17 սեպտեմբերի 2015
17 սեպտեմբերի 2015
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծ դահլիճում, «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնի շրջանակներում, սեպտեմբերի 18-ին կայացել է «Ղարաբաղ-Ֆրանսիա» եւ «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակների ու բարեկամացած քաղաքների ներկայացուցիչների համատեղ նիստը:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի քաղաքական ու խորհրդարանական շրջանակների հետ ունեցած հարաբերությունները: ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ փոխգործակցությունը զարգացնելու երկուստեք ձգտումով է բացատրվում Արցախ-Ֆրանսիա բարեկամական կապերի ամրապնդումը, որը կյանքի է կոչվում փոխադարձ այցերի եւ ֆրանսիացի բարեկամների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ցուցաբերվող բարոյական ու այլ կարգի աջակցության միջոցով:
Իր ելույթում Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ ինքը տպավորված է այսօրվա միջոցառումներից ու Արցախում ֆրանկաֆոնիայի զարգացումը նոր հեռանկարներ կբացի երկու երկրների ժողովուրդների կապերի ամրապնդման գործում:
Արցախի ու Ֆրանսիայի բարեկամացած քաղաքների պատվիրակությունների ղեկավարներն իրենց ելույթներում ընդգծել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ժողովրդավարական ուղով զարգանալու հետեւողական քայլերի կարեւորությունը եւ իրենց պատրաստակամությունը՝ բարեկամացած Արցախի քաղաքների հետ համագործակցել տարբեր ուղղություններով:
Համատեղ նիստի ավարտին մասնակիցներն ընդունել են հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Նիստի մասնակիցները.
Ողջունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ժողովրդի եւ իշխանությունների հետեւողական քայլերը՝ ուղղված ազատ եւ ժողովրդավարական պետականության ստեղծմանն ու զարգացմանը,
Նշելով, որ միջազգային գործընթացներից Արցախի ժողովրդի մեկուսացումն անթույլատրելի է եւ նման քաղաքականությունը խոչընդոտում է ժողովուրդների միջեւ երկխոսության եւ խաղաղության ամրապնդմանը,
Աջակցություն հայտնելով Ֆրանսիայի եւ Արցախի քաղաքների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատմանը, որն ուղղված է համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության եւ տնտեսության,
Հաստատելով Ֆրանսիայի եւ Արցախի միջեւ բարեկամական եւ փոխշահավետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը շարունակելու մտադրությունը,
Համոզված լինելով, որ բարեկամական հարաբերությունների հաստատումը եւ համագործակցությունը կարեւոր գործոն են խաղաղության ամրապնդման, մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների պաշտպանության գործում`
ա/ Կարեւորել են «Ֆրանսիական օրեր Ղարաբաղում» փառատոնի անցկացումը՝ որպես երկխոսության եւ համագործակցության շրջանակների ընդլայնման հաջողված նախաձեռնություն,
բ/ Բարձր են գնահատել հանրապետությունում ֆրանկոֆոնիայի զարգացմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերը եւ, այս կապակցությամբ, ողջունել Ստեփանակերտում «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնադրումը,
գ/ Համաձայնվել են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համագործակցության առկա ձեւաչափերի հետագա զարգացման համար՝ առաջնորդվելով հավասարության, փոխլրացման եւ համերաշխության սկզբունքներով»։