Ընդունված է 2015 թվականի
դեկտեմբերի 23-ին
Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.2-րդ հոդվածով.
«Հոդված 20.2.
1. Նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) և հարկային մարմնում հավաստագրված հարկ վճարողները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի` գործունեությունը սկսելու ամսվանից երեք ամսվա ընթացքում (այսուհետ` հավաստագրի գործողության ժամկետ) ազատվում են «Առևտրի հարկի մասին», «Հաստատագրված վճարների մասին» և «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված` առևտրի հարկի, հաստատագրված վճարի և արտոնագրային վճարի կատարումից: Սույն մասի կիրառման առումով գործունեությունը սկսելու ամիսն ընդունվում է որպես ամբողջական ամիս` անկախ գործունեությունը սկսելու ամսաթվից:
2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում`
1) այն հարկ վճարողների վրա, ովքեր ստեղծվել են այլ հարկ վճարողի վերակազմակերպման արդյունքում կամ այլ հարկ վճարողի դուստր ընկերություն են.
2) այն ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) վրա, ովքեր հաշվառվել են գործունեության դադարեցումից հետո և գործում են նախկինում տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարի ներքո.
3) այն հարկ վճարողների վրա, որոնց կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայերի սեփականատերը ունի այլ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժին (բաժնետոմս, բաժնեմաս), որը դիմումի ներկայացման պահին իրականացնում է նույնատիպ գործունեություն.
4) այն հարկ վճարողների վրա, ովքեր երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից) ստացված տեղեկությունների հիման վրա` ընդհանուր տնտեսական շահերից ելնելով` համաձայնեցված գործելու հիմքով վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ճանաչվել են այլ հարկ վճարողի հետ փոխկապակցված.
5) այն հարկ վճարողների վրա, որոնց «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` առևտրի հարկով հարկվող գործունեությունից իրացման շրջանառությունը հավաստագրի գործողության ժամկետում գերազանցել է 30 000 000 ՀՀ դրամը (գերազանցման պահից նրանց նկատմամբ դադարեցվում է արտոնությունը և գերազանցող մասի համար առևտրի հարկը հաշվարկվում է «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրեն-քով սահմանված կարգով, չափով և ժամկետներում).
6) «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ժգ», «ժդ» «ժդ1», «ժէ» և (կամ) «ժը» կետերով գործունեություն իրականացնող հարկ վճարողների վրա` նշված գործունեությունների մասով.
7) այն հարկ վճարողների վրա, ովքեր գործունեություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս.
8) այն հարկ վճարողների վրա, ովքեր մինչև սույն հոդվածով սահմանված դիմումի ներկայացումը իրականացրել են օրենսդրությամբ չարգելված` ցանկացած տեսակի ձեռնարկատիրական գործունեություն:
Հավաստագրի գործողության ժամկետում սույն մասի 5-րդ կետով սահմանված փաստը տեղի ունենալու դեպքում հավաստագրված անձը պարտավոր է դիմել հարկային մարմին` հավաստագրի գործողության դադարեցման կամ փոփոխության համար:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջները բավարարող հարկ վճարողները նախապես` մինչև գործունեությունը սկսելը, հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում`
1) դիմում հավաստագիր ստանալու մասին.
2) հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն` սույն հոդվածի պահանջների բավարարման վերաբերյալ:
4. Հարկային մարմինը դիմումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին է տրամադրում հավաստագիր կամ մերժում հավաստագրի տրամադրումը` նշելով մերժման հիմքերը:
5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարկ վճարողների համար հավաստագրի գործողության ժամկետում պահպանվում է այդ օրենքներով սահմանված հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ներկայացման պարտավորությունը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ հարկերի, պարտադիր վճարների և տուրքերի հաշվարկման ու վճարման կարգը:
6. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ արտոնությունից օգտվելու դեպքում, հարկ վճարողները պետական բյուջե են վճարում արտոնության գործողության ընթացքում որպես հարկային արտոնություն ստացված և պետական բյուջե չվճարված հարկերի (վճարների) գումարները, ինչպես նաև հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներով սահմանված պատասխանատվության միջոցները:
7. Հավաստագրի տրամադրման կարգը և ձևը սահմանում է հարկային մարմինը:»:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) չվարելու համար վճարողից (հարկային գործակալից) գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով պակաս հաշվարկված հարկերի գումարի 10 տոկոսի չափով:»:
Հոդված 3. Օրենքի 25.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 25.1. Օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պատրաստի արտադրանքի, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրերում պատրաստի արտադրանքի, ապրանքներիմնացորդի պակասորդ հայտնաբերվելու դեպքում գանձվում է տուգանք` պակասորդի գնի (արժեքի) 10 տոկոսի չափով: Սույն հոդվածով նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում գանձվում է տուգանք` պակասորդի գնի (արժեքի) 15 տոկոսի չափով:»:
Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «50» թիվը փոխարինել «20» թվով, իսկ «հարկի ամբողջ գումարի չափով» բառերը` «այդ գումարի 40 տոկոսի չափով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածում`
1) 1-ին պարբերությունում «15 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար» բառերը փոխարինել «10 տոկոսի չափով» բառերով.
2) «պետական վարչություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «մարմին» բառով և դրա հոլովաձևերով.
3) 2-րդ պարբերությունում «30 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար» բառերը փոխարինել «15 տոկոսի չափով» բառերով.
4) 3-րդ պարբերությունում «15» թիվը փոխարինել «10» թվով.
5) 4-րդ պարբերությունում «30» թիվը փոխարինել «15» թվով:
Հոդված 6. Օրենքի 285-րդ հոդվածում «200» թիվը փոխարինել «100» թվով:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
2. Օրենքի 20.2-րդ հոդվածը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նոր ստեղծված հարկ վճարողների, ինչպես նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստեղծված այն հարկ վճարողների վրա, ովքեր պետական գրանցման (հաշվառման) օրվանից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործունեություն չեն իրականացրել:
3. Օրենքի 25-րդ, 25.1-ին, 27-րդ և 28-րդ հոդվածների դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերված խախտումների մասով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
|
2015թ. դեկտեմբերի 29 Ստեփանակերտ ՀՕ-63-Ն |
|
|