Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին

                                                                                                                                                                                                                      Ընդունված է 2010թ. նոյեմբերի 25-ին

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերք` բուսաբուծական և անասնաբուծական արտադրանք, արտադրողների համատարած հաշվառման (այսուհետ`գյուղատնտեսական հաշվառում) նախապատրաստման, կազմակերպման, անցկացման, ստացված արդյունքների մշակման, ամփոփման, հրապարակման, պահպանման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2.

Գյուղատնտեսական հաշվառման մասին օրենսդրությունը

 

1. Գյուղատնտեսական հաշվառման բնագավառում ծագած հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:

2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3.

Գյուղատնտեսական հաշվառման նպատակները

 

Գյուղատնտեսական հաշվառման նպատակներն են`

1) գյուղատնտեսության կառուցվածքի` գյուղատնտեսական նշանակության հողեր, անասնագլխաքանակ,գյուղատնտեսական տեխնիկա, գյուղատնտեսական նշանակության շինություններ, առկա ներուժի` մարդկային, նյութական, և դրա օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը` հանրապետության, շրջանային և համայնքային կտրվածքով.

2) գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվառման ամբողջական համակարգի ձևավորումը.

3) գյուղացիական տնտեսությունների վիճակագրական ռեգիստրի ձևավորումը.

4) միջազգային վիճակագրական տվյալների հետ համադրելիության ապահովումը:

 

Հոդված 4.

Գյուղատնտեսական հաշվառմանը ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Գյուղատնտեսական հաշվառումն անցկացվում է տասը տարին մեկ:

2. Գյուղատնտեսական հաշվառումն անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում էգյուղատնտեսական հաշվառման անցկացման ժամկետը, ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան գյուղատնտեսական հաշվառումն սկսելուց մեկ տարի առաջ:

3. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվում են գյուղատնտեսական հաշվառման հանրապետական և շրջանային հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

4. Գյուղատնտեսական հաշվառման ծրագիրը և հարցաշարը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Հարցաշարը չի կարող ընդգրկել վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր:

5. Գյուղատնտեսական հաշվառման փաստաթղթերը (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական և այլ փաստաթղթեր) հաստատում է վիճակագրության պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

6. Գյուղատնտեսական հաշվառման տվյալներն օգտագործվում են բացառապես վիճակագրական նպատակների համար:

7. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատասխանատու են գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստումը և անցկացումը պատշաճ կարգով կազմակերպելու համար:

 

Հոդված 5.

Գյուղատնտեսական հաշվառման ենթակա սուբյեկտները և նրանց պարտականությունները

 

1. Գյուղատնտեսական հաշվառումը կրում է պարտադիր բնույթ գյուղատնտեսական մթերք արտադրող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ամբողջական և սպառիչ պատասխաններ (տեղեկություններ) տալ հաշվառման հարցաշարի բոլոր հարցերին:

 

Հոդված 6.

Գյուղատնտեսական հաշվառումն անցկացնող մարմինները և նրանց պարտականությունները

 

Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման, անցկացման, ամփոփ տվյալների ստացման և հրապարակման պատասխանատուն լիազորված մարմինն է, որը պարտավոր է ապահովել`

1) գյուղատնտեսական հաշվառման ծրագրի (հարցաշարի) օբյեկտիվությունը, գիտական հիմնավորվածությունը, դրա համապատասխանությունը միջազգային նորմերին և ստանդարտներին.

2) գյուղատնտեսական հաշվառման նյութերի մշակումից ստացված ամփոփ արդյունքների հրապարակայնությունն ու մատչելիությունը.

3) սկզբնական (անհատական) տվյալների գաղտնիությունը:

 

Հոդված 7.

Գյուղատնտեսական հաշվառման ֆինանսավորումը

 

1. Գյուղատնտեսական հաշվառման աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման, անցկացման, նյութերի մշակման և ստացված արդյունքների հրապարակման բոլոր միջոցառումների ժամանակին և ամբողջ ծավալով կատարումն ապահովող ծախսերի նախահաշիվը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 8.

Պատասխանատվությունը գյուղատնտեսական հաշվառման  մասին օրենսդրությունը խախտելու համար

 

1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ անհատական տվյալներին տիրապետող լիազոր մարմնի աշխատակիցներին (այսուհետ` աշխատակիցներ) արգելվում է այլ անձի (անձանց) հաղորդելգյուղատնտեսական հաշվառման լրացված փաստաթղթերի բովանդակությունը: Գյուղատնտեսականհաշվառման սկզբնական (անհատական) տվյալների օգտագործման կարգի խախտման, հարցաթերթը ոչ ամբողջական, սխալ տվյալներով լրացնելու դեպքում գյուղատնտեսական հաշվառման աշխատակիցները պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

2. Գյուղատնտեսական հաշվառման սկզբնական (անհատական) նյութերը (այդ թվում` տվյալները) դատական, դատաքննչական և այլ մարմինները որպես ապացույց չեն կարող օգտագործել:

3. Գյուղատնտեսական հաշվառման հարցաթերթի հարցերին պատասխանելուց հրաժարվելը, ոչ ամբողջական, սխալ տվյալներ ներկայացնելն առաջացնում է պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

Հոդված 9.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

16 դեկտեմբերի 2010թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-50-Ն