07 փետրվարի 2015
Նախօրեին Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությունը, որի կազմում էին Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի և Հայաստանի խորհրդարանի պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչներ, փետրվարի 7-ին այցելել են Պաշտպանության բանակի զորամասերից մեկը, որտեղ մասնակցել են նորակոչիկ զինվորների երդման արարողությանը:
Արցախի Պաշտպանության բանակի շարքերը համալրող երիտասարդ զինվորներին պատգամավորների անունից ողջունել ու շնորհավորել է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները՝ ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանի ուղեկցությամբ մեկնել են ադրբեջանա-ղարաբաղյան զորքերի շփման գիծ, տեսակցել մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին եւ նրանց հետ զրուցել առաջնագծում տիրող իրավիճակի շուրջ:
Օրվա երկրորդ կեսին ՀՀ Աժ պատգամավորական պատվիրակությունը մեկնել է Երեւան: