ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի՝ 6-րդ գումարման խորհրդարանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը
24 դեկտեմբերի 2015

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի՝ 6-րդ գումարման խորհրդարանի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսը։

Իր խոսքում Աշոտ Ղուլյանը ներկայացրել է 2015թ. մայիսին կայացած ընտրությունների արդյունքներում ձեւավորված 6-րդ գումարման խորհրդարանի՝ մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածի գործունեության հիմնական ուղղությունները:

Անցած 2 նստաշրջանում, ընդհանուր առմամբ, գումարվել է Ազգային ժողովի 6 լիագումար նիստ, ինչպես նաեւ 1 արտահերթ նստաշրջան: Պատգամավորների մասնակցությունը լիագումար ու հանձնաժողովների նիստերին աչքի է ընկել բարձր ակտիվությամբ: Ա. Ղուլյանն այս փաստը մեծամասամբ պայմանավորել  է խորհրդարանի՝ մշտական հիմունքներով աշխատելու հանգամանքով:

Նոր գումարման խորհրդարանի կողմից ընդունվել է 42 օրենք։ Օրենսդրական նախաձեռնությունների ընդհանուր թիվը` 51, որից 5-ը պատգամավորներինն էր, 46-ը` կառավարությանը:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ինչպես նախորդ տարիներին, 6-րդ գումարման այս ընթացքում օրենսդիր-գործադիր համագործակցության հարցերը գտնվել են պատշաճ մակարդակի վրա։ Այս համատեքստում ընդգծվել է, որ Ազգային ժողով մուտք գործած ու շրջանառության դրված բոլոր օրինագծերը եւ տարաբնույթ այլ փաստաթղթեր քննության են առնվել գործադիր իշխանության լիազոր ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ՝ փոխըմբռնման մթնոլորտում։

Խորհրդարանն իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ եւս, ինչպես օրինակ, օրերս ԼՂՀ արդարադատության խորհրդի երկու իրավաբան անդամի նշանակումն էր:

Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ նոր գումարման Ազգային ժողովը եւս շարունակել է հետեւել միջազգային խորհրդարանական հարթակներում Արցախին առնչվող զեկույցների ու բանաձեւերի քննարկումներին եւ հանդես եկել համարժեք հայտարարություններով:

ԱԺ նախագահը նշել է, որ Պաշտպանության բանակն ու առաջնագիծը շարունակել են մնալ խորհրդարանի ուշադրության կենտրոնում: Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ պատգամավորական խմբերի կողմից պարբերաբար այցեր են կատարվել Պաշտպանության բանակի զորամասեր եւ առաջնագիծ, իրականացվել են որոշ համատեղ ծրագրեր եւ ուրվագծվել են հետագա համագործակցության մի քանի կարեւոր ուղղություններ:

Աշոտ Ղուլյանի խոսքով, Ազգային ժողովի գործունեության մեջ հատուկ տեղ է հատկացվում միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ այլ երկրների խորհրդարանների հետ ստեղծված կապերն ամրապնդելու եւ նոր շփումներ հաստատելու ուղղությամբ:

Վեցերորդ գումարման խորհրդարանի կողմից այլ երկրների խորհրդարանների հետ բարեկամական հարաբերությունները հասցվել են ինստիտուցիոնալ մակարդակի:

Սեպտեմբերի առաջին կեսին հաստատվել են բարեկամության խմբերի ստեղծման, վերակազմավորման կարգերն ու հաստատվել դրանց կազմերը: Առաջիկայում նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ հանդիպում, որի ժամկետները ճշտվում են:

Խորհրդարան-ընտրող կապն արտահայտվել է ինչպես ընդունելությունների, անձնական հանդիպումների, պատգամավորական այցերի,  այնպես էլ՝ քաղաքացիների գրավոր դիմումների եւ Ազգային ժողովի կողմից դրանց ընթացքավորման տեսքով։ Մասնավորապես, Ազգային ժողովի նախագահի կողմից մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածում կատարվել է 105 քաղաքացու ընդունելություն։

Ազգային ժողով մուտք գործած 821 գրությունից 704-ը պաշտոնական էր, 117-ը՝ քաղաքացիներից` ուղղված ԱԺ նախագահին։ Գրանցված բոլոր փաստաթղթերը սահմանված կարգով ընթացքավորվել են։

Ազգային ժողովի գործունեությունը նշված ժամանակամիջոցում լուսաբանվել է խորհրդարանում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների, ԼՂՀ, ՀՀ եւ Սփյուռքի տարբեր էլեկտրոնային լրատվական աղբյուրների, սոցիալական ցանցերի եւ պաշտոնական կայքի միջոցով:

Ամփոփելով անցած յոթ ամիսների գործունեության հիմնական արդյունքները` ԱԺ նախագահն ընդգծել է, որ նոր գումարման ԱԺ աշխատանքների սկզբանական փուլում մշտական հիմունքներով խորհրդարանի հանգամանքը նկատելիորեն աշխուժացրել է խորհրդարանի օրենսդրական աշխատանքները եւ քաղաքական համագործակցությունը պառլամենտական կուսակցությունների միջեւ:

Ա. Ղուլյանի համոզմամբ, միջխորհրդարանական կապերի ու համագործակցության ուղղությամբ նախորդ տարիներին ձեւավորված հարաբերությունները բավարար հիմքեր են տալիս՝ առաջիկայում դրանք զարգացնելու, նոր ստեղծվող իրողություններին արձագանքելու եւ մարտահրավերներին դիմակայելու գործում խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները կիրառելու համար:

Խորհրդարանի նախագահը համոզմունք է հայտնել, որ ԱԺ գործունեության մեջ, նշված առաջնահերթություններին զուգահեռ, պահանջված է մնում քաղաքացիներին հուզող խնդիրների հանդեպ ուշադրությունը եւ այդ ուղղությամբ հաջորդ տարի նախատեսվում է ձեռնարկել կոնկրետ քայլեր ու միջոցառումներ:

Իր խոսքի ավարտին Ազգային ժողովի նախագահը նշել է, որ 2016թ. ԼՂՀ հռչակման 25-ամյակի տարին է եւ այդ հոբելյանը լուրջ հնարավորություն է՝ Արցախը եւ արցախյան թեման միջազգային հարթակներում ներկայացնելու համար:

Ասուլիսի երկրորդ մասում ԱԺ նախագահ Ա.Ղուլյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ԼՂՀ արեւելյան սահմաններում իրավիճակի սրացման հետեւանքներին, աշխարհաքաղաքական նոր պայմաններում ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ վերաբերմունքին, միջազգային կառույցներում Ադրբեջանի կողմից ապակողմնորոշող քայլերին, Արցախի խորհրդարանում բազմակարծության դրսեւորումներին, պետական համակարգում կատարվող բարեփոխումներին եւ այլն: 

ԼՈՒՐԵՐ