«Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2012թ. դեկտեմբերի 26-ին

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 12-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4.

Մասհանումների դրույքաչափերը

 

1. Իրավաբանական անձինք (այդ թվում` իրավաբանական անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) մասհանումները կատարում են հետևյալ դրույքաչափերով.

1) 2013 թվականի հունվարի 1-ից`

ա. ավտոտրանսպորտային ծառայությունների մատուցումից ստացած հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 2 տոկոսի չափով,

բ. հանքարդյունահանման գործունեությունից ստացած հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 0.5 տոկոսի չափով,

գ. գործունեության մյուս տեսակների գծով ստացած հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 0.2 տոկոսի չափով.

2) 2014 թվականի հունվարի 1-ից`

ա. ավտոտրանսպորտային ծառայությունների մատուցումից ստացած հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 2 տոկոսի չափով,

բ. գործունեության մյուս տեսակների գծով ստացած հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 0.2 տոկոսի չափով:

2. Սույն օրենքի իմաստով`

1) արտարժույթի առուվաճառքի գործունեության մասով հասույթ է համարվում արտարժույթի վաճառքի և ձեռքբերման արժեքների դրական տարբերությունը.

2) հանձնարարության, կոմիսիայի և գործակալության պայմանագրերով ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում հասույթ է համարվում միջնորդավճարը (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևեր)։

3. Ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոսով ցածր գներ (մասնակի հատուցում), մասհանումների հաշվարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող` սույն օրենքին համապատասխան որոշվող մեծության (գործարքի արժեքի, վճարի վարձատրության, պարգևի կամ այլ դրամական հատուցման մեծության), իսկ դրա բացակայության դեպքում` համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հաշվարկման օբյեկտ ընդունվող մեծության (գործարքի իրական արժեքի) 80 տոկոսը կազմող մեծությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվարկը սույն օրենքով սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր տասնհինգ լրացված oրվա համար վճարողից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված մասհանումների ընդհանուր գումարի հինգ տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ մասհանումների հաշվարկված ընդհանուր գումարը, իսկ տասնհինգ օրվա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

Սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է մասհանումների հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու պահից կամ մասհանումների գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ներառող ստուգման ավարտից:»:

 

Հոդված 3. Օրենքի հավելվածի 6-րդ գլխի 2-րդ կետում, 15-րդ գլխի 2-րդ, 3-րդ ու 6-րդ կետերում և 16-րդ գլխում «ֆինանսների» բառը փոխարինել «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերով:

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները կիրառվում են վճարողների կողմից հարկային մարմին սույն օրենքն ուժի մեջ մտնելուն հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացման ենթակա հաշվարկների մասով, իսկ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացման ենթակա հաշվարկների մասով կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մտնելը օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթները:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-36-Ն