07 հուլիսի 2014
07 հուլիսի 2014
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 7-ին ընդունել է Ֆրանսիայի Լե Պեն-Միրաբո քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Միշել Ամիելի գլխավորությամբ:
Ողջունելով արդեն բարեկամ դարձած քաղաքի պատվիրակությանը` ԱԺ նախագահը նշեց, որ 20 օր առաջ Արցախի խորհրդարանական պատվիրակությունը Փարիզում, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամական շրջանակի հետ հանդիպման ժամանակ, որպես համագործակցության զարգացման լուրջ հեռանկար է դիտարկել դեռևս 2013թ. հունիսին ֆրանսիայի Լե Պեն-Միրաբո և ԼՂՀ Մարտունի քաղաքների միջև ստորագրված Բարեկամության հռչակագիրը:
Խորհրդարանի ղեկավարը ընդգծեց նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ֆրանսիայի ունեցած կարևոր դերակատարությունը` հավելելով, որ նման բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը նույնպես կոչված են նպաստելու վերջնական խաղաղության հաստատմանը:
Ֆրանսիայի Լե Պեն-Միրաբոյի քաղաքապետ Միշել Ամիելն անդրադառնալով երկու քաղաքների հետագա համագործակցությանը` մասնավորապես նշեց, որ կարևորը ոչ թե երկրի տարածքային չափերն ու բնակչության թվաքանակն է, այլ Արցախի ժողովրդի հավատն ապագայի հանդեպ և, Ֆրանսիան` որպես մարդու իրավունքների ու ազատության գաղափարների ծննդավայր, առավել մեծ պարտավորություններ ունի հենց դրանց քարոզման ու պաշտպանության գործում:
Այնուհետև կողմերը քննարկեցին տարբեր ոլորտներում հետագա համագործակցության մի շարք հարցեր, և Աշոտ Ղուլյանը խորհրդարանի պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու համայնքների միջև հարաբերությունների ամրապնդմանը: