23 մարտի 2016
23 մարտի 2016
Հարց: Պարոն Ղուլյան, Արցախի խորհրդարանում քննարկումներ են ընթանում Սահմանադրական բարեփոխումների շուրջ: Արդյոք երկրում Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա: Ձեր կարծիքով, ինչքանո՞վ է ճիշտ Արցախում կառավարման համակարգի փոփոխություն կատարելը:
Պատասխան: Սահմանադրական բարեփոխումների թեման վաղուց է շրջանառվում Արցախի հանրային – քաղաքական շրջանակներում: Այլ բան է, որ կոնկրետ քննարկումները մեկնարկել են փետրվար ամսից: Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը, ունենալով տարբեր տեսլականներ ու մոտեցումներ բարեփոխումների վերաբերյալ, հայտարարել են հնարավոր գործընթացում իրենց մասնակցության մասին:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, ապա պետք է հիմք ընդունել երկրի քաղաքական դաշտի հիմնական դերակատարների պատկերացումներն ապագա սահմանադրական կարգի, պետական կառավարման մոդելի մասին: Մի բան կարելի է համոզված ասել. Արցախի պետական կառավարման համակարգը չի կարող շատ հեռու լինել Հայաստանի Հանրապետությունում գործող պետական կառավարման մոդելից:
Հարց: Կառավարման ո՞ր համակարգի կողմնակից եք Դուք:
Պատասխան: Մեր անկախության քսանհինգ տարիներին Արցախում մի քանի անգամ կառավարման մոդելի փոփոխություններ են տեղի ունեցել: Պետական կառավարման համակարգն այն ոլորտներից է, որն անընդհատ կատարելագործման կարիք ունի: Այս առումով, պետք է կենտրոնանալ ոչ այնքան կառավարման մոդելների մասին քննարկումների, որքան՝ համակարգի արդյունավետության ու ճկունության հարցերի վրա: Արդեն ձեւավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձանաժողովի առաջնահերթ անելիքը հենց այդ հարցին պատասխանող հայեցակարգի մշակումը պետք է լինի՝ հիմնված այսօրվա հանրային-քաղաքական տրամադրություններում տիրապետող տեսակետների վրա: