26 նոյեմբերի 2015
26 նոյեմբերի 2015
Արցախի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավորների
Դ Ի Մ ՈՒ Մ Ը
«Հեռուստամարաթոն-2015»-ի առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Մի քանի ժամ հետո կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի եզրափակիչ փուլը: Համազգային հերթական հանգանակությունը նվիրված է բնակարանաշինությանը եւ կրում է «Մեր տունը» խորագիրը: Հեռուստամարաթոն-2015-ի գլխավոր նպատակն Արցախի՝ հինգ եւ ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելն է:
Բազմանդամ ընտանիքներին աջակցելու ծրագիրը ոչ միայն սոցիալական, այլեւ քաղաքական կարեւոր նշանակություն ունի Արցախի համար: Այդ ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը էապես կնպաստի նաեւ ժողովրդագրության բարելավմանը: Միայն այդպես կարելի է իրականացնել մեր ժողովրդի միասնական կամքը՝ շենացնել Արցախը եւ տեր կանգնել ազատագրված հայրենիքին:
Վերջին օրերին, չնայած միջազգային անկայուն իրադրությանը, համազգային դրամահավաքի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել աշխարհի տարբեր քաղաքներում: Քաղաքական ներկայիս զարգացումները նորից առաջին պլան են մղել անվտանգության խնդիրների առաջնահերթության գիտակցումը, ինչը մեր պարագայում ընկալվում է որպես հայության բոլոր հատվածների ջանքերը համատեղելու անհրաժեշտություն:
Թանկագին հայրենակիցներ,
Հեռուստամարաթոնը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործնական դրսեւորման լավագույն հնարավորություններից է, եւ այն պետք է դառնա Արցախի անկախությունը համակողմանիորեն ամրապնդելու վճռականության հերթական ապացույց:
Խորապես համոզված ենք, որ մեր համախմբվածությունն ամենաճիշտ պատասխանն է օրեցօր ահագնացող մարտահրավերներին: Ուստի կոչ ենք անում ու խնդրում բոլորիդ մասնակցել համահայկական դրամահավաքին՝ աջակցելով մեր ժողովրդի այն հատվածներին եւ խավերին, որոնց բարեկեցության բարձրացումը կզորացնի ազգը՝ ուղղորդելով նրան համազգային նոր ծրագրերի իրականացմանը:
26-ը նոյեմբերի, 2015թ.
ք. Ստեփանակերտ