Ընդունված է 2015թ. ապրիլի 20-ին
Հոդված 1. «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-92-Ն օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Uույն օրենքը կարգավորում է հարկային մարմնում հարկ վճարողներին հաշվառելու և հաշվառումից հանելու, hարկ վճարողների վերաբերյալ տվյալների միասնական գրանցամատյան վարելու, ինչպես նաև հարկ վճարողների հաշվառման հետ կապված այլ հարաբերությունները:
Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից պետական գրանցում (հաշվառում) ստացող կազմակերպությունների հաշվառման, հաշվառումից հանման և միասնական գրանցամատյանի վարման հետ կապված այլ հարաբերությունները սահմանվում են այլ իրավական ակտերով:
Հոդված 2. Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման մասին օրենսդրությունը
Հարկային մարմնում կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հաշվառման ոլորտում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքը տարածվում է՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական գրանցում uտացած կազմակերպությունների, պետական կառավարչական և համայնքային հիմնարկների, oտարերկրյա կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հաշվառված առանձնացված uտորաբաժանումների (մաuնաճյուղերի, ներկայացուցչությունների) վրա.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական հաշվառում ստացած անհատ ձեռնարկատերերի վրա.
3) անհատ ձեռնարկատեր չհանդիuացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և oտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
հարկային մարմին՝ համապատասխանում է «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված «հարկային մարմին» հասկացությանը.
հարկ վճարող՝ օրենքով սահմանված պետական բյուջե հարկեր և (կամ) այլ պարտադիր վճարներ վճարելու պարտավորություն կրող կազմակերպություն կամ ֆիզիկական անձ.
կազմակերպություն՝ (սույն օրենքի իմաստով) իրավաբանական անձինք, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկները և առանձնացված ստորաբաժանումները՝ մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական և համայնքային կառավարչական հիմնարկները.
հարկ վճարողի հաշվառում՝ պետական գրանցում կամ հաշվառում ստացած կազմակերպությունների և պետական հաշվառում ստացած անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների վերաբերյալ տվյալների գրառում hարկ վճարողների վերաբերյալ տվյալների միասնական գրանցամատյանում, հարկ վճարողի հաշվառման համարների տրամադրում և հաշվառում.
հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)՝ հարկային մարմնի կողմից հարկ վճարողին տրամադրվող հաշվառման համար.
հարկ վճարողների վերաբերյալ տվյալների միասնական գրանցամատյան (այսուհետ` միասնական գրանցամատյան)՝ էլեկտրոնային փաստաթուղթ, որը պարունակում է հարկ վճարողների վերաբերյալ հարկային մարմնում առկա՝ սույն օրենքով սահմանված տվյալները.
անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ՝ պետական բյուջե հարկեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտավորություն կրող ֆիզիկական անձ, ում եկամուտները չեն ձևավորվում բացառապես հարկային գործակալ հանդիսացող անձանցից ստացվող եկամուտների հաշվին.
հարկ վճարողի հարկային գործ՝ հարկային մարմնում կազմվող և պահվող` հարկ վճարողի վերաբերյալ առանձնացված անհատական գործ, որտեղ ըստ ժամանակագրական հերթականության կուտակվում են օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված, հարկային մարմնի կողմից կազմված, երրորդ անձանցից ստացված տվյալ հարկ վճարողի վերաբերյալ ցանկացած տեսակի տեղեկությունները (փաստաթղթերը), հարկային մարմնում նրա հարկային պարտավորությունների և վճարումների վերաբերյալ վարվող անձնական հաշվի քարտը, ինչպես նաև հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնում առկա այլ տվյալներ.
էլեկտրոնային փաստաթուղթ՝ էլեկտրոնային ձևով ներկայացվող կամ պահպանվող փաստաթուղթ.
հարկային մարմնի տեղեկատվական համակարգ՝ էլեկտրոնային փաստաթղթերի պատրաստման, առաքման, ստացման, պահպանման կամ այլ տիպի ապարատածրագրային մշակման, ինչպես նաև միասնական գրանցամատյանի վարման համակարգ, որի միջոցով հարկային մարմինն իրականացնում է հարկ վճարողների հաշվառումը.
ստուգում՝ լուծարման գրանցում կատարելու մասին դիմում ներկայացրած հարկ վճարողի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ պետական ռեգիստրի գործակալություն) հարցման հիման վրա հարկային մարմնի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացվող ստուգում.
հարկ վճարողին հաշվառումից հանում՝ միասնական գրանցամատյանում հարկ վճարողի լուծարման (գործունեության դադարեցման) վերաբերյալ գրառում.
գրառում՝ միասնական գրանցամատյանում տեղեկատվության ավելացման կամ լրացման արդյունքում ստեղծված իրադրություն:
Գ Լ ՈՒ Խ II
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 5. Հարկ վճարողների հաշվառումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում է հարկ վճարողների հաշվառման միասնական համակարգ:
- Հարկ վճարողների հաշվառումն իրականացվում է հարկ վճարողի հաշվառման համարների միջոցով:
- Հարկ վճարողների հաշվառումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինը: Հարկ վճարողների հաշվառման տվյալները գրառվում են հարկային մարմնում վարվող միասնական գրանցամատյանում:
Հոդված 6. Հարկ վճարողի հաշվառման համարը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնում հաշվառվող հարկ վճարողին տրամադրվող հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ) հանդիսանում է նրա նույնականացման կոդը: Ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
- Հարկ վճարողի հաշվառման համարը միակն է և ենթակա չէ փոփոխման: Հարկ վճարողի հաշվառման համարը չի կարող տրամադրվել այլ հարկ վճարողի:
- Ֆիզիկական անձին տրամադրվող հարկ վճարողի հաշվառման համարը մնում է անփոփոխ վերջինիս տարբեր կարգավիճակներում: Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելուց (գործունեության դադարեցումից) հետո կրկին որպեu անհատ ձեռնարկատեր հաշվառվելու դեպքում նրան տրամադրվում է իր նախորդ հարկ վճարողի հաշվառման համարը: ՀՎՀՀ-ն չի փոխվում նաև այն ժամանակ, երբ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցումից հետո հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր` որպեu անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ:
- Հարկ վճարողի հաշվառման համարը կազմված է ութանիշ թվից: Առաջին յոթ նիշը հանդիuանում է հերթական համար, ութերորդ նիշը uտուգիչ է և հաշվառվում է նախորդ յոթ նիշերի հիման վրա: Հարկ վճարողների հաշվառման համարների uտուգիչ նիշի հաշվառման բանաձևը uահմանում է հարկային մարմինը:
- ՀՎՀՀ-ի առկայությունը պարտադիր է Կենտրոնական բանկի կողմից uահմանված ցանկում ներառված վճարահաշվարկային փաuտաթղթերի վրա:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար բանկային հաշիվներ բացվում են միայն հարկ վճարողի հաշվառման համարի առկայության դեպքում:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար բանկային հաշիվների բացման վերաբերյալ հարկային մարմնին տեղեկությունների տրամադրման կարգը uահմանում է Կենտրոնական բանկը` հարկային մարմնի հետ համատեղ:
Գ Լ ՈՒ Խ III
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼԸ
Հոդված 7. Հարկային մարմնում հաշվառման կանգնելը
- Պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացող կազմակերպությունը և պետական հաշվառում ստացող անհատ ձեռնարկատերը հարկ վճարողի հաշվառման համարը ստանում են պետական ռեգիստրի գործակալության միջոցով:
- Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունը և հյուպատոսական հիմնարկը, դրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունը հարկային հաշվառման համար դիմում են հարկային մարմնին:
- Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների` հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
- Նոր գրանցված (հաշվառված) կազմակերպությունը համարվում է հաշվառված իր գտնվելու վայրը սպասարկող հարկային մարմնում (տեսչությունում):
- Նոր հաշվառված անհատ ձեռնարկատերը համարվում է հաշվառված իր հայեցողությամբ` բնակության կամ հաշվառման հասցեն սպասարկող հարկային մարմնում (տեսչությունում):
- Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հարկային հաշվառման է կանգնում իր բնակության կամ հաշվառման վայրի հարկային մարմնում (տեսչությունում):
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոuական հիմնարկը, կամ դրանց հավաuարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունը հարկային հաշվառման է կանգնում իր մշտական ներկայացուցչության (նuտավայր, գրաuենյակ և այլն) գտնվելու տարածքը uպաuարկող հարկային մարմնում (տեսչությունում):
- Հարկ վճարողը համարվում է հաշվառված հարկային մարմնում միասնական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու պահից:
Հոդված 8. Հարկային հաշվառման կանգնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը
- Պետական ռեգիստրի գործակալության կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) մասին փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացվում են հարկային մարմին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
- Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
1) անձնագրի պատճենը.
2) հանրային ծառայությունների համարանիշը կամ դրա բացակայության դեպքում հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազորված մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի պատճենը.
3) ֆիզիկական անձի կողմից լրացված՝ հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմում, որում լրացման ենթակա տվյալների ցանկը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոuական հիմնարկները, դրանց հավաuարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունները հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
1) կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի (դրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական)) կազմակերպության կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից լրացված՝ հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման մասին դիմում, որում լրացման ենթակա տվյալների ցանկը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 9. Հարկային մարմին փաստաթղթեր ներկայացնելը
- Փաստաթղթերը հարկային մարմին կարող են ներկայացվել թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով:
- Հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը պետք է բավարարեն հետևյալ պահանջները.
1) փաստաթուղթը պետք է լինի ամբողջական.
2) փաստաթղթում պետք է նշված լինեն դրանք կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
3) փաստաթուղթը չպետք է պարունակի ջնջումներ կամ էական վնասվածքներ, հավելագրումներ, ջնջված բառեր, հետագայում լրացման համար նախատեսված չլրացված մաuեր, չծանոթագրված ուղղումներ.
4) փաստաթղթի տեքստը պետք է գրված լինի պարզ, հստակ և ընթեռնելի:
- Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին հանձնելու դեպքում համարվում են պատշաճ ներկայացված, եթե հարկ վճարողը տեղեկատվական համակարգ է մուտքագրում անհրաժեշտ տեղեկությունները և հաստատում էլեկտրոնային ստորագրության միջոցով: Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը հարկային մարմին հանձնելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
- Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու դեպքում անձնագիր ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձնագրի տվյալները պատշաճորեն լրացվում են տեղեկատվական համակարգում և տվյալների ճշտությունը հավաստվում է տեղեկատվական համակարգի կողմից այլ տվյալների բազաների՝ ներառյալ` էլեկտրոնային ստորագրության տվյալների բազայի, հետ համադրելու միջոցով:
- Տեղեկատվական համակարգն օրենսդրությամբ նախատեսված տվյալները մուտքագրելուց հետո ինքնաշխատ ստուգում է այդ տեղեկատվության ճշտությունը` դրանք համադրելով համակարգում պահվող տեղեկատվության, ինչպես նաև այլ տեղեկատվական բազաների տվյալների հետ: Անճշտություններ կամ մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում սույն օրենքով սահմանված տեղեկությունները հարկային մարմնի տեղեկատվական համակարգի կողմից լրացվում են միասնական գրանցամատյանում: Տեղեկատվական համակարգը հարկ վճարողին ծանուցում է փաստաթղթերի ստացման վերաբերյալ՝ վերջինիս կողմից ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով:
- Սույն հոդվածում նշված պահանջները չբավարարող փաստաթղթի առկայությունը հիմք է հարկ վճարողի հաշվառումը մերժելու համար: Սույն հոդվածի պահանջները չբավարարող փաստաթղթերը հարկային մարմինը վերադարձնում է հարկ վճարողին:
Հոդված 10. Հարկային հաշվառման ձևակերպումը, հաշվառման կասեցումը
- Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոuական հիմնարկների, դրանց հավաuարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների կողմից հաշվառման կանգնելու համար ներկայացված` սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված փաստաթղթերն ուսումնասիրվում են հարկային մարմնի կողմից` օրենքների պահանջներին դրանց համապատասխանությունը պարզելու նպատակով: Նմուշային ձևեր ներկայացնելու դեպքում ստուգվում է միայն լրացված տեղեկությունների լիարժեքությունը և ճշտությունը:
- Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվառման կանգնելու մասին դիմումի ընթացքը կարող է կասեցվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում՝
1) եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, լրացված են թերի կամ խախտումներով, չեն համապատասխանում սույն օրենքով սահմանված փաստաթղթերի ցանկին.
2) ներկայացված տեղեկություններում առկա են անճշտություններ կամ ներառված են կեղծ տվյալներ հարկ վճարողի վերաբերյալ:
- Եթե հաշվառման կանգնելու մասին դիմումը հարկ վճարողի կողմից ներկայացվել է ոչ իրավասու հարկային մարմին (տեսչություն), ապա դիմումը uտացած հարկային մարմինը ոչ ուշ, քան դիմումի ներկայացման հաջորդ աշխատանքային օրն այն վերահաuցեագրում է իրավաuու հարկային մարմին` այդ մասին ծանուցելով դիմողին:
- Սույն հոդվածի 2-րդ մասում բերված հիմքերով հաշվառման կանգնելու մասին հարկ վճարողի կողմից ներկայացված դիմումի ընթացքի կասեցման վերաբերյալ հարկ վճարողին գրավոր տեղյակ է պահվում դիմումը ստանալուց հետո` հաջորդ աշխատանքային օրը:
- Հաշվառման կանգնելու մասին հարկ վճարողի դիմումի ընթացքի կասեցման հիմքերի վերաբերյալ դիմողին տեղյակ պահելուց հետո սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև դիմումի կասեցման հիմքերի վերացումը:
- Կասեցման հիմքեր չհայտնաբերելու դեպքում տեղեկությունները գրանցվում են միասնական գրանցամատյանում և փաստաթղթերի ստացումից հետո մեկ աշխատանքային օրում դիմողին տրամադրվում են հարկ վճարողի հաշվառման համարը և հարկ վճարողի հաշվառման վկայականը: Հաշվառման կանգնելու մասին դիմումի և հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթղթերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 11. Հարկային մարմնում էլեկտրոնային եղանակով հաշվառման կանգնելը
- Հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը հանձնելու դեպքում դրանք պետք է բավարարեն սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, ինչպես նաև 9-րդ հոդվածով սահմանված պահանջներին:
- Հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացված տվյալների ինքնաշխատ ստուգման ժամանակ անճշտություններ կամ մերժելու հիմքեր չհայտնաբերվելու դեպքում սույն օրենքով սահմանված տեղեկությունները հարկային մարմնի տեղեկատվական համակարգի կողմից լրացվում են միասնական գրանցամատյանում:
- Գրառման ավարտից հետո, տեղեկատվական համակարգը դիմողին օրենքով նախատեսված կարգով շնորհում է ՀՎՀՀ-ն և հարկ վճարողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով մեկ աշխատանքային օրում ուղարկվում է հարկ վճարողի հաշվառման վկայականի էլեկտրոնային տարբերակը:
Հոդված 12. Հարկային հաշվառման առանձնահատկությունները կազմակերպությունների վերակազմակերպման ժամանակ
- Կազմակերպության վերակազմավորման դեպքում հարկ վճարողի հաշվառման համարը փոխանցվում է նրա իրավահաջորդին, իսկ վերակազմակերպման մյուս ձևերի դեպքում՝
1) կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպման դեպքում շարունակում է գործել այն կազմակերպության ՀՎՀՀ-ն, որին միանում է մեկ այլ կազմակերպություն, իսկ միացող կազմակերպության ՀՎՀՀ-ն հանվում է հաշվառումից.
2) կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպման դեպքում ստեղծված նոր կազմակերպությանը տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ միաձուլվող կազմակերպությունների ՀՎՀՀ-ները հանվում են հաշվառումից.
3) կազմակերպությունների առանձնացման ձևով վերակազմակերպման դեպքում առանձնացված նոր կազմակերպությանը տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ նախկին կազմակերպությունը (որից կատարվել է առանձնացումը) շարունակում է հաշվառվել իր ՀՎՀՀ-ով.
4) կազմակերպությունների բաժանման ձևով վերակազմակերպման դեպքում ստեղծված նոր կազմակերպություններից յուրաքանչյուրին տրամադրվում է նոր ՀՎՀՀ: Նախկին կազմակերպության ՀՎՀՀ-ն հանվում է հաշվառումից:
- Պետական ռեգիստրի գործակալության կողմից` կազմակերպությունների վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման (հաշվառման) մասին տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են հարկային մարմին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ IV
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ
Հոդված 13. Հաշվառման հարկային մարմնի փոփոխելը
- Հարկ վճարողի հաշվառման հարկային մարմինը կարող է փոփոխվել վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից մեկի առկայության դեպքում, եթե՝
1) կազմակերպության գտնվելու (ֆիզիկական անձի դեպքում` հաշվառման կամ բնակության) և գործունեության փաuտացի իրականացման վայրերը (փոստային հասցեները) չեն համապատաuխանում միմյանց.
2) հարկ վճարողը գործունեություն է իրականացնում մեկից ավելի հաuցեներում:
- Վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մեկ հարկային մարմնից մեկ այլ հարկային մարմին տեղափոխելու հիմքերն են՝
1) գործունեության հիմնական վայրի փոփոխությունը.
2) համախառն հասույթի (եկամտի) կազմում որևէ մեկ վայրից ստացվող հասույթի (եկամտի) տեսակարար կշռի գերակայությունը.
3) գործարար շահերի կենտրոնի, կազմակերպության ղեկավար մարմնի գտնվելու վայրի փոփոխությունը.
4) գործունեության ոլորտային, սեզոնային, տարածքային կամ նմանատիպ այլ առանձնահատկությունները:
- Հարկ վճարողի հաշվառման հարկային մարմնի փոփոխությունն իրականացվում է հարկային մարմնի կողմից սահմանված կարգով:
Հոդված 14. Հարկ վճարողի տվյալների փոփոխման մասին տեղեկություններ ներկայացնելը
- Պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացած կազմակերպությունների, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց հարկային հաշվառման կանգնելու ժամանակ ներկայացված տվյալների փոփոխման մասին տեղեկությունները և փաստաթղթերը հարկային մարմնին տրամադրվում են պետական ռեգիստրի գործակալության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
- Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց անձնագրային տվյալների փոփոխության մասին տեղեկությունները հարկային մարմնին տրամադրվում են բնակչության պետական ռեգիստր վարող լիազոր մարմնի կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ V
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ
Հոդված 15. Պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) ստացած կազմակերպություններին հարկային հաշվառումից հանելը
- Պետական ռեգիստրի գործակալությունն օրենքով սահմանված դեպքերում կազմակերպության լուծարման գործընթաց սկսելու մասին գրառում կատարելու օրը հարկային մարմնին առցանց ռեժիմով տրամադրում է կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն և լուծարային գործընթացում գտնվելու մասին տեղեկությունը (դատարանի վճռով լուծարման դեպքում՝ դատարանի վճռի կամ որոշման վերաբերյալ տեղեկությունը):
- Կազմակերպության լուծարային գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները ստանալուց հետո հարկային մարմինը հնգօրյա ժամկետում հարկ վճարողի մոտ սկսում է ստուգում:
- Օրենքով սահմանված կարգով հարկ վճարողների մոտ իրականացված ստուգման արդյունքներով հարկ վճարողներին տրամադրվում է տեղեկանք պետական բյուջեի հանդեպ հարկային (այդ թվում՝ հարկային մարմնի կողմից գանձվող պարտադիր այլ վճարների) պարտավորությունների վերաբերյալ:
- Պետական ռեգիստրի գործակալությունից պետական բյուջեի գծով հարկ վճարողի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ հարցում ստանալու դեպքում, հարկային մարմինը հարցումը ստանալու օրվանից հետո` քսանօրյա ժամկետում, տրամադրում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք` հարկային մարմնի կողմից սահմանված ձևով:
- Պետական ռեգիստրի գործակալությունը լուծարման մասին տեղեկությունների գրառում կատարելու օրը հարկային մարմնին տրամադրում է տեղեկություն կազմակերպության լուծարման պետական գրանցման տարվա, ամսվա, ամսաթվի վերաբերյալ: Նշված տեղեկություններն ինքնաշխատ կերպով արդիականանում են միասնական գրանցամատյանում և այդ պահից կազմակերպությունը համարվում է հարկային հաշվառումից հանված:
Հոդված 16. Պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական հաշվառում ստացած անհատ ձեռնարկատերերին հարկային հաշվառումից հանելու գործընթացը
- Պետական ռեգիստրի գործակալությունը անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելու գործընթաց սկսելու մասին գրառում կատարելու օրը հարկային մարմնին առցանց ռեժիմով տրամադրում է անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ՀՎՀՀ-ն, պետական հաշվառումից հանելու հիմքը` դիմումի տարին, ամիսը, ամսաթիվը, սնանկության հետևանքով հաշվառումից հանելու դեպքում՝ դատարանի որոշման վերաբերյալ տեղեկություններ, մահվան դեպքում՝ մահվան փաստը հավաստող փաստաթղթի պատճենը:
- Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելու գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները ստանալուց հետո հարկային մարմինը հնգօրյա ժամկետում հարկ վճարողի մոտ անհրաժեշտության դեպքում սկսում է ստուգում:
- Օրենքով սահմանված կարգով հարկ վճարողների մոտ իրականացված ստուգման արդյունքներով հարկ վճարողներին տրամադրվում է տեղեկանք պետական բյուջեի հանդեպ հարկային (այդ թվում՝ հարկային մարմնի կողմից գանձվող պարտադիր այլ վճարների) պարտավորությունների վերաբերյալ:
- Պետական ռեգիստրի գործակալությունից պետական բյուջեի գծով հարկ վճարողի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ հարցում ստանալու դեպքում հարկային մարմինը հարցումը ստանալու օրվանից հետո` քսանօրյա ժամկետում, տրամադրում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք` հարկային մարմնի կողմից սահմանված ձևով:
- Պետական ռեգիստրի գործակալությունը պետական հաշվառումից հանելու մասին տեղեկությունների գրառում կատարելու օրը հարկային մարմնին տրամադրում է տեղեկություն անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելու պետական գրանցման տարվա, ամսվա, ամսաթվի վերաբերյալ: Նշված տեղեկություններն ինքնաշխատ կերպով արդիականանում են միասնական գրանցամատյանում և այդ պահից անհատ ձեռնարկատերը համարվում է հարկային հաշվառումից հանված:
- Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելուց հետո` անհատ ձեռնարկատեր հանդիսանալու ժամանակաշրջանի համար նրա կողմից ներկայացրած հաշվարկները (հաշվետվությունները), հարկերի և այլ պարտադիր վճարների մասով կատարված վճարումների տվյալները գրառվում են հարկային մարմնի տեղեկատվական համակարգում:
Հոդված 17. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառումից հանելը
- Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին հարկային հաշվառումից հանելու համար հիմք հանդիսանում է նրա մահվան փաստը հավաստող երրորդ անձի ներկայացրած փաստաթուղթը:
- Սույն հոդվածում նշված փաստաթղթի ներկայացումից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, միասնական գրանցամատյանում տվյալ ֆիզիկական անձի վերաբերյալ կատարվում են համապատասխան գրառումներ: Այդ պահից ֆիզիկական անձը համարվում է հանված հարկային հաշվառումից:
Հոդված 18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոuական հիմնարկներին, դրանց հավաuարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպություններին հարկային հաշվառումից հանելը
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոuական հիմնարկների, դրանց հավաuարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների գործունեության դադարեցման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից ստացված տվյալների հիման վրա մեկ աշխատանքային օրում միասնական գրանցամատյանում գրառվում են տեղեկություններ՝ տվյալ կազմակերպության գործունեության դադարեցման վերաբերյալ: Այդ պահից կազմակերպությունը համարվում է հարկային հաշվառումից հանված:
Գ Լ ՈՒ Խ VI
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 19. Հարկ վճարողի հաշվառման կանգնելու կամ հաշվառումից հանելու մասին դիմումի կասեցման բողոքարկումը
- Հարկ վճարողի հաշվառման կանգնելու կամ հաշվառումից հանելու մասին դիմումը անհիմն կասեցնելու դեպքում հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կարգով կամ դատարան:
Հոդված 20. Հարկային մարմնում փաստաթղթերի պահպանումը
- Հարկային մարմնում հաշվառված յուրաքանչյուր հարկ վճարողի համար թղթային և էլեկտրոնային եղանակներով վարվում է հարկային գործ: Թղթային հարկային գործում պահվում են թղթային կրիչի վրա ստացված փաստաթղթերը, իսկ էլեկտրոնային հարկային գործում ժամանակագրական հերթականությամբ պահպանվում են էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերը և հարկային մարմնի տեղեկատվական համակարգում գրառված տեղեկությունները: Հարկային գործում ընդգրկվող փաստաթղթերի ցանկը, հարկային գործերի վարման, օգտագործման և պահպանության կարգը սահմանում է հարկային մարմինը:
- Հարկային գործերը վարող հարկային մարմինն ապահովում է հարկային գործերի պահպանությունը հետագա օգտագործման նպատակով:
- Թղթային հարկային գործերը հարկային մարմնում պահպանվում են հինգ տարի ժամկետով, այնուհետև օրենքով սահմանված կարգով ենթարկվում փորձաքննությամբ արժեքավորման, բացառությամբ հարկ վճարողի հիմնադիր փաստաթղթերի և չկատարված հարկային պարտավորությունը հավաստող փաստաթղթերի, որոնք ենթակա են արժեքավորման հարկ վճարողի լուծարումից (գործունեության դադարեցումից) հինգ տարի հետո:
Հոդված 21. Սույն օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը
- Հարկային մարմին ներկայացված փաստաթղթերի տվյալների իսկության համար պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը ներկայացրած անձինք:
- Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից, իսկ օրենքի 9-րդ հոդվածի` էլեկտրոնային փաստաթղթերին վերաբերող պահանջները և 11-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում էլեկտրոնային եղանակով հարկային հաշվառման կանգնելու համար ծրագրային ապահովման ներդրումից հետո:
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) կազմակերպությունների հարկային հաշվառում ստացած ստորաբաժանումների ՀՎՀՀ-ները հանվում են հաշվառումից: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարկային մարմին դիմած կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառումներն իրականացվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2015թ. մայիսի 15
Ստեփանակերտ
ՀՕ-27-Ն