«Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                               Ընդունված է 2012թ. դեկտեմբերի 26-ին

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Սույն օրենքի կիրառման առումով օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքներ են համարվում ակտիվների և (կամ) պարտավորությունների վերագնահատման արդյունքները, եթե վերագնահատումը կատարվել է այն օրենքին համապատասխան, որտեղ ուղղակիորեն նշված է, որ ակտիվների և (կամ) պարտավորությունների վերագնահատումն իրականացվում է հարկվող շահույթի կամշահութահարկի հաշվարկման նպատակով:»:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 2-րդ մասում`

ա. «ժա» կետից հանել «, ինչպես նաև սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաների գումարների» բառերը.

բ. «ժզ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարները կամ դուրս չգրված դեբիտորական պարտքերի մարման դեպքում` սահմանված կարգով պահուստին կատարված մասհանումների գումարները, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախկինում հաշվեկշռից դուրս գրված անհուսալի ակտիվների և ինվեստիցիոն արժեթղթերի` հաշվեկշռում վերականգնման արդյունքում հաշվեգրված եկամուտները, իսկ հաշվեկշռից դուրս չգրված ակտիվների դեպքում` սահմանված կարգով ձևավորված պահուստների նվազեցման գծով հաշվեգրված եկամուտները.»,

գ. «ժէ» կետն ուժը կորցրած ճանաչել,

դ. «իա» և «իբ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«իա) ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով ճանաչվող եկամուտները.

իբ) վերաապահովագրության փոխանցված պայմանագրերից ապահովագրական ընկերությունների ստացվող կոմիսիոն վարձատրությունները.»,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ «իգ» կետ.

«իգ) գույքագրման (այդ թվում` ստուգման) ժամանակ բացահայտված հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների և այլ գույքի ավելցուկը, իսկ հարկատուի կողմից տիրազուրկ գույքի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով (բացառությամբ` դատարանի որոշումների հիման վրա) իր իրավունքների ճանաչման դեպքում` տիրազուրկ գույքը: Գույքի ավելցուկը, տիրազուրկ գույքը գնահատվում է տվյալ հարկատուի մոտ առկա համանման արժեքով, իսկ այդ արժեքի բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքով, որը ձևավորում է այդ գույքի սկզբնական (ձեռքբերման) արժեքը և համախառն եկամտի մեջ ներառվում է ամբողջությամբ տվյալ (գույքի ավելցուկի դեպքում` ավելցուկի հայտնաբերման, իսկ տիրազուրկ գույքի դեպքում` իրավունքների ճանաչման) հաշվետու ժամանակաշրջանում.».

2) 3-րդ մասը «ցպահանջ» բառից հետո լրացնել «դեբիտորական և» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաների դեպքում հարկատուի եկամուտները որոշվում են նշված սակագների կիրառման արդյունքում` գնորդներից (սպառողներից) ստացման ենթակա գումարների (իրացումից հասույթի) և պետական բյուջեից փաստացի ստացված սուբսիդիաների (իրացումից հասույթի) հանրագումարի չափով:»:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի`

1) երկրորդ պարբերությունում «հիմնական միջոցների» բառերը փոխարինել «ակտիվների» բառով.

2) չորրորդ պարբերությունից հանել «, ինչպես նաև սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաների գումարները» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «ժը» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի «դ» կետում «հիմնական միջոցների» բառերը փոխարինել «ակտիվների» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ա» կետը «վճարները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ձեռքբերված վառելիքի (բենզին, դիզելային վառելիք, հեղուկ և բնական գազ) համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափերը գերազանցող ծախսերը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ» և «ժե» կետեր.

«ժդ) բանկ կամ վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտների կողմից վերցված (ներգրավված) վարկերի կամ փոխառությունների գումարների նկատմամբ հաշվարկվող տոկոսները, եթե դրանք անտոկոս տրամադրվում են այլ անձանց, կամ հարկատուի կողմից վարձակալությամբ վերցված ոչ ընթացիկ ակտիվների գծով հաշվարկվող վարձավճարները, եթե դրանք անհատույց օգտագործմամբ տրամադրվում են այլ անձանց.

ժե) բանկ կամ վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտների կողմից վերցված (ներգրավված) վարկերի կամ փոխառությունների գումարների նկատմամբ հաշվարկվող տոկոսների այն մասը, որը գերազանցում է այդ միջոցների հաշվին այլ անձանց տրամադրված վարկերի կամ փոխառությունների գումարների նկատմամբ հաշվարկվող տոկոսներին, կամ հարկատուի կողմից վարձակալությամբ վերցված ոչ ընթացիկ ակտիվների գծով հաշվարկվող վարձավճարների այն մասը, որը գերազանցում է այդ ոչ ընթացիկ ակտիվներն այլ անձանց ենթավարձակալության դիմաց ստացվող եկամուտներին:»:

 

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաև դատարանի որոշումների հիման վրա տիրազուրկ ճանաչված ակտիվի սեփականության իրավունքի ճանաչման դեպքերում:»:

 

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի`

1) վերնագրում «ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց» բառերով.

2) «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց ակտիվների և (կամ) ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարների չափով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.»:

 

Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածի`

1) «դ» կետն ուժը կորցրած ճանաչել.

2) «ե» կետում «վճարված» բառը փոխարինել «վճարվող» բառով.

3) «թ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով ճանաչված ծախսերի չափով:»:

 

Հոդված 11. Օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը «որին դրանք վերաբերում են» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված այն դեպքերի, երբ դրանք ներառվում են ակտիվի սկզբնական (ձեռքբերման) արժեքի մեջ» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 32.

Ռեզիդենտների շահութահարկի դրույքաչափերը

 

1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործունեության տեսակների, շահութահարկիգումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:

2. Վարկային կազմակերպությունների, բանկերի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց, արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց, գրավատների, արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության (վերամշակման), վառելիքաէներգետիկ հումքի արդյունահանման և (կամ) արտադրության (վերամշակման) գործունեություն իրականացնող անձանց, հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում (բացառությամբ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման) լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց` գործունեության այդ մասով ստացած եկամուտների, ինչպես նաև ստացվող այլ եկամուտների դիմաց շահութահարկի գումարը հաշվարկվում է հարկվող շահույթի նկատմամբ 20 տոկոս դրույքաչափով:»:

 

Հոդված 13. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 33.

Շահութահարկին փոխարինող վճարները

 

Առանձին վճարողների, նրանց խմբերի, գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել շահութահարկին փոխարինող առևտրի հարկ կամ հաստատագրված վճարներ:»:

 

Հոդված 14. Օրենքի 341-րդ հոդվածի առաջին նախադասությունում «շահութահարկի հաստատագրված վճարներով» բառերը փոխարինել «շահութահարկին փոխարինող առևտրի հարկով կամ հաստատագրված վճարներով» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում «(բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների, արտարժույթի առք ու վաճառք և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառք իրականացնողների)» բառերը փոխարինել «(բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված`շահութահարկի 20 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնողների, ինչպես նաև վերակազմակերպված կազմակերպությունների)» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 45-րդ հոդվածի`

1) վերնագրում «հաշվարկների, հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասինհաշվետվության» բառերը փոխարինել «հաշվարկի» բառով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը, ներկայացնում են հարկային մարմնի սահմանած ձևով շահութահարկի հաշվարկ:»:

 

Հոդված 17. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում «ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց» բառերով, իսկ «ներդրումային ընկերությունը կամ ապահովագրական ընկերությունը» բառերը` «ապահովագրական ընկերությունը կամ արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձը» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 49-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 49.

Շահութահարկի հաշվարկների ճշտումը

 

Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված շահութահարկի հաշվարկներում հարկատուի կողմից սխալներ հայտնաբերվելու դեպքում հարկատուն կարող է հարկային մարմիններին օրենքով սահմանված դեպքերում ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»:

 

Հոդված 19. Օրենքի 501-րդ հոդվածում «հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարի» բառերը փոխարինել «առևտրի հարկ կամ հաստատագրված վճար վճարողների համար` առևտրի հարկի կամ հաստատագրված վճարի» բառերով:

 

Հոդված 20. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) ոչ ռեզիդենտի` ռեզիդենտից կամ այլ ոչ ռեզիդենտի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանումից ստացած այլ եկամուտները:»:

 

Հոդված 21. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի`

1) աղյուսակում «2» և «3» թվերը փոխարինել համապատասխանաբար «4» և «6» թվերով.

2) երկրորդ պարբերության «հինգ տոկոս դրույքաչափով» բառերը փոխարինել «տասը տոկոս դրույքաչափով» բառերով:

 

Հոդված 22. Օրենքի 62-րդ հոդվածը «վճարվող» բառից հետո լրացնել «(ներառյալ` կանխիկ կամ անկանխիկ փողային վճարման, այլ գույքով, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվանցման, պարտքերի վերաձևակերպման կամ պարտքերի նորացման, ինչպես նաև ղարաբաղյան աղբյուրներից ստացման ենթակա եկամուտների մասով հարկային գործակալի նկատմամբ ոչ ռեզիդենտի կողմից հարկային գործակալ չհանդիսացող անձին պահանջի իրավունքի զիջման դեպքերում)» բառերով:

 

Հոդված 23. Օրենքի 67-րդ հոդվածի`

1) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) երրորդ պարբերության`

ա. առաջին նախադասությունում «վարկային կազմակերպություններից, բանկերից, ապահովագրական ընկերություններից, գրավատներից, արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող ռեզիդենտներից» բառերը փոխարինել «սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի 20 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող ռեզիդենտներից» բառերով,

բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ռեզիդենտները նշված տուգանքը պետական բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:»:

 

Հոդված 24.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2013 թվականի փաստացի շահութահարկի գումարների հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան շահութահարկի հաշվարկի ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետի լրանալը, օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում նշված ռեզիդենտ հարկ վճարողները շահութահարկիկանխավճարային մուծումները կատարում են յուրաքանչյուր ամիս` նախորդ տարվա շահութահարկիփաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության մեկ ութերորդի չափով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասում նշված` վերաապահովագրական ընկերությունները, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձինք, արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձինք, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության (վերամշակման), վառելիքաէներգետիկ հումքի արդյունահանման և (կամ) արտադրության (վերամշակման) գործունեություն իրականացնող անձինք, հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում (բացառությամբ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման) լիցենզավորված գործունեություն իրականացնող անձինք` յուրաքանչյուր ամիս` նախորդ տարվաշահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության մեկ չորրորդի չափով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

28 դեկտեմբերի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-34-Ն