27 մարտի 2015
ԼՂՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի սոցիալական ու առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովը, խորհրդարանի համանուն հանձնաժողովի հետ համատեղ, մարտի 27-ին կազմակերպել է լսումներ` «Հղիության արհեստական ընդհատումը և սահմանափակումները օրենքով» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին առողջապահության, դատախազության, եկեղեցու, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ:
Ողջունելով քննարկման մասնակիցներին` ԼՂՀ ԱԺ սոցիալական ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը կարևորել է երիտասարդ գործընկերների նախաձեռնությունը:
«Հղիության արհեստական ընդհատումը կրոնի տեսանկյունից» թեմայով հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Հայր Մեսրոպը` ընդգծելով, որ եկեղեցին կտրուկ դեմ է հղիության արհեստական ընդհատմանը:
Գինեկոլոգ Մանուշակ Սարգսյանը հակիրճ ներկայացրել է խնդրի պատճառներն ու վերջին տարիների վիճակագրական տվյալները` նշելով բժիշկների հետևողական վերաբերմունքը հղիության արհեստական ընդհատման բուն պատճառը ճշտելու և կնոջը ետ պահելու այդ քայլից:
Անդրադառնալով հարցի օրենսդրական կարգավորմանը` ԼՂՀ դատախազության ներկայացուցիչ Զոյա Օսիպյանը նշել է, որ ԼՂՀ Քրեական օրենսգրքով հղիության ապօրինի ընդհատում կատարելը դիտվում է որպես հանցագործություն:
Արցախում բազմազավակությունը խթանող սոցիալական ծրագրերի մասին զեկույց է ներկայացրել ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանը:
Կարևորելով հասարակական կազմակերպությունների դերը ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործընթացում` «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Պետրոսյանն ընդգծել է 21-րդ դարի մարտահրավերների գլոբալ համատեքստում հասարակության բարոյական ու հոգևոր արժեքների վերափոխման խնդիրը: ՀԿ ղեկավարը նշել է, որ սկսած 2009 թվականից կազմակերպությունը պայքարում է հղիության արհեստական ընդհատման դեմ և այս ուղղությամբ իրականացրել է մի շարք ծրագրեր:
Այնուհետև զեկուցողներն ու Երիտասարդական խորհրդարանի անդամներն ակտիվ քննարկում են ծավալել հասարակության իրազեկման խնդրի և ունեցած վերաբերմունքի շուրջ: