ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ սոցիալական և առողջապահության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովների համատեղ նիստը
11 հունիսի 2015

Հունիսի 12-ին ԼՂՀ Ազգային ժողովում հրավիրված համատեղ նիստի ընթացքում 2014թ.-ի պետական բյուջեի  կատարման իրենց տարեկան հաշվետվությունները ներկայացրեցին սոցիալական և առողջապահության ոլորտի  պատասխանատուները:

Նիստը վարում էին ԼՂՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հանձնաժողովի նախագահի տեղակալ Արարատ Օհանջանյանը  ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանն իր զեկույցում նշեց, որ սոցիալական ոլորտի 2014թ. պետական ճշտված բյուջեն կազմել է 18 մլրդ 695մլն  դրամ, կատարողականը՝ 17 մլրդ 757 մլն դրամ կամ  95%-ը:

Պարզաբանումներ ստանալու նպատակով սոցապնախարարին պատգամավորների ուղղած հարցերը բազմազան էին: Դրանք վերաբերում էին մասնավորապես վեց և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովելու գործընթացին, մասնագիտական խրախուսման և աջակցության ծրագրին, հաշմանդամություն ունեցող անձանց օժանդակ պարագաներ տրամադրելու գործընթացին, նորաստեղծ ընտանիքներին տրամադրվող միանվագ նպաստի չափին, առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև  սոցիալապես անապահով երեխաների համար ծախսվող գումարի չափին, գործազուրկների համար կազմակերպվող մասնագիտական դասընթացներին և տնային պայմաններում միայնակ տարեց հաշմանդամների սոցիալական սպասարկմանը:

Առողջապահության  ոլորտի 2014թ.-ի  կատարողականի մասին զեկույցով հանդես եկավ ԼՂՀ առողջապահության փոխնախարար Զոյա Լազարյանը: Վերջինիս հաղորդմամբ առողջապահության նախարարությանը 2014թ.-ին պետական բյուջեից հատկացված գումարը կազմել է 5մլրդ 324մլն դրամ, կատարողականը՝ 5մլրդ 288մլն դրամ կամ 99,2%-ը:

ԱԺ պատգամավորների՝ առողջապահության փոխնախարարին ուղղած հարցերը ևս տարաբնույթ էին: Մասնավորապես պարզաբանումներ տրվեցին շրջաններում գրանցված անձանց՝ մայրաքաղաքում անվճար բուժօգնություն ստանալու, հանրապետություն ներկրվող դեղորայքի որակի ստուգման, բժշկական որակյալ  ուսում ստանալու, ինչպես նաև Ասկերան քաղաքի հիվանդանցային պայմաններին վերաբերող հարցերին:  

ԼՈՒՐԵՐ