ԼՈՒՐԵՐ
Մեկնարկեց ԼՂՀ Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանը
24 փետրվարի 2016

Փետրվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգով ազդարարվել է վեցերորդ գումարման  Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի առաջին նիստի մեկնարկը:

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ողջունելով  ներկաներին անդրադարձ է կատարել հունվար-փետրվար ամիսներին խորհրդարանի գործունեությանը:

 «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, ձևավորվել է երրորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը, որի անդամներ են վերընտրվել պատգամավորներ Ռոմելա Դադայանը, Լյուդմիլա Բարսեղյանը և Գագիկ Բաղունցը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ Ազգային ժողովը քննարկել և ընդունել է.

«Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող  անձինք կարող են ներգրավվել զբաղվածության ծրագրերում:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքների փաթեթը: Փաթեթի առաջին օրենքով կկարգավորվեն առաջին ատյանի դատավորի կենսաթոշակային ապահովման խնդիրները, իսկ երկրորդ օրենքը հնարավորություն կտա  ԼՂՀ պաշտոնաթող Նախագահի  կենսաթոշակը սահմանել աշխատավարձի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ:

«Առևտրի և ծառայությունների  մասին»  ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում բնագավառի գործունեությունը կարգավորող նոր լիազոր մարմին է ճանաչվել ֆինանսների նախարարությունը, նախկին՝ ԿԱ հարկային մարմնի փոխարեն:

«Հաստատագրված վճարների  մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություն  և լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն նվազեցվել են երթուղիների հաստատագրված վճարների հաշվարկի գործակիցները՝ հեռավոր գյուղական բնակավայրերում  անխափան, կանոնավոր փոխադրումներն ապահովելու համար:

Առաջին ընթերցմամբ ընդունվել են՝ «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին»,  «Կերի մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման  մասին» ԼՂՀ օրենքում  լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները: Սույնով հստակեցվում են սննդամթերքի անվտանգության, կերի և բուսասանիտարիայի ոլորտներում լիազոր մարմնի կառավարման համակարգի նպատակները, խնդիրները, իրավասությունները և ապահովվում է պետական վերահսկողության  կազմակերպման անհրաժեշտությունը:  

 «Հասարակական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը  ստեղծագործական կազմակերպություններին միություններում միավորվելու կամ ստեղծագործական միություն անվանումը կրելու հնարավորություն կտա:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ  կատարելու  մասին» ԼՂՀ օրենքը, որով սահմանված կարգով առանց վարորդական իրավունքի և անսթափ վիճակում մեքենա վարելը, ինչպես նաև սթափության վիճակի զննումից խուսափելը կհանգեցնի քրեական պատասխանատվության:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքն Ազգային ժողովն ընդունել է երկրորդ ընթերցմամբ:

Այնուհետև նիստը շարունակվել է տարեկան հաղորդումների ներկայացմամբ: Դատախազության 2015թ. գործունեության մասին  հաշվետվությամբ հանդես է եկել ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, իսկ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից  2015թ. իրականացված աշխատանքների մասին՝ խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը:

ԱԺ կանոնակարգի համաձայն,  վարչապետ Արայիկ Հարությունյանի և կառավարության անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

Նիստի ավարտին  հայտարարությամբ հանդես է եկել  պատգամավոր Հայկ Խանումյանը:

ԼՈՒՐԵՐ