ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարողականը ներկայացվեց խորհրդարանին
11 մայիսի 2016

Մայիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովում ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների պատասխանատուներին է ներկայացրել ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Նիստը վարում էր խորհրդարանի գլխադասային՝  ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը։

Օրենսդիր-գործադիր իշխանությունների համատեղ քննարկմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը և կառավարության անդամներ:

ԼՂՀ ֆինանսների նախարարի ներկայացմամբ հաշվետու տարում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 209,3  մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ արձանագրելով 9, 1% աճ: Մեկ  շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1մլն 414,3 հազ ՀՀ դրամ, նախորդ տարվա՝  1մլն 268,1 հազ դրամի դիմաց: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 53,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 2,5%-ով: Գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 64,3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 12,9%-ով:

2015թ.ին պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 34 մլրդ 436,4 մլն դրամ կամ՝ տարվա ծրագրով նախատեսված մուտքերի մակարդակի 92,7%-ը: Պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 83 մլրդ 107,7 մլն դրամ՝ նախատեսված  87մլրդ 736,3մլն- ի դիմաց, որը նախատեսված ծրագրի 94,7%-ն է:

ԱԺ պատգամավորները գործադիր իշխանության ներկայացուցիչներին առաջադրել են բյուջեի կատարողականին վերաբերող հարցեր:

Խորհրդարանականների խնդրանքով վարչապետ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂՀ տնտեսությանը հասցված վնասներին և դրանց հետևանքների վերացմանը: Կառավարության ղեկավարի խոսքով, այս ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվում սոցիալական ծրագրերի իրականացմանը: Գործադիրը չի բացառում օրենսդրական նախաձեռնություններով տնտեսական և հարկային գործիքների կիրառումը՝ իրավիճակը փոխելու համար:

Վարչապետը հավաստիացրել է, որ մանրամասն քննարկվում են բոլոր այն ոլորտային խնդիրները, որտեղ այս օրերի ընթացքում առավել շատ բարդություններ են առաջացել:

2015 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները, համաձայն ժամանակացույցի, կշարունակվեն խորհրդարանի մշտական հանձնաժողովներում և պատգամավորական խմբակցություններում:

ԼՈՒՐԵՐ