ԼՈՒՐԵՐ
Պետական բյուջեի կատարողականի մասին քննարկումները շարունակվել են ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովում
13 մայիսի 2016

Մայիսի 13-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին գլխադասային հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը:

ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել գյուղատնտեսության, քաղաքաշինության, էկոնոմիկայի, բնապահպանության բնագավառների, ինչպես նաեւ անշարժ գույքի պետական կադաստրի, տնտեսական մրցակցության հանձնաժողովի ու Արցախում գործող ներդրումային և արտադրական հիմնադրամների պատասխանատուները:

Համատեղ քննարկմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը և կառավարության անդամներ:

ԼՂՀ քաղաքաշինության նախարարության 2015թ.-ի բյուջեի կատարողականը ներկայացրել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Հաշվետվության համաձայն՝ 2015թ. պետական բյուջեից ոլորտին է հատկացվել 12մլրդ 18մլն 260 հազ դրամ, ծախսվել է՝ 11մլրդ 996 մլն դրամ կամ՝ 99,8%-ը:

ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականի մասին հաշվետվությամբ հանդես է եկել էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Նախարարի հաշվետվության համաձայն՝ 2015թ.-ին ոլորտի համար նախատեսված միջոցները կազմել են 952 մլն 151,100 դրամ, կատարողականը՝ 788 մլն 305 հազ դրամ կամ՝  նախատեսված միջոցների 84,7%-ը:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը ներկայացրել է հանրապետության գյուղատնտեսության բնագավառին 2015թ.–ին պետական բյուջեից հատկացված միջոցների կատարողականի մասին հաշվետվությունը, որի համաձայն, ոլորտին հատկացվել  է 3 մլրդ 341 մլն 907 հազ դրամ, կատարողականը կազմել է 3 մլրդ 266 մլն 380 հազ դրամ կամ՝  նախատեսված միջոցների 97,7%-ը:

Կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի տեղակալ Արթուր Գաբրիելյանի հաղորդմամբ, 2015թ.-ին պետական բյուջեից ոլորտին է հատկացվել  154մլն 851,2 դրամ, կատարողականը կազմել է 146մլն 986,2 դրամ կամ՝ նախատեսվածի 90,2 %-ը:

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող  պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի հաշվետվության համաձայն, 2015 թ.-ին  համակարգի պահպանման ծախսերը կազմել են 149 մլն 458 հազ դրամ, կատարողականը՝ 140մլն 143հազ դրամ կամ՝ նախատեսվածի 93,8%-ը:

Արցախի ներդրումային հիմնադրամի 2015թ.-ի պետական բյուջեի կատարողականը ներկայացրել է հիմնադրամի նախագահի տեղակալ Մհեր Մխիթարյանը: Հաշվետվության համաձայն՝ 2015թ. պետական բյուջեից հիմնադրամին է ուղղվել  2,5 մլրդ դրամ, կատարողականը՝ 100%:

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի 2015թ.-ի կատարողականի մասին հաշվետվությամբ է հանդես եկել հիմնադրամի նախագահ Աշոտ Բախշիյանը: Վերջինիս հաղորդմամբ՝ պետական բյուջեով հիմնադրամին է հատկացվել 1 մլրդ 200մլն, որից ֆինանսավորվել է 1 մլրդ 170 մլն դրամը կամ՝ նախատեսվածի  97,5%-ը:

Համատեղ նիստի քննարկումներին ԱԺ պատգամավորները զեկուցողներին առաջադրել են հաշվետվություններին վերաբերող հարցեր և ստացել համապատասխան պարզաբանումներ:

ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվելու են քննարկվել մայիսի 16-ին:

ԼՈՒՐԵՐ