Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2011թ. հոկտեմբերի 26-ին

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման ոլորտը

 

Սույն օրենքը կարգավորում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և զարգացման գործընթացներում ծագող իրավահարաբերությունները, ներառյալ` ոչնյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, հետազոտման, կիրառման, վերականգնման, ուսուցման, տարածման, այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, միջազգային մշակութային համագործակցության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցման խնդիրները, սահմանում է այդ ոլորտում ֆիզիկական ու իրավաբանական անձանց մասնակցության ընթացակարգերը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները:

 

Հոդված 2.

Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենսդրությունը կարգավորվում է սույն օրենքով, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, ԼՂՀ միջազգային պայմանագրերով, այլ օրենքներով և օրենսդրական ակտերով:

2. Եթե ԼՂՀ միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3.

Օրենքի հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ոչ նյութական մշակութային ժառանգություն` հանրության, խմբերի, որոշ դեպքերում առանձին անձանց կողմից որպես իրենց մշակութային ժառանգության մաս ճանաչված, կենցաղում հաստատուն տեղ զբաղեցնող սովորույթները, ավանդույթները, ծեսերը, պատկերացումներն ու արտահայտման ձևերը, գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև դրանց առնչվող գործիքները, առարկաները, ստեղծագործությունները և մշակութային տարածքները որպես ոչ նյութական մշակութային ժառանգության նյութականացված կրիչներ.

2) ոչ նյութական մշակութային արժեքներ` ժողովրդական բանահօուսությանը, լեզվին, բարբառներին և խոսվածքներին, տեղանուններին, զինանշանային և ազգային այլ խորհրդանիշների բովանդակությանը, ավանդական արհեստներին, ազգային սովորույթներին, ավանդույթներին, տոներին, ծեսերին, հասարակական կենցաղին, վարվեցողության ձևերին և կանոններին, ժողովրդական արվեստին, տնտեսական գործունեությանը, կենսաապահովման մշակույթին, հավատալիքներին, պաշտամունքին, գիտական հետազոտությունների արդյունքներին և մեթոդներին, ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտներին վերաբերող գիտակրթական հաստատություններում, արխիվներում, գրադարաններում, իրավաբանական և ֆիզիկական անձանց մոտ պահվող տեղեկույթ.

3) ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն` մշակութային տարածքներում ստեղծվածոչ նյութական մշակութային արժեքների պահպանությանն ուղղված գործողությունների ամբողջություն.

4) ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանություն` ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակությանն ուղղված գործողություններ, ներառյալ` այդ ժառանգության բացահայտումը, ուսումնասիրումը, նույնականացումը, փաստաթղթավորումը, ներկայացումը, կենցաղավարման պայմանների ապահովումը, դրանց նկատմամբ հարգանքը, իրավապաշտպանությունը, բարելավումը.

5) ոչ նյութական մշակութային ժառանգության օգտագործում` ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների վերականգնումը, տարածումը, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջոցով ուսուցումը և փոխանցումը հաջորդ սերունդներին.

6) մշակութային տարածքներ` այն տարածքները, որտեղ ոչ նյութական մշակութային ժառանգության կրողները ավանդաբար ստեղծել են ոչ նյութական մշակութային արժեքներ.

7) ոչ նյութական մշակութային ժառանգության կրողներ` այն անհատներն ու խմբերը, որոնք պահպանում են ոչ նյութական մշակութային արժեքները, նպաստում են դրանց օգտագործմանը, տարածմանն ու փոխանցմանը:

 

Հոդված 4.

Օրենքի գործողության ոլորտները

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է հետևյալ ոլորտներում.

1) բանահյուսություն`

ա. լեզուն, բարբառները, խոսվածքները,

բ. բանավոր ավանդության բոլոր ձևերը և տեսակները.

2) ժողովրդական երաժշտարվեստ`

ա. ժողովրդական երգարվեստն իր տեսակներով,

բ. ժողովրդական նվագարանային երաժշտությունն իր տեսակներով.

3) ժողովրդական պարարվեստն իր տեսակներով.

4) ժողովրդական թատերախաղերն իրենց տեսակներով.

5) ժողովրդական տոներ.

6) մարդու կյանքի շրջափուլերի (ծնունդ, հասունություն, ամուսնություն, մահ) հետ կապված ժողովրդական սովորույթներ.

7) հասարակական, ազգակցական, ընտանեկան հարաբերությունների հետ կապված սովորույթներ.

8) ազգային հավատալիքներ ու սովորույթներ.

9) ժողովրդական կենցաղն իր դրսևորման տարբեր ձևերով.

10) տնտեսական կյանքի հետ կապված հմտություններ (երկրագործություն, անասնապահություն, ձկնորսություն, որսորդություն, առևտուր և այլն).

11) բնության վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ.

12) ազգային խոհանոց.

13) ազգային խաղեր.

14) ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ`

ա. ժողովրդական արհեստները և դրանց հետ կապված հմտությունները,

բ. ազգային տարազ և զարդարվեստ,

գ. ժողովրդական ճարտարապետությունը, բնակարանը և կահկարասին:

 

Հոդված 5.

Օրենքի նպատակներն ու խնդիրները

 

Օրենքի նպատակներն են`

1) ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, պաշտպանությունը և օգտագործումը.

2) ազգային և համամարդկային ոչ նյութական մշակութային ժառանգության հանդեպ հասարակության հոգածության և հարգանքի արմատավորումը.

3) ոչ նյութական մշակութային ժառանգության կիրառման ապահովումը.

4) ոչ նյութական մշակութային ժառանգության փոխանցումը սերունդներին.

5) միջազգային համագործակցության ապահովումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինտեգրումը համապատասխան միջազգային կառույցներին, միջազգային փորձի փոխանակման և տարածման խթանումը:

2. Սույն օրենքի խնդիրներն են`

1) ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը և դրա վերարտադրման գործընթացում հասարակության մասնակցության ապահովումը.

2) ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներդրման, պահպանության, պաշտպանության և օգտագործման ապահովումը.

3) ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանվող արժեքների ցանկի կազմման, դրանց կենսունակությունն ապահովող միջոցառումների ծրագրման, ներդրման և պահպանության ապահովումը.

4) անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի կազմման և դրանցում ներառված ժառանգության պաշտպանության ապահովումը.

5) ժամանակակից արվեստում ոչ նյութական մշակութային ժառանգության կիրառումը և փոխանցման ապահովումը կրթական ծրագրերով.

6) ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների, գործառույթների սահմանումը.

7) պետական կառավարման և գիտակրթական կազմակերպությունների միջև ոչ նյութական մշակութային ժառանգության շուրջ համագործակցության, տեղեկույթի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման մեխանիզմների և ընթացակարգերի սահմանումը.

8) ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ թվում` ոչ նյութական մշակութային ժառանգության կրողներին պետական աջակցության տրամադրման ձևերի և ընթացակարգերի սահմանումը.

9) միջազգային համագործակցության ուղղությունների և ընթացակարգերի սահմանումը:

 

Հոդված 6.

Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները

 

Պետական քաղաքականության սկզբունքներն են`

1) ոչ նյութական մշակութային ժառանգության սահմանումը` որպես մտավոր և մշակութային գործունեության ռազմավարական կարևորության բնագավառ և պետության կողմից պահպանվող ու պաշտպանվող ազգային հարստություն.

2) ոչ նյութական մշակութային ժառանգության դերի կարևորումը ազգային ինքնության ու դիմագծի պահպանության, համահայկական մշակութային դաշտի ձևավորման գործում.

3) ոչ նյութական մշակութային ժառանգության դիտարկումը` որպես ազգային արժեհամակարգի և մշակույթի զարգացման հիմքերից մեկը.

4) ոչ նյութական մշակութային արժեքներին հաղորդակցվելու և համապատասխան ծառայություններից օգտվելու մատչելիությունը, միջազգային փոխանակումների ապահովումը և ազգային ոչ նյութականմշակութային ժառանգության հանրահռչակումը, պահպանությունը և պաշտպանությունը օտարերկրյա պետություններում:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 7.

Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`

1) իրականացնում է պետական միասնական քաղաքականությունը ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում.

2) հաստատում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, տարածման և օգտագործման տարեկան, եռամյա և հեռանկարային ծրագրերը, որոնց իրականացման համար անհրաժեշտ ծախսերն արտացոլվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծում.

3) հաստատում է ոչ նյութական մշակութային արժեքների և անհապաղ պաշտպանության կարիք ունեցողոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը.

4) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները և հաստատում մշակութային տարածքների ցանկը.

5) հաստատում է ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության, տեղեկատվության փոխանակման կարգերը.

6) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 8.

Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները

 

Կառավարության լիազորած պետական մարմինը`

1) մշակում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, պաշտպանությունը, տարածումն ու օգտագործումն ապահովող գերատեսչական և օրենսդրական ակտերի նախագծեր.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ոչնյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, տարածման տարեկան ծրագիրը.

3) միջոցներ է ձեռնարկում` բացահայտելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գտնվող ազգային ոչ նյութական մշակութային արժեքները և իրականացնում է այդ արժեքների հաշվառումն ու հրապարակումը.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ոչնյութական մշակութային արժեքների և անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութականմշակութային ժառանգության ցանկերի կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչնյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշակութային տարածք ճանաչելու չափորոշիչները, ինչպես նաև մշակութային տարածքների ցանկը.

6) ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում ստեղծում է պետական տեղեկատվական միասնական համակարգ և ապահովում դրանից օգտվելու մատչելիությունը.

7) ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում կազմակերպում է աշխատողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և վերաորակավորումը.

8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում վերականգնելու ոչ նյութական մշակութային արժեքները.

9) նպաստում է մշակութային, գիտական և կրթական հաստատությունների (գիտահետազոտական կենտրոններ, թանգարաններ, գրադարաններ, արխիվներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ և այլն) ստեղծմանն ու զարգացմանը, ցուցաբերում է պետական աջակցություն ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ուսումնասիրման, հրատարակման և հանրահռչակման գործառույթներ իրագործող գիտական, մշակութային կազմակերպությունների և արշավախմբերի գործունեությանը.

10) նպաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության միջոցառումների` գիտաժողովների, սեմինարների, համերգների, ցուցահանդեսների, ծիսակարգերի և հանդիսությունների, ժողովրդական ավանդական տոների, մարդու կյանքի շրջափուլերի հետ կապված ժողովրդական սովորույթների, ազգային խաղերի կազմակերպմանը, ինչպես նաև ժողովրդական ավանդական տոների անցկացման ձևերի ներդրմանը.

11) կրթության ոլորտում լիազորված պետական մարմնի հետ համատեղ իրականացնում է ոչ նյութականմշակութային ժառանգությանն առնչվող կրթական ծրագրեր.

12) իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 9.

Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում  պետական կառավարման տարածքային մարմինների լիազորությունները

 

Պետական կառավարման տարածքային մարմինները`

1) ապահովում են շրջանի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը ոչնյութական մշակութային ժառանգության ոլորտում.

2) օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում կազմակերպում են կառավարության լիազորած պետական մարմնի համապատասխան ծառայությունների, ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեություն ոչ նյութականմշակութային ժառանգության բնագավառում.

3) միջոցներ են ձեռնարկում շրջանի տարածքում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և օգտագործման ուղղությամբ` դրանք համաձայնեցնելով կառավարության լիազորած պետական մարմնի հետ.

4) առաջարկություններ են ներկայացնում կառավարության լիազորած պետական մարմնին տեղական նշանակության ոչ նյութական մշակութային ժառանգության, ներառյալ` ժողովրդական ավանդական տոների, ծեսերի ու արարողությունների կազմակերպման և կիրառման վերաբերյալ:

 

Հոդված 10.

Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

 

Տեղական ինքնակառավարման մարմինները որպես կամավոր լիազորություն`

1) աջակցում են համայնքի տարածքում գործող ազգային մշակութային խմբերի և համույթների գործունեությանը, ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության զարգացմանը.

2) կազմակերպում են տեղական նշանակության տոներ, ծեսեր և ծիսակատարություններ, ուխտագնացություններ.

3) նպաստում են մարդու կյանքի շրջափուլերի և բնության պահպանության հետ կապված ժողովրդական սովորույթների ներդրմանը.

4) ապահովում են համայնքի տարածքում բնակվող ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների մասին տեղեկույթը.

5) իրականացնում են օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հոդված 11.

Պետական մշակութային քաղաքականության կազմակերպումը  ոչ նյութականմշակութային ժառանգության բնագավառում

 

1. Պետական մշակութային քաղաքականությունը ոչ նյութական մշաութային ժառանգության բնագավառում կազմակերպվում է մշակութային, գիտական, հասարակական կազմակերպությունների հայտերի և ծրագրային առաջարկների հիման վրա, մշակույթի պահպանման, տարածման և օգտագործման պետական (տարեկան, եռամյա և հեռանկարային) ծրագրերով:

2. Ելնելով ոչ նյութական մշակութային ժառանգության ուղղությունների առանձնահատկություններից` կարող են նախատեսվել դրամաշնորհային ծրագրեր:

3. Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հայտեր և ծրագրային առաջարկներ կարող են ներկայացնել ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում գործող մշակութային, գիտական, կրթական և հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև իրավաբանական այլ անձինք, որոնք իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում են մշակութային գործունեություն:

 

Հոդված 12.

Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառի  օբյեկտները

 

Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառի օբյեկտներն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գտնվող ոչ նյութական մշակութային արժեքները, դրանց շրջապատող միջավայրը, ներառյալ` պատմամշակութային տարածքը:

 

Հոդված 13.

Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառի  սուբյեկտները

 

Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառի սուբյեկտներն են`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը.

2) պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները.

3) մշակութային, գիտակրթական հաստատությունները, հասարակական կազմակերպությունները, թանգարանները, գրադարանները, արխիվները.

4) ոչ նյութական մշակութային արժեքների պահպանման, նույնականացման, փաստաթղթավորման, հետազոտման, կիրառման, վերականգնման, ուսուցման, հաշվառման և հանրահռչակման հետ առնչվող իրավաբանական ու ֆիզիկական անձինք.

5) ոչ նյութական մշակութային ժառանգության կրողները:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 14.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, տարածումը և օգտագործումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների ոչ նյութականմշակութային ժառանգության պահպանումը, տարածումը, օգտագործումը կարգավորվում են սույն օրենքով, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

Հոդված 15.

Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային համագործակցությունը

 

1. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում համագործակցության ուղղությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական ծրագրերով:

2. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային համագործակցությունը իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Հոդված 16.

Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության  պաշտպանությունը օտարերկրյա պետություններում

 

1. Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությունը օտարերկրյա պետություններում իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական պայմանագրերին համապատասխան՝ տվյալ երկրի օրենսդրության, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն աջակցում է օտարերկրյա պետություններում հայկական մշակութային հաստատություններին և կազմակերպություններին ազգային ոչ նյութական մշակութային արժեքների բացահայտման, ուսումնասիրման, հաշվառման, վերականգնման, հանրահռչակման և կիրառման գործում:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 17.

Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառի  ֆինանսավորումը

 

1. Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառը ֆինանսավորվում է`

1) պետական և համայնքային բյուջեների միջոցներով.

2) մշակութային, հասարակական և այլ կազմակերպությունների ու հիմնադրամների միջոցներով.

3) օրենքով չարգելվող այլ միջոցներով:

2. Պետական բյուջեից կարող են ֆինանսավորվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական ոչ նյութական մշակութային արժեքների հաշվառմանը, ուսումնասիրմանը և դրանց պահպանությանը նպաստող այլ աշխատանքներ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 18.

Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքի խախտման համար պատասխանատվությունը

 

Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքի պահանջները խախտողները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրում են պատասխանատվություն:

 

Հոդված 19.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

7 դեկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-59-Ն