«ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                               Ընդունված է 2012թ. հոկտեմբերի 11-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասում`

1) ութերորդ պարբերությունը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) փաստացի գործունեության բացահայտման և (կամ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով հսկիչ գնումներ կարող է իրականացնել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը:».

2) տասներորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից հսկիչ գնումների անցկացման կարգը` համաձայն 2.1 հավելվածի.».

3) տասնմեկերորդ պարբերությունը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի` սույն մասի ութերորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են տնտեսավարող սուբյեկտի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի խախտման հարցի քննարկման նպատակով:»:

 

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասում «հակահրդեհային կանոնների պահպանման վիճակի» բառերից հետո լրացնել «, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) փաստացի գործունեության բացահայտման և (կամ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության» բառերը:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել 2.1 հավելվածով.

 

 

 

 

 

 

 

 

 

«Հավելված 2.1 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումներիկազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտմանը և (կամ) Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողությանն ուղղված հսկիչ գնումների իրականացման կարգը:

2. Հանձնաժողովի կողմից իրականացվող հսկիչ գնում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունը:

3. Հսկիչ գնում իրականացնելու համար հիմք են հանդիսանում`

1) Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի` Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիրը հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ.

2) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները:

4. Հսկիչ գնումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները և Հանձնաժողովի` հսկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված Հանձնաժողովի կնիքով: Ընդ որում, հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում հրամանում նշվում են նաև այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը):

5. Հսկիչ գնումից հետո հրամանը ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

6. Հսկիչ գնման արդյունքում կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձևով արձանագրություն` երկու օրինակից: Արձանագրության մեջ նշվում են հրամանի համարը, ամսաթիվը, արձանագրության կազմման վայրը, հսկիչ գնման իրականացման վայրը, ժամանակը, հսկիչ գնումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, հսկիչ գնումն այլ անձի միջոցով կատարելու դեպքում նաև այդ անձի տվյալները, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), ստացված արդյունքները: Արձանագրությունն ստորագրում են հսկիչ գնում կատարող անձինք և տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր:

7. Հանձնաժողովի կողմից իրականացվող հսկիչ գնումները ֆինանսավորվում են պետական բյուջեով Հանձնաժողովի համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Հանձնաժողովը:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

17 հոկտեմբերի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-23-Ն