ԼՈՒՐԵՐ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբի դիմումը Հեռուստամարաթոն 2014 -ի առթիվ
26 նոյեմբերի 2014

             Սիրելի հայրենակիցներ

             Նոյեմբերի 27-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը: Այն նվիրված է Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհի կառուցման եզրափակիչ փուլին: Արցախը  Հայաստանին կապող երկրորդ ժամանակակից ճանապարհի շահագործման համար կատարվել է մեծածավալ աշխատանք: Խնդիր է դրված 2015թ-ին ավարտել մայրուղու ասֆալտապատումը:

            Ավելորդ է ասել, թե ինչ նշանակություն ունի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը թե անվտանգության, թե Արցախի հյուսիսային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման համար:

            Այդ ծրագիրն ունի նաեւ քաղաքական եւ հոգեբանական նշանակություն: Իրականացնելով այն, հայ ժողովուրդը վերահաստատում է Արցախի հարցում իր արդարացի դիրքորոշումը, տեր կանգնում ազատագրված հայրենիքի հզորացման գործին:

            Հեռուստամարաթոնին մասնակցելու համար այս օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է գտնվում Արցախի պատվիրակությունը` հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Այդպիսով խորհրդանշվում է Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնությունը:

            Թանկագին հայրենակիցներ,

            Այդ միասնության ակունքն արցախահայության 1988թ. սկսած ազատագրական շարժումն է: Դա ոչ միայն պատիվ, այլեւ մեծ պատասխանատվություն է: Եւ մենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին պետք է մասնակցենք այդ պատասխանատվության գիտակցությամբ:

            Մենք դրանում չենք կասկածում եւ լիահույս ենք, որ նոյեմբերի 27-ին  հայությունն իր մասնակցությամբ եւ դրամական ներդրումներով եւս մեկ անգամ աշխարհին կներկայանա որպես ինքնուրույն վճիռներ կայացնող եւ դրանց լուծմանը հետամուտ ազգ, որը 21-րդ դարի մարտահրավերներն ընդունում է արժանապատվորեն եւ իր միասնությամբ հաղթահարում դրանք: Ասվածի վկայությունը պետք դառնա նախանշված ժամկետներում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը:

 


ԼՂՀ Ազգային ժողովի՝

 

«Դաշնակցություն»,

«Ժողովրդավարություն»,

«Հայրենիք» խմբակցություններ եւ

«Արցախատուն» պատգամավորական խումբ

                                                         

26 նոյեմբերի, 2014թ.  ք. Ստեփանակերտ

ԼՈՒՐԵՐ