ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստ
21 մայիսի 2015

Մայիսի 21-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը, որը վարում էր տարիքով ավագ պատգամավոր Արպատ Ավանեսյանը:

6-րդ գումարման նստաշրջանի բացմանը մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

Ողջույնի խոսքով հանդես է եկել հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Երկրի նախագահը նշել է, որ ժողովրդավարական սկզբունքներին համահունչ անցկացված մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունները կարեւոր հիմք են նորընտիր Ազգային ժողովի արդյունավետ աշխատանքի համար, որը որպես մշտական հիմունքներով գործող խորհրդարան պատասխանատվության բարձր աստիճան է պահանջելու յուրաքանչյուր պատգամավորից:

Նորընտիր Ազգային ժողովին օրհնանքի իր խոսքն է ուղղել Արցախի թեմակալ առաջնորդ Պարգեւ սրբազանը:

Այնուհետեւ, համաձայն ԱԺ կանոնակարգի պահանջի, տեղի է ունեցել պատգամավորների երդման արարողությունը, որից հետո հրապարակվել է 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորական կազմը:

Նստաշրջանի օրակարգային առաջին հարցը ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ընտրությունն էր: Հանձնաժողովի կազմում ընտրվեցին պատգամավորներ Ռամելա Դադայանը (նախագահ), Լյուդմիլա Բարսեղյանը եւ Գագիկ Բաղունցը:

Ապա, ըստ սահմանված օրենսդրական նորմի, գաղտնի քվեարկությամբ անցկացվեցին խորհրդարանի ղեկավար մարմինների ընտրությունները:

Ձայների 28 կողմ եւ 5 դեմ հարաբերակցությամբ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է վերընտրվել Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար, նախորդ երկու գումարումների խորհրդարանի նախագահ, պատգամավոր Աշոտ Ղուլյանը (առաջարկության հեղինակ` «Ազատ հայրենիք» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Արթուր Թովմասյան):

Համաձայն կանոնակարգային պահանջի` նստաշրջանի աշխատանքն այնուհետ վարում էր Ազգային ժողովի ընտրյալ նախագահը:  

Խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում ձայների 30 կողմ եւ 2 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Վահրամ Բալայանը (առաջարկության հեղինակ` «Ազատ հայրենիք» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Սերգեյ Հարությունյան):

Փակ քվեարկության արդյունքներով մշտական հանձնաժողովների նախագահներ են ընտրվել պատգամավորներ Արզիկ Մխիթարյանը  (արտաքին հարաբերությունների), Արպատ Ավանեսյանը (արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի), Ժաննա Գալստյանը (պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի), Հովիկ Ջիվանյանը (պետական-իրավական հարցերի), Արամ Գրիգորյանը  (սոցիալական եւ առողջապահության  հարցերի), Ռուսլան Իսրայելյանը (ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի) եւ  Արմեն Սարգսյանը (գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության  եւ սպորտի հարցերի):

Անդրանիկ նիստի ավարտին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ համաձայն ԱԺ կանոնակարգի` նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն քսան օր անց` հունիսի 10-ին: Օրակարգում է լինելու ԼՂՀ կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու հարցը:

ԼՈՒՐԵՐ