ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                          Ընդունված է 2015թ. ապրիլի 20-ին

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 384-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «հետևությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները» բառերով:

 

 

Հոդված 2. Օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին մասում 6-րդ կետը «հիմնավորումները» բառից հետո լրացնել «` վկայակոչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի այն որոշումը, որը վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն» բառերով։

 

Հոդված 3. Օրենսգրքի 416-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) մեղադրական դատավճիռը կայացվել է ապացույցների բավարար ամբողջությամբ չհիմնավորված խոստովանական ցուցմունքի հիման վրա.»։

  

Հոդված 4. Օրենսգրքի 425-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասեր՝

«2.1. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 430–րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումը կնպաստի օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ`

1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում  միևնույն նորմը  կիրառվել  է  հակասական մեկնաբանությամբ` կցելով այդ դատական ակտերը և մեջբերելով դրանց հակասող մասերը, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտի միևնույն նորմի` իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ.

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը` կցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի որոշումը և մեջբերելով ստորադաս դատարանի դատական ակտի այն մասը, որը հակասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի որոշման եզրափակիչ մասին, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի որոշման եզրափակիչ մասի միջև առկա հակասության վերաբերյալ.

3) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով այդ դատական ակտերը և մեջբերելով դրանց հակասող մասերը, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ.

4) բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

2.2. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 430–րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոքը բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա։».

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 4-րդ մասերը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 429-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 429. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը կամ առանց քննության թողնելը

 

  1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 425-րդ հոդվածի պահանջներին։
  2. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝

1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է.

2) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.

3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով.

4) վճռաբեկ բողոք ներկայացրած անձը մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին.

5) բողոքում նշված հիմքով նույն գործով Գերագույն դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.

6) բողոքը բերվել է սույն օրենսգրքի 392-րդ հոդվածի պահանջի խախտմամբ։

  1. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին Գերագույն դատարանը կայացնում է որոշում` գործը Գերագույն դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։
  2. Գերագույն դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:»։

 

Հոդված 6. Օրենսգրքի 430-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 430. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը

 

  1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Գերագույն դատարանը հանգում է այն հետևության, որ`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար.

2) առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ

3) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք։

  1. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե`

1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ.

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.

3) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

4) Գերագույն դատարանը համարում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

  1. Սույն հոդվածի իմաստով՝ դատական սխալ են համարվում սույն օրենսգրքի 413-րդ հոդվածով նախատեսված դեպքերը։
  2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին Գերագույն դատարանը կայացնում է որոշում` գործը Գերագույն դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։
  3. Գերագույն դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները՝ դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի):»։

 

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 430.1-ին հոդվածով.

 

«Հոդված 430.1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը

 

  1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են սույն օրենսգրքի 429-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 430-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։
  2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ Գերագույն դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 430-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։
  3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Գերագույն դատարանը կայացնում է որոշում գործը Գերագույն դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։
  4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվում է հանուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:»։

 

Հոդված 8. Օրենսգրքի 431-րդ հոդվածի երկրորդ նախադասության «դատավարությանը մասնակցող անձանց» բառերը փոխարինել «դատավարության մասնակիցներին» բառերով:

 

 Հոդված 9. Օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը.»։

 

Հոդված 10. Օրենսգրքի 439-րդ հոդվածի 7-րդ մասի «ողջամիտ» բառը փոխարինել «երկշաբաթյա» բառով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 440-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 440. Գերագույն դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը

 

  1. Գերագույն դատարանի` գործի քննության արդյունքներով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
  2. Գերագույն դատարանի` սույն օրենսգրքի 429-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 430.1-ին հոդվածով նախատեսված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են և ենթակա չեն բողոքարկման:»։

 

Հոդված 12. Օրենսգրքի 457-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած նորմատիվ ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

2) Արդարադատության խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով:».

2) 2-րդ մասի «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին մասի 1-ին կետով» բառերով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 462-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 462. Դատական ակտերի վերանայումը

 

  1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:
  2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 456-րդ կամ 457-րդ հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:
  3. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել Գերագույն դատարան:»:

 

Հոդված 14. Սույն օրենքի 2-11-րդ հոդվածների գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին ատյանի դատարանի կողմից կայացվող դատական ակտերի, դրանց դեմ բերվող վերաքննիչ բողոքների և այդ բողոքների քննարկման արդյունքներով կայացվող դատական ակտերի, վերաքննիչ դատարանի ակտերի դեմ բերվող վճռաբեկ բողոքների և այդ բողոքների քննարկման արդյունքներով կայացվող դատական ակտերի վրա։

 

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 4-7-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. մայիսի 15

Ստեփանակերտ

ՀՕ-17-Ն