ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստ
29 հոկտեմբերի 2014

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Օրենսդիր մարմինը մեկ ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական մշակութային կոնվենցիան վավերացնելու մասին» ԼՂՀ օրենքը, որով Արցախի Հանրապետությունը սկսում է միջազգային պայմանագրերին ու կոնվենցիաներին միակողմանիորեն միանալու գործընթացը։

Խորհրդարանը հաստատեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և դրա  հետ կապված օրենքների փաթեթը:

Օրակարգային հաջորդ հարցը երկրոդ ընթերցմամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի» ընդունումն էր, որով, ի թիվս մի շարք փոփոխությունների, հավանության արժանացավ խորհրդարանական հաջորդ ընտրություններում խառը ընտրակարգի նոր հարաբերակցությունը՝ 22 համամասնական և 11 մեծամասնական պատգամավորական տեղերով:

ԱԺ նիստի օրակարգում էին ԼՂՀ Նախագահի կողմից խորհրդարան ներկայացված ԼՂՀ Գլխավոր դատախազի և ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցերը:

Գաղտնի քվեարկության արդյունքում Արթուր Արմենի Մոսիյանը նշանակվեց գլխավոր դատախազ (24 կողմ, 2 դեմ, 2 անվավեր), Էռնեստ Ալեքսեյի Ավանեսյանը՝ վերահսկիչ պալատի նախագահ (25 կողմ, 2 դեմ, 1 անվավեր):

Նիստի ավարտին խորհրադարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակեց Արթուր Մոսիյանին՝ ԼՂՀ Գլխավոր դատախազ և Էռնեստ Ավանեսյանին՝ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ նշանակելու մասին ԼՂՀ Ազգային ժողովի որոշումները։

ԼՈՒՐԵՐ