ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Մելիք-Շահնազարյանի մահվան կապակցությամբ
11 օգոստոսի 2015

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մելիք-Շահնազարյանի ընտանիքին, որում մասնավորապես ասված է.

 «Խորը կսկիծով տեղեկացանք, որ երկարատև ու ծանր հիվանդության պատճառով կյանքից հեռացել է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ Լևոն Հրանտի Մելիք-Շահնազարյանը:

Մեծ է Լևոն Մելիք-Շահնազարյանի ավանդը ղարաբաղյան շարժման ձևավորման և Արցախի Հանրապետության կազմավորման փուլերում: Նա իր ամբողջ եռանդն ու հնարավորությունները նվիրել է Հայրենիքի ազատության համար սկսված պայքարին:

Որտեղ էլ նա աշխատել է այդ տարիներին, միշտ էլ աչքի է ընկել սկսած գործը մինչև վերջ հասցնելու նպատակադրությամբ և ապագայի հանդեպ իր լավատեսությամբ: Այդ հատկանիշների շնորհիվ է նա արժանացել ժողովրդի վստահությանը և ընտրվել առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր՝ ստանձնելով չափազանց կարևոր պատասխանատվություն՝ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Պատգամավորական լիազորությունների ավարտից հետո էլ նա չի հրաժարվել Արցախի դատը պաշտպանելու իր ջանքերից և հենց այդ նպատակով էլ հետագայում ձեռնարկել է վերլուծական, քարոզչական և տեղեկատվական բնույթի նյութերի մշակումն ու տարածումը: Նա մինչև վերջ հավատարիմ է մնացել Արցախի բոլոր հատվածների հայության իրավունքների պաշտպանության իր ուխտին:

ԼՂՀ Ազգային ժողովի անունից մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Լևոն Մելիք-Շահնազարյանի բոլոր հարազատներին և ընկերներին: Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: 


                                                                                            Ա. ՂՈՒԼՅԱՆ

ԼՈՒՐԵՐ