ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությանը
31 օգոստոսի 2015

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Արցախի ժողովրդավարական կուսակցության հրավերով Ստեփանակերտ ժամանած Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսիին եւ  Եվրախորհրդարանի անդամ Ջորդի Սեբաստիային: ԵԱԴ պատվիրակությանն ուղեկցում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է եվրոպական քաղաքական համակարգի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական դաշտի առնչությունները, մասնավորապես ընդգծելով միջկուսակցական ձեւաչափով համագործակցության անհրաժեշտությունը:

Ֆրանսուա Ալֆոնսին նշել է, որ Եվրոպական ազատ դաշինքը պայքարում է ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման  նույն գաղափարների համար, ինչին նաեւ ձգտում է Արցախը:

Կողմերը քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով երկուստեք կուտակված փորձի փոխանակումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ «ժողովրդավարություն» խմբակցության անդամները:

Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ս.թ. ապրիլի 17-ին դարձել է Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ:

ԼՈՒՐԵՐ