15 հոկտեմբերի 2014
Հոկտեմբերի 14-ին մեկնարկել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Բրյուսել։
Նույն օրն Արցախի խորհրդարանի ղեկավարն Եվրոպական խորհրդարանում մասնակցել է Աննա Աստվածատրյան-Տուրկոտի «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի շնորհանդեսին, որը կազմակերպվել էր Եվրոպայի հայ դատի գրասենյակի կողմից: Միջոցառմանը, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի անդամներ, Բելգիայի հայ համայնքի և Բրյուսելում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ելույթ են ունեցել Բելգիայի Թագավորությունում և Եվրամիությունում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը։ Այնուհետև, 1988-1991թթ. Ադրբեջանի հայաշատ քաղաքներում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին նվիրված իր գրքի ստեղծման պատմությամբ ներկաների հետ կիսվել է հեղինակը՝ Աննա Աստվածատրյան-Տուրկոտը։
Օրվա երկրորդ կեսին Եվրախորհրդարանում ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ջորդի Սեբաստիայի և Էռնեստ Մարագալի հետ (Եվրոպայի Ազատ դաշինք, «Կանաչներ» խմբակցություն)։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող հարցեր, Արցախի քաղաքական համակարգի զարգացման, միջազգային խորհրդարանական կապերին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր։