ԼՈՒՐԵՐ
ԱԺ լիագումար նիստում Աշոտ Ղուլյանը շնորհավորել է մայիսյան տոների կապակցությամբ
05 մայիսի 2016

Հարգելի գործընկերներ,

Հրավիրվածներ,  

Մեր լիագումար նիստը հրավիրվեց Արցախի անկախ հանրապետության պատմության մեջ ամենակարեւոր ու հիշարժան օրերից մեկի՝ Հաղթանակի, ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման տոն օրվա նախօրյակին: 

Ուզում եմ շնորհավորել բոլորիս եւ մեր ողջ ժողովրդի Տոնը: Այս անգամ այդ տոնի խորհուրդն առանձնահատուկ է. մեր ժողովուրդը բոլոր հիմքերն ունի հպարտանալու իր զորությամբ եւ ուժով, անկոտրում կամքով Պաշտպանության բանակի անվրեպ ու խիզախ զինվորներով, ովքեր մեր դեմ ելած սանձարձակ հակառակորդին արժանի հակահարված են տվել և ստիպել, որպեսզի նա իր իսկ պարտադրած պատերազմում խնդրի կրակի դադարեցում: 

Այս բոլոր օրերին մեր ժողովուրդը համախմբվելու եւ միասնական բռունցք դառնալու, ազգային բոլոր երակներով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ամրապնդելու, հակառակորդի բոլոր հանցավոր ու ահաբեկչական մտադրությունները խափանելու բարձրագույն ունակություն դրսեւորեց ` ամբողջ աշխարհին ցույց տալով սեփական ազատությունն ու անկախությունը պաշտպանելու պատրաստակամությունն ու կարողությունը: 

Այդ ամենը հնարավոր դարձավ մեր զինվորների ու նրանց հրամանատարների բացառիկ խիզախության շնորհիվ: Գլուխ ենք խոնարհում բոլոր այն հերոսների հիշատակի առջեւ, ովքեր կյանքի գնով պաշտպանեցին մեր Հայրենիքի սահմանները: 

Այսօր մեր ժողովուրդը վճռական է ու հաստատակամ: Եթե տեղի ունեցած իրադարձությունները դաս չեն դարձել որոշ արկածախնդիրների համար, անհրաժեշտության դեպքում, նա ավելի ուժգին ու ցավոտ հարվածով տեղը կդնի սանձարձակ թշնամուն: 

Եռատոնը՝ Արցախի մի քանի սերունդների՝ հայրենիքը արժանապատվորեն պաշտպանելու տոնն է, որի պսակն այսօրվա հայրենապաշտ զինվորն է, մեր պարծանքն ու հպարտությունը: 

Շնորհավո´ր բոլորիս տոնը եւ փա´ռք հայ զինվորին:

ԼՈՒՐԵՐ