07 նոյեմբերի 2014
07 նոյեմբերի 2014
Նոյեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը։
Բացելով հերթական՝ թվով տասներորդ նիստը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը Հայաստանի և Արցախի միջպետական համագործակցության ամրապնդման ու ընդլայնման գործում։
Արցախի խորհրդարանական պատվիրակության անունից ողջունելով նիստի մասնակիցներին՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջև վերջին շրջանում անցկացված համատեղ ակտիվ քննարկումները։
Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օրակարգում էին ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի ամփոփման, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող քննարկումներին և ՀՀ պատվիրակությունների հաշվետվություններին վերաբերող հարցեր։
ԼՂՀ Ազգային ժողովի պատվիրակությանը նույն օրը ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ավարտին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի համատեղ մամուլի ասուլիսը։