ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստ
18 սեպտեմբերի 2014

Սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նախքան նստաշրջանի բացումը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումների հետևանքով Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակը:

Այնուհետև խորհրդարանի նախագահն ամփոփել է նախորդ նստաշրջանի ավարտից հետո խորհրդարանի իրականացրած գործունեությունը: Աշոտ Ղուլյանի հաղորդմամբ՝ միջխորհրդարանական կապերի շրջանակներում տեղի են ունեցել տարբեր ձևաչափի հանդիպումներ Գերմանիայի Բունդեսթագի, Լիտվայի Սեյմասի, Ֆրանսիայի Սենատի ու Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունների հետ: Արցախի ԱԺ են այցելել սփյուռքահայ մի շարք կառույցների երիտասարդական խմբեր: Միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում ԱԺ են այցելել ՀՀ Աժ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի և Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների պատվիրակությունները:

Դրական տեղաշարժեր են գրանցվել նաև ԼՂՀ միջազգային ճանաչման գործում. օգոստոսի 28-ին Կալիֆորնիայի Սենատն ընդունել է ԼՂՀ անկախությունը և նրա ժողովրդի ազատ զարգացմանն աջակցող բանաձև, իսկ սեպտեմբերի 12-ին՝  Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է փաստաթուղթ, որըն աջակցում է ԼՂ ինքնորոշման իրավունքի իրագործմանը: 

Համաձայն ԱԺ կանոնակարգի պահանջի՝ նոր նստաշրջանը սկսվել է ԼՂՀ պետական օրհներգի կատարմամբ:

Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի և սեպտեմբերի 18-ի նիստի օրակարգերը, ԱԺ 10-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը՝ հանձնաժողովի անդամներ վերահաստատելով պատգամավորներ Ռոմելա Դադայանին, Կամո Բարսեղյանին և Լյուդմիլա Բարսեղյանին:

Սկսելով օրենսդրական նախագծերի քննարկումը՝ խորհրադարանն առաջինը քննության է առել ԼՂՀ ընտրական օրենսգրքի նոր նախագիծը: Այն ներկայացրել է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:  ԿԸՀ նախագահի հիմնավորմամբ ԸՕ նոր խմբագրությամբ ներկայացնելը պայմանավորված է ընտրական գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ: Նախագծով փոփոխության կենթարկվեն ընտրական ընթացակարգերի ժամկետների, ընտրողների հաշվառման, ընտրագրավի, բողոքարկման համակարգի, քվեաթերթիկների նվազագույն քանակի սահմանման, նախընտրական քարոզչության և այլ հարցեր:

Լսվել է գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական  հանձնաժողովի եզրակացությունը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանն առաջարկել է նախագիծն ընդունել առաջին ընթերցմամբ: Քվեարկության արդյունքում ԼՂՀ ԸՕ նախագիծն անցավ առաջին ընթերցման  փուլը:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր «Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԼՂՀ օրենքի նախագծին: Ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հիմնավորմամբ այն բխում է տնտեսության մեջ որոշ ապրանքների շրջանառության իրական ծավալներն արձանագրելու  և դրանով իսկ հարկումից խուսափելու հնարավորությունները սահմանափակելու քաղաքականությունից:

Օրինագծի վերաբերյալ դրական էր գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի(նախագահ՝ Արպատ Ավանեսյան) եզրակացությունը: Օրենքը ընդունվեց:

«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծով ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հիմնավորմամբ հնարավորություն կտա դատական համակարգում ներդնել դատական գործընթացների ձայնագրման համակարգ, որը կբարձրացնի ժողովրդի վստահությունը դատական արդարադատության հանդեպ:

Օրինագծի վերաբերյալ դրական էր գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի(նախագահ՝ Արպատ Ավանեսյան) եզրակացությունը: Օրենքը ընդունվեց:

Նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախածգին: Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի հիմնավորմամբ այն պայմանավորված է գյուղատնտեսական տեխնիկայի և նոր մտցրած կցանք հասկացության հաշվառման և տրակտորիստ-մեքենավարի որակավորման քննություններին թույլատրելի տարիքի հստակեցման անհրաժեշտությամբ:

Օրինագծի վերաբերյալ գլխադասային՝ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի(նախագահ՝ Հրանտ Սաֆարյան) եզրակացությունը դրական էր: Օրինագիծը ընդունվեց:

Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր «Բուսասանիտարիայի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը պետք է անցներ երկրորդ ընթերցումը: Գյուղատնտեսության նախարարի հիմնավորմամբ այն թույլ կտա սննդի անվտանգության ոլորտում բարձրացնել պետական վերահսկողությունը:

Օրենքի փաթեթի նախագծի վերաբերյալ դրական էր գլխադասային՝ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը: Օրինագիծը ընդունվեց:

Խորհրդարանն այնուհետև լսել է «ԼՂՀ 2014թ. 1-ին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին» ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղեկատվությունը, որը ներկայացրել է նախարար Սպարտակ Թևոսյանը:

Ըստ օրակարգի, տեղի է ունեցել նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի առաջին ընթացակարգը նոր նստաշրջանում՝ կառավարության անդամների ու փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մասնակցությամբ:

Պատգամավորների բարձրացրած հարցերը վերաբերում էին հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտների:

ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստի վերջին լսվել է նաև Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանի հայտարարությունը՝ Բասկերի երկրի խորհրդարանի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ:

ԼՈՒՐԵՐ