ԼՈՒՐԵՐ
2016թ. բյուջեի նախագծի քննարկումները խմբակցություններում շարունակվել են
09 դեկտեմբերի 2015

Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որը վարում էր խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը:

Օրակարգում  «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի քննարկումն  էր: Խմբակցության անդամների` ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանին առաջադրած հարցերը քաղպաշտպանության, տնտեսության, բյուջետային քաղաքականության և մշակույթի ոլորտներից էին:

Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության  ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որը վարում էր խմբակցության քարտուղար Ալյոշա Գաբրիելյանը:

Քննարկվող թեման կրկին «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն էր:

Հուշարձանների պահպանության, ջրամատակարարման, երիտասարդ ընտանիքների վարկավորման, հանքարդյունաբերության և այլ բնագավառների վերաբերյալ էին խմբակցության անդամների` ֆինանսների նախարարին ուղղած հարցերը:

«ԼՂՀ  2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի մասին  խմբակցություններում քննարկումները եզրափակվեցին «Վերածնունդ» խմբակցության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստով, որը վարում էր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը:

Պատգամավորի առաջադրած հարցերը վերաբերում էին տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորմանը, առողջապահության ու մշակույթի ոլորտներին:

Հիշեցնենք, որ «ԼՂՀ  2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախնական քննարկումը կեզրափակվի դեկտեմբերի 11-ին` ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: 

ԼՈՒՐԵՐ