ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին
11 փետրվարի 2016

Փետրվարի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ նրա հետ Ստեփանակերտ ժամանած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը գոհունակություն է հայտնել ԼՂՀ եւ ՀՀ օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության ներկայիս մակարդակից՝ բարձր գնահատելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի ներդրումը այդ գործում: ԼՂՀ ԱԺ նախագահը ընդգծել է Հայաստանի խորհրդարանի իրենց գործընկերների շահագրգիռ վերաբերմունքը Արցախին առնչվող հարցերում եւ առաջարկել համագործակցության նոր ուղղություններ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումը եւ նոր գործիքների ու ձեւաչափերի կիրառման անհրաժեշտությունը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ առաջնագծում տիրող իրավիճակին,  մասնավորապես հրադադարի հաճախակի խախտումներին:

Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Ազգային ժողովի փոքր դահլիճում, որին մասնակցել են միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները, պատգամավորներ: Հայկական երկու հանրապետությունների օրենսդիրները քննարկել են օրենսդրական աշխատանքներում փորձի փոխանակման, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մտքերի փոխանակության արդյունքում առանձնացվել է հրատապ հարցերի ցանկ, որը նախատեսվում է ներառել ՀՀ-ԼՂՀ միջխորհրադարանական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում:

Աշոտ Ղուլյանը եւ Գալուստ Սահակյանը հանդիպման արդյունքներն ամփոփել են  համատեղ մամուլի ասուլիսում:

ԼՈՒՐԵՐ