ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ղեկավարին
29 սեպտեմբերի 2014

Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:

Հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ապագա ծրագրերի, խորհրդարանական ձևաչափով հարաբերությունների զարգացման հարցերը:

Ազգային ժողովի նախագահը կարևորել է Ֆրանսիայի օրենսդիրների պարբերական այցերն Արցախ, որով հնարավորություն է ստեղծվում ԼՂՀ վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության ներկայացումն միջազգային խորհրդարանական հարթակներում:

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ նման այցերի միջոցով իրենք տեսնում են իրականությունը և դառնում ԼՂՀ յուրատեսակ ներկայացուցիչներն Եվրոպայում:

Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը:

 

ԼՈՒՐԵՐ