գրանցման ժամկետը, ելնելով կոնկրետ հանգամանքներից, կարող է կրճատվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի թույլտվությամբ:»:
Հոդված 6. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասում և 58-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «խնդրանքով» բառը փոխարինել «դիմումի հիման վրա» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
22 սեպտեմբերի 2012թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-22-Ն |
|