ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանն ընդունել է լիբանանահայ մի խումբ պատանիների
05 օգոստոսի 2015

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է պատմա-ճանաչողական այցով Արցախ ժամանած ՀՅԴ Լիբանանի պատանեկան միության մի խումբ անդամների՝ ատենապետ Սաքո Արաբողլյանի գլխավորությամբ:

Ողջունելով լիբանանահայ պատանիներին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել նրանց այցելությունն Արցախ, նշելով, որ այն յուրօրինակ հնարավորություն է անմիջականորեն հաղորդակից լինելու ազգային պատմությանն ու մշակույթին: Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Հայրենիքում ապրող իրենց հասակակիցների հետ կապերի ամրապնդման ու տեղական համայնքներում հայկական ինքնության պահպանման անհրաժեշտությունը:

Այնուհետեւ Աշոտ Ղուլյանը պատանի հայրենակիցներին ամփոփ տեղեկություններ է ներկայացրել արցախահայության ազատագրական շարժման, ազատ ու անկախ երկրորդ հայկական պետության ձեռքբերումների վերաբերյալ՝ ընդգծելով երկրի զարգացման գործում Սփյուռքի ունեցած ծանրակշիռ դերակատարությունը:

Հանդիպման ավարտին ծավալված ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում լիբանանահայ պատանիներից շատերը հետագայում Արցախում հաստատվելու ցանկություն հայտնեցին: 

ԼՈՒՐԵՐ