26 մայիսի 2015
Մայիսի 27-ին ավարտվեց ԼՂՀ «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության եզրափակիչ փուլը:
Մայրաքաղաքի եւ շրջանների հանրակրթական դպրոցների 3-6-րդ դասարանների աշակերտներին ընդգրկող 8 թիմի միջեւ ընթացող երկօրյա մրցությունների արդյունքում հաղթող ճանաչվեց Մարտունու շրջանի հավաքական թիմը: Հաղթող թիմը ստացավ ԼՂՀ Ազգային ժողովի փոխանցիկ գավաթը պահելու եւ ՀՀ «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք:
Երկրորդ եւ երրորդ մրցանակային տեղերը գրավեցին Հադրութի շրջանի Մեծ Թաղերի միջնակարգ դպրոցի եւ Մարտակերտի շրջանի հավաքական թիմերը:
«Ազգային ժողովի գավաթի» խաղարկությանը մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն ու անհատական բարձր արդյունքներ ցուցաբերած մասնակիցներն արժանացան ԼՂՀ Ազգային ժողովի, կրթության եւ գիտության նախարարության, Սպորտի պետական կոմիտեի դիպլոմների ու պարգեւների:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորելով խաղարկության մասնակիցներին ու կազմակերպիչներին ՝ կոչ արեց ավելի բարձր հիմքերի վրա դնել երեխաների ֆիզիկական դաստիարակության մակարդակն ու խթանել սպորտի զարգացումը դպրոցներում:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ԿԳ նախարարության եւ Սպորտի պետական կոմիտեի ներկայացուցիչներ: