ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
20 ապրիլի 2015

Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ ապրիլի 20-ին տեղի ունեցավ ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի արտահերթ նիստը:

Քննության առնելով օրակարգում ներառված օրինագծերը` խորհրդարանը մեկ ընթերցմամբ ընդունեց «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու մասին», «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը վավերացնելու մասին», «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու մասին» եւ «Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական կոնվենցիան վավերացնելու մասին» ԼՂՀ օրենքնեը։

Այնուհետեւ Ազգային ժողովը հաստատեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները, «ԼՂՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրա հետ կապված օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ԼՂՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների փաթեթները, երկրորդ ընթերմամբ ընդունեց «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ԼՂՀ օրենքները։

Օրենսդիրն ի գիտություն ընդունեց նաեւ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Է. Ավանեսյանի՝ ՎՊ 2014 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը, ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յու. Հայրապետյանի՝ ՄԻՊ գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ 2014թ․ տարեկան զեկույցը եւ «ՍՊԱրԾ» ՊՈԱԿ գործադիր տնօրեն Մ. Գրիգորյանի՝ ԼՂՀ տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ ծրագրով նախատեսված 2014թ. կատարված աշխատանքների հաղորդագրությունը։

Արտահերթ նիստի ավարտին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հանդես եկավ հայտարարությամբ:

ԼՈՒՐԵՐ