ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանը ընդունել է ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին
08 հոկտեմբերի 2015

Հոկտեմբերի 9-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝  հաստատության  տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Ողջունելով  ներկաներին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է ապագա դիվանագետների այցն  Արցախ ոչ միայն անձնական այլև` մասնագիտական տեսանկյունից: Այդ համատեքստում Ա. Ղուլյանն ընդգծել է հանրապետության քաղաքական դաշտում դիվանագիտության աճող նշանակությունը և հույս է հայտնել, որ երիտասարդ դիվանագետները Ղարաբաղ այցելելով և ծանոթանալով երկրամասին ու ժողովրդին` ավելի լավ կպատկերացնեն իրենց մասնագիտական անելիքները հետագայում:

Աշոտ Ղուլյանը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին է ներկայացրել Արցախում պետականաշինության գործընթացներին, օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի կառուցվածքին ու գործունեությանը,  խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Այնուհետև ուսանողները խորհրդարանի նախագահին հարցեր են ուղղել պետական կառավարման համակարգի, խորհդարանի քաղաքական կազմի և համազգային նշանակության հեռանկարային ծրագրերի մասին:

Հանդիպման ավարտին պատվիրակության ղեկավար Վահե Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել ԼՂՀ ԱԺ նախագահին դիվանագիտական դպրոցի ուսանողներին ամեն տարի ընդունելու պատրաստակամության և նրանց հետաքրքրող հարցերին համապարփակ պատասխանելու համար:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և ԼՂՀ ԱԳ փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը:

ԼՈՒՐԵՐ